Փաստացի` Նիկոլ Փաշինյանը փոխարինում է պետական կառավարման համակարգին և, բոլորի գործողությունների պատասխանատվությունը ստանձնելով, անձամբ դառնում է ամենամեծ վտանգը ժողովրդավարության համար: Նա չի կարողանում ձերբազատվել ընդդիմադիրի վարքագծից և շարունակում է շանթ ու որոտ արձակել հանրահավաքներում, որ վարչապետի կերպարին անհարիր է:
Հրամաններ է տալիս, որոնց կատարումը փակուղու մեջ է դնում պետական կառավարման մարմիններին: Օրինակ, ի՞նչ տվեց գաղտնալսման ու Յութուբում խոսակցության տեղակայման փաստի բացահայտմանը Սամվել Ալեքսանյանի ու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահների «ասֆալտին պառկացնելը»: Օլիգարխների թիկնազորի ցրման խնդի՞ր կա, օրենքը պետք է փոխվի, ոչ թե ոստիկանապետին հրամայվի` ձերբակալեք: Հետո էլ` բաց թողեք: Որ ի՞նչ:
Ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանը վստահ, որ յութուբյան սկանդալի հեղինակը երկրորդ պետություն չէ: Առավել ևս` մի իրավիճակում, որ այդ երկրորդ պետությանը ձեռնտու է ՀՀ նոր իշխանությունների վարկաբեկումը: Ինչքա՞ն նա պիտի դեռ քաղաքականացնի ամեն ինչ ու ենթարկի իր հախուռն որոշումներին` ժամանակ ու հնարավորություն չտալով մասնագետներին ուսումնասիրելու ու պարզելու կատարվածը:
ՀՀ նախկին վարչապետերը հերթով բողոքում էին, որ կախարդական փայտիկ չունեն: Փաստորեն, կախարդական փայտիկն ընդամենը մտքով անցածն իրական համարելու և ուրիշներին համոզելու կարողությունն է, որ լիուլի ունի Նիկոլ Փաշինյանը: Հարցը արդյունքն է:
Կամ` ինչու՞ են Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական կատաղի պայքարի կարգավիճակ ստացել` չգիտես ում դեմ, ինչու՞ են վերածվել «սպիտակների» ու «սևերի» պայքարի, որտեղ կա միայն մեկ «սպիտակ»` Հայկ Մարությանը, մնացածները «սև» են: Ու դա հայտարարվում է հրապարակավ` ՔՊ-ի թեկնածուի համար 80-90 տոկոս ձայնի ակնկալիքով: Նիկոլ Փաշինյանն անձամբ է վարում ՔՊ-ի ընտրարշավը ու, որպես քաղաքապետի թեկնածու, Հայկ Մարությանին դիմազրկում է, քաղաքապետ ընտրվելու է վարչապե՞տը:
Իրականում կան ավելի բարդ խնդիրներ ու լուրջ վտանգներ, որոնց Նիկոլ Փաշինյանը գերադասում է տալ մեկ ընդհանրական պատասխան` «Իշխանությունը ես չեմ, իշխանությունը դուք եք, ժողովուրդ ջան»: Այս նույնացումն ամենավտանգավորն է: Ժողովրդի աջակցությունը չպիտի դառնա սեփական անսխալականության պատրանք, քաղաքական նարցիսիզմը դառը պտուղներ է տվել միշտ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում