Զրպարտության, տեղեկությունները հերքելու գործով
Գառնիկ Իսագուլյանը առարկություններ է բերել
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ կետով սահմանված է. «քրեական գործ հարուցելու առիթներն են լրատվական միջոցների հաղորդումները», իսկ 179 հոդվածի 1-ին կետով էլ՝ «լրատվական միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում»: Իսկ ինչ հետեւեց հայցվոր Ա. Խաչատրյանի հարցազրույցներին հետեւած Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսաղուլյանի ասուլիսից հետո:
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 19-ին կշարունակվի Ասյա Խաչատրյանի՝ ընդդեմ Գառնիկ Իսաղուլյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու, եւ պատվի ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին դատական նիստը: Մի քանի ԶԼՄ-ներ ներգրավված են այս գործով որպես երրորդ անձ: Խոսքը «Առավոտ» օրաթերթի, «Արարատնյուզ.ԷյԷմ», «Օպերատիվ Էյ Էմ», «Հենարան ԷյԷմ» եւ «168 ժամ» թերթի, լրատվական գործակալությունների մասին է:
Դատավոր Ս. Սահակյանին իր առարկություններն է ներկայացրել Գառնիկ Իսաղուլյանը, նրա ներկայացուցիչ-փաստաբանները՝ Գ.Հովհաննիսյանն ու Ա. Ծառուկյանը, եւ այն դատարանի կողմից երեկ ուղարկվել է «Առավոտին»:
Դատական գործն առնչվում է այս տարվա մարտի 26-ին Ասյա Խաչատրյանի հարցազրույցին, որը տպագրվել էր «Express.am»-ում՝ «Ղարաբաղի ոստիկանները ընդդեմ Հայաստանի քաղաքացու» վերնագրով: Այս հարցազրույցում խոսք էր գնացել հայցվորին Արցախում բռնության, ծեծի ենթարկելու մասին:
Հաջորդ օրը հայցվորն այս անգամ մեկ այլ լրատվամիջոցի՝ «Asekose TV» կայքին է տալիս հարցազրույց, եւ լրագրողի հարցին՝ «Ի՞նչ հանրային արձագանք ես ակնկալում», հայցվորը պատասխանում է. «մակսիմալ ադեկվատ: Իմ համար իրականում ոչ ազգություններ, ոչ անձնագրի գույն, ոչ ազգանվան վերջավորություններ կապ չունեն ու ես մի քիչ կարող ա սրա համար էլ քարերի արժանանամ: Իմ համար արցախցին, հայաստանցին, ռուսը, վրաստանցին ու գյումրեցին մի մարդիկ են, այսինքն՝ թուրքը, ադրբեջանցին, հնդիկը, նույն մարդն են իմ համար, ես հաստատ տարբերություն չեմ դնի արցախցու, հայաստանցու մեջ, շատ աբսուռդա»:
Մարտի 28-ին «Հայելի» ակումբում պատասխանող Գառնիկ Իսաղուլյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասում է. «Մենք շատ ուշադիր հետեւում ենք սոցցանցերին, չեմ թաքցնում, Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չի, կոնկրետ ինձ համար եւ ես գտնում եմ, որ ցավոք սրտի, էդ հարցում անձամբ թերացել եմ, որովհետեւ ժամանակին ինձ ասվել է, ցավոք սրտի, մենք չկարողացանք դա ապացուցել, որովհետեւ չճշտված տեղեկություն է, որ հաճախ այցերի ժամանակ Թիֆլիս մեր, այսպես կոչված, հա, ազատատենչ աղջիկը իր ընկերուհու հետ մի քանի անգամ եղել է Բաքվում, ինչ նպատակով»: Եվ նաեւ Գ. Իսաղուլյանն ասել էր. «…նայեք իրա ֆեյսբուքյան էջը, ես կարծում եմ, եթե դուք՝ լրագրողներդ, մտահոգ եք, Հայաստանի քաղաքացիները մտածում են, թե Արցախում ազատության դեմ են, մի հատ ուշադիր հետեւեք էդ պերսոնաների անձնական կյանքին ու այո, Արցախը գտնվում է պատերազմի մեջ: Արցախում ցանկացած մեկի հայտնվելը, էն էլ երբ որ ինքը իրան շատ վուլգար է պահում, շատ վուլգար, ուրեմն պետք է արժանանա անպայման ուշադրության եւ հանկարծ էդ մարդիկ երկու ամիս լրանում է, չգիտենք ինչու հաղորդագրություն չեն տալիս, երկու ամիս հետո հանկարծ որոշում են հայտարարությամբ հանդես գալ»:
Առարկություններում հղում է կատարվել հայցվորի օտարերկրացի մտերիմներից մեկի ՖԲ էջին, որտեղ առկա է անձնական նամակ, թե ինչպես են հայցվորի հետ ծանոթացել, միասին եղել Բաքվում:
Պատասխանող կողմը հղում է կատարում ապրիլին «Day.az»-ի յութուբյան էջին, ուր հրապարակվել է «Իսկ հիշում ես համատեղ Բաքուն», դարձյալ, ըստ պատասխանողի, Ա. Խաչատրյանի մասին է:
Պատասխանող կողմի գնահատմամբ. «Հայելու» ասուլիսը «վիրավորանք կամ զրպարտություն» չի ներառում իր մեջ, այլ՝ «Ընդամենը պատասխանողը տեղեկատվություն է տարածում՝ անելով նաեւ գնահատողական դատողություններ, ինչպես նաեւ իր կասկածների հիմքում տալիս է հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին, որը համապատասխան իրավապահ մարմինների կողմից պետք է ճշտվեն՝ ելնելով ազգային անվտանգությունից, ոչ ավելին»:
Հակափաստարկներից մեկն էլ հետեւյալն է. «Առաջնային պարզ չէ, թե Բաքվում լինելը ինչպես է վիրավորում սուբյեկտին, տվյալ արտահայտությունը իր մեջ որեւէ հերյուրանք կամ անձը նսեմացնող տարրեր չի պարունակում, եւ Հայաստանի Հանրապետությունում առկա են քաղաքացիներ, ովքեր եղել են եւ ծնվել են Բաքվում, ուստի անհասկանալի է այս դիրքորոշումը, որը տեղ է գտել հայցադիմումում»:
Պատասխանող կողմը հղում է կատարում վերստին Ա. Խաչատրյանի մինչ այդ տրված հարցազրույցին, ուր նա ասել էր, թե «…հայաստանցին, ռուսը, վրաստանցին ու գյումրեցին մի մարդիկ են, այսինքն՝ թուրքը, ադրբեջանցին, հնդիկը նույն մարդն են…ես հաստատ տարբերություն չեմ դնի արցախցու, հայաստանցու մեջ, շատ աբսուրդա», ըստ այդմ, արտահայտելով հետեւյալ իրավական դիրքորոշումը. «Այսինքն, հստակ է, որ հայցվորի համար անձնագրի գույն կամ ազգություն գոյություն չունի, ապա պարզ չէ, թե ո՞րն է վիրավորվելու հիմքը»:
Անդրադառնալով զրպարտությանը, պատասխանողը մեջբերում է ՄԻԵԴ -ի որոշումներից մեկը՝ արտահայտվելու արտահայտության ու քաղաքական բանավեճի ազատության խնդրին, որը տեղ է գտել «Lingens-ն ընդդեմ Ավստրիայի» որոշման մեջ:
«Ստացվում է, որ պատասխանողի ասուլիսը բաժանվում է երկու հիմնական փուլերի, երկուսն էլ քաղաքական տարրեր են պարունակում իրենց մեջ, քանի որ վերաբերում են Արցախի Հանրապետությանը: Ասուլիսին պատասխանողը երեք անգամ խնդրում է մեր հատուկ ծառայություններին, որպեսզի իր կողմից չճշտված, սակայն առկա տեղեկատվությունը ստուգեն եւ երկու անգամ լրագրողներին կոչ է անում, որպեսզի նրանք կատարեն լրագրողական քննություն»,-առարկում է պատասխանող կողմը:
Ըստ այդմ, պատասխանողի առարկությունների համաձայն, Գ. Իսաղուլյանը տվել է գնահատողական դատողություններ, տեղեկատվություն հայցվոր Ա. Խաչատրյանի կողմից ենթադրյալ հանցագործության մասին:
Պատասխանող կողմը գտնում է, որ Ա. Խաչատրյանի հայցապահանջը «Միջամտություն է պատասխանողի հաղորդում տալու իրավունքին եւ նրա ազատ արտահայտվելու, հանրային շահով պայմանավորված տեղեկատվություն տարածելու իրավունքին, քանի որ շեշտադրվում է, որ ասուլիսը զրպարտություն կամ վիրավորանքի նպատակներ իր մեջ չի ներառում»:
Ըստ այդմ, դատարանի նպատակն է պարզել, թե Գ. Իսաղուլյանը ունեցե՞լ է նպատակ, զրպարտելու չարամիտ մտադրություն, թե՞ ոչ, արդյոք, վերջինս ձեռնարկե՞լ է ողջամիտ միջոցներ, որպեսզի զրպարտություն չդիտվի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Առարկություններում պատասխանողը Իսաղուլյանն է, ըստ դատական ծանուցագրի՝ պատասխանողը Իսագուլյանն է:
«Առավոտ»
13.09.2018