Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեաս Կիֆեր. «Ցավում ենք, բայց չենք կարող ներկա լինել եւ դիտորդական առաքելություն իրականացնել Երեւանի ավագանու ընտրություններին»

Սեպտեմբեր 14,2018 14:00

Արդյոք պատճառն այն էր, որ հրավերը ՀՀ վարչապետի անունի՞ց չէր ուղարկվել

«Մենք չենք կարող միաժամանակ երկու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել: Սա է պատճառը, որ մենք ՀՀ ԿԸՀ նամակին դրական պատասխան չենք տվել: Մենք ցավում ենք, բայց չենք կարող ներկա լինել եւ դիտորդական առաքելություն իրականացնել Երեւանի ավագանու ընտրություններին»,- «Առավոտի» հետ զրույցում ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը պարզաբանեց, թե ինչու ԵԽ-ի կոնգրեսի պատվիրակությունը չի դիտարկի Երեւանի ավագանու ընտրությունները:
Գլխավոր քարտուղարն ասաց, որ հենց նույն շաբաթ-կիրակին, երբ անցկացվելու են Երեւանի ավագանու ընտրությունները, Բոսնիա եւ Հերցեգովինայում եւս անցկացվելու են ընտրություններ:
Նշենք, որ օրեր առաջ «Առավոտը» տեղեկություններ ուներ, որ ԵԽ կոնգրեսը տեխնիկական պատճառաբանություններով մերժել է Երեւանի ավագանու ընտրությունների մոնիտորինգի հրավերը։ Մինչդեռ այդ նույն օրը ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել էր, թե հրավեր ուղարկվել է, բայց որպես այդպիսին՝ պատասխան դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին նշանակված Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԿԸՀ-ին էր դիմել նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընթացքում ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար վերջինս հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է վարչապետին: Ի վերջո, հրավերն ուղարկել է ԵԽ կոնգրեսին ՀՀ ԿԸՀ-ն, մինչդեռ նախկինում նման հրավերները միշտ ուղարկվում էին վարչապետի անունից:

«Առավոտի» հետ զրույցում Անդրեաս Կիֆերը շեշտեց՝ կոնգրեսը բավականին մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի հանդեպ, ու հայտնեց. «Մենք շատ հետաքրքրված ենք հետեւելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Մենք նախկինում դիտորդական առաքելություն իրականացրել եք ՀՀ-ում անցկացվող ընտրությունների ընթացքում, երբ ստացել ենք հրավեր: Այս անգամ հնարավորություն չունեցանք դրական պատասխան տալ, քանի որ այդ նույն ժամանակահատվածում մենք պետք է դիտորդական առաքելություն իրականացնենք Բոսնիա եւ Հերցեգովինայում»:
Մեր հստակեցմանը՝ արդյոք սա միա՞կ խանգարող հանգամանքն է, քանի որ ՀՀ-ում որոշ շրջանակներում կարծիքներ են հնչում, թե ԵԽ-ի նման արձագանքը կապված էր նաեւ նրա հետ, որ հրավերը վարչապետի անունից չի գնացել, ուշացել է, Անդրեաս Կիֆերը պատասխանեց. «Մենք շատ պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում: Մենք չենք ուզում հրավերի նախագահական մակարդակ, մեզ պետք է երաշխիք, որ մեր դիտորդները կունենան մուտք ընտրական կենտրոններ: Իսկ ԿԸՀ-ն լավագույն մարմինն է դրա համար»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

13.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930