Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս երկիրը դզվելո՞ւ է»

Սեպտեմբեր 14,2018 10:00

Հեղափոխությունից առաջ հիմնական հարցը, որն ինձ տալիս էին փողոցում, հետեւյալն էր՝ «էս ժողովրդի վերջը ի՞նչ է լինելու»։ Հեղափոխությունից հետո այդ հարցը ձեւափոխվել է, հիմա հարցնում են՝ «լա՞վ է լինելու, էս երկիրը դզվելո՞ւ է»։ Ձեւափոխման մեջ, իհարկե, կա որոշակի դրական դինամիկա։ «Ի՞նչ է լինելու վերջը» հարցը թարգմանվում է այսպես՝ «ամեն ինչ օր օրի վատանում է, ո՞ւր ենք հասնելու այսպես»։ Իսկ «լա՞վ է լինելու» հարցի մեջ ես հույս եւ լավատեսություն եմ տեսնում: Ենթատեքստը հետեւյալն է՝ «թալանչիներն ու կաշառակերները հեռացվեցին իշխանությունից, տեսնես նոր մարդիկ, որոնց մենք վստահում ենք, կկարողանա՞ն անել այնպես, որ լավ լինի»:

Մնում է պարզել, թե ինչ են մարդիկ հասկանում «լավ լինելու» տակ: Երբեմն ես այդ հարցը տալիս եմ ինձ հետ նման զրույցներ վարողներին՝ «ի՞նչ պետք է տեղի ունենա, որ ասեք՝ «երկիրը դզվել է»: Պատասխանի տարբերակները հիմնականում երկուսն են՝ 1/ նյութական՝ «երբ էս ժողովրդի վիճակը լավանա» եւ 2/ «հոգեւոր»՝ «որ արդարություն լինի»:

Մանրամասնենք երկու ուղղություններն էլ: Ժողովրդի վիճակը կլավանա, եթե նա սկսի ավելի բարեկեցիկ ապրել: Այսինքն՝ եթե մարդը ստանում է, ասենք, ամիսը 150 հազար դրամ աշխատավարձ կամ եկամուտ, իսկ հաջորդ տարի կստանա 180 հազար, նա կասի՞, որ երկիրը դզվել է: Կամ գուցե՝ եթե ստանա 300 հազա՞ր: Եթե այս պարագայում Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն ասի՝ «այ, հիմա լավ է», ուրեմն կառավարությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի այդ նշաձողերին հասնելու համար:

Հիմա դառնանք արդարությանը: Որոշ իմաստով այն արդեն հաստատվել է՝ նրանք, ովքեր, մեծամասնության կարծիքով, թալանում էին ժողովրդին, այլեւս չեն թալանում, նման հնարավորություն արդեն չունեն: Բայց քանի որ փողոցում շարունակում են հարցնել, թե «ե՞րբ է երկիրը դզվելու», եւ դրա տակ հասկանում են արդարության հաստատում, ուրեմն դա քիչ է: Թալանած փողերը վերադարձնել ժողովրդի՞ն: Իհարկե: Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ժամանակ, ըստ իրավապահների, «կերել են» ավելի քան 40 միլիոն դոլար: Սակայն պարզ չէ, թե ումի՞ց է պետք այդ գումարն ուզել: Լավ, ենթադրենք, բոլոր այդ միլիոնները վերադարձվեցին բյուջե: Մարդիկ այլեւս չե՞ն հարցնելու՝ «լա՞վ է լինելու»: Կամ՝ եթե բոլոր նախկին պաշտոնյաներն իրենց բոլոր բարեկամներով եւ մտերիմներով հայտնվեն բանտում, այդ հարցն այլեւս չի՞ առաջանա:

Ինչպես առաջ, հիմա էլ եմ կարծում, որ մարդն իր «լավ» կամ «վատ» լինելու պատճառները, աղբյուրները եւ գործոնները պետք է փնտրի բացառապես իր մեջ եւ միայն իրեն պատասխանատու զգա իր վիճակի համար: Իմ կարծիքով՝ երկիրը դզվելու է այն ժամանակ, երբ ոչ ոք նման հարցեր չտա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծաղրանկարը՝ «Մեդիալաբի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Անպատասխան հարցեր
    Վերջին քառորդ դարում, երբ մեզ ընտրելու իրավունք տրվեց, մենք ընտրություն կատարում ենք ՛՛վատի և շատ վատի մեջ՛՛: Վերջին անգամ կարծես թե հավաքական բնազդը չխափեց և ընտրությունը տրամաբանական էր: Ավագանու ընտրությունները հետաքրքրական են նրանով, որ այս անգամ խեղճ ու կրակ ընտրողներին պետք է ընտրություն կատարել ՛՛վատի ու վատի մեջ՛՛: Մինչև խորիմաստ մտքեր ասելը նայեք թեկանծուների ցուցակը՝ շատ վատը չկա: Բոլորն էլ վատ են: Պարզ է, որ այս խնդիրը տրամաբանական լուծում չունի: Հիմա ես չեմ հասկանում, երկկողմանի մտավոր հետամնացների (ես սովորաբար մտավոր հաշմանդամ եմ ասում) ողորմելի քննարկումները ընտրակաշառքի մասին ու՞մ են ուղղված: Ընտրակաշառք ո՞վ է բաժանելու՝ էն չաղլիկ մարդը՞, որ 500000 ձայն հավաքելուց հետո մենթ Վովայի հետ անհայտ զինվորի գերեզմանին աղոթում էր: Թե՞ քաղաքապետարանը կոյուղաջրով օծող էն հերոս կնիկը: Մի թիմ է մնացել պոտենցիալ բաժանող, էն էլ դրանց պապան մինչև հիմա էնքան է բաժանել, որ իմաստ էլ չունի՝ գլխանց ձայների թիվը պարզ է:

  2. մարդամեկ says:

    Ես երկիրը լավ ել դզվելու է , կարող եք հանգիստ լինել․Մարդն իրեն լավ է զգում երբ իր արժանապատվությունը հարգվում է իր երկրում եվ նա սկսում է արարել․ Հիմա այդ ժամանակն է․ Իսկ ինչ վերաբերվում է ավագանուն , ընտրությունները լավ կնդանան եվ ես ցանկանում եմ Հայկոն որ կնտրվի որը ինձ համար ամենառեալ թեկնածուն է․

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930