Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»

Սեպտեմբեր 14,2018 12:30

Հարցազրույց ճանաչված մնջախաղաց Համլետ Չոբանյանի հետ

– Շուրջ 30 տարի պրոֆեսիոնալ բեմում եք՝ 1990թ.-ից «Եռանկյունի» թատրոն-ստուդիայում, հետո Մալյանի անվան թատրոնում, այնուհետեւ «Աստիճան» միմոդրամայի թատրոնում, հանդիսացել եք նաեւ Փոսի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի դերասան: Վերջապես, շուրջ 20 տարի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար արտիստներից էիք մինչ 2014թ., որից հետո ստեղծագործում եք ազատ արվեստագետի կարգավիճակով: Մեր դիտարկմամբ՝ վերջին շրջանում հյուրախաղերի պակաս չեք զգում, նոր եք վերադարձել Նորվեգիայից եւ Շվեդիայից…

– Իսկապես, 2014-ից հետո ապրում եմ հյուրախաղային բուռն ստեղծագործական կյանքով: Մասնակցել եմ Բելգիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Լիբանանի, Իսրայելի հեղինակավոր փառատոներին, ունեցել եմ նաեւ հրավերներ մոնոներկայացումների ձեւաչափով: Ինչպես ընդունված է արվեստագետներից շատերի մոտ, հյուրախաղերը իրականացվել են հիմնականում իմ անձնական կապերի շնորհիվ: Ի դեպ, երբ դեռ Մնջախաղի թատրոնում էի, նույնպես եղել են հրավերներ անհատների կողմից, օրինակ՝ Սայիդ Սալամայի, որը Իսրայելի «Shfaram»-ում անցկացվող փառատոնի գեղարվեստական ղեկավարն է կամ Կոնստանտին Կիրիակի, ով Ռումինիայում անցկացվող Sibiu փառատոնի ղեկավարն է եւ այլն:

– Ստեղծագործական եւ ֆինանսական տեսակետներից ո՞րն է արդյունավետ՝ աշխատանքը թատրոնո՞ւմ, թե՞ գործունեություն ծավալել այսօրվա ձեր կարգավիճակով, թեպետ հասկանալի է, որ երկուսն էլ ունեն իրենց թերություններն ու առավելությունները:

– Թատրոնում ունես կայուն աշխատանք, աշխատավարձ, շատ կարեւոր է՝ աշխատատեղ, իմ դեպքում՝ բեմ, տարածք, փորձասենյակ, բայց թատրոնի ղեկավարությունից է կախված քո ազատ տեղաշարժը: Իսկ ֆինանսի գծով՝ թատրոններում աշխատավարձը սիմվոլիկ է: Այլ է ազատ արվեստագետի ստեղծագործական կյանքը, ինչպես ասում են՝ դու ես քո գլխի տերը: Բայց այստեղ էլ հնարավոր է մեկ-երկու ամիս օրուգիշեր աշխատես, բնականաբար, լավ վաստակես, բայց լինում են դեպքեր, երբ օդանավակայանից կամ քաղաքից քաղաք ավտոբուսում տանջվելուց հետո միանգամից բեմ բարձրանաս: Ճիշտ նկատեցիք՝ երկուսն էլ ունեն դրական եւ բացասական կողմեր:

– Բազմաթիվ փառատոներին մասնակցելու արդյունքում որեւէ մենեջերի կողմից համագործակցության առաջարկ եղե՞լ է, ինչը կհեշտացներ ձեր՝ նաեւ ադմինիստրատոր լինելու բեռը:

– Ունեցել եմ մենեջերներ Լիբանանում, Նորվեգիայում, օրինակ՝ վերջերս Նորվեգիա հրավերը ստացել եմ, ի դեպ՝ երկրորդ անգամ, Ուլե Վեստերգարդից:
Հիանալի կլիներ, եթե ունենայինք մենեջերի ինստիտուտ, այդ դեպքում արդեն անհատականությունները չէին կառչի իրենց աշխատատեղից՝ թատրոնից կամ տրվեին սերիալներին…

– Այդ դեպքում էլ հնարավոր է, որ, ձեր խոսքերով՝ անհատականությունները, մենեջերի միջնորդությամբ գնային-կնքեին պայմանագիր, կարճ ասած՝ արտագաղթեին:

– Իսկ ո՞վ կհրաժարվի լավ պայմաններից… Հենց մեր օպերային թատրոնում ստեղծագործում են հիանալի մեներգիչներ եւ ունենալով մենեջեր, շատ լավ էլ համատեղում են իրենց աշխատանքը դրսում եւ ներսում:

– Հետաքրքիր է՝ երբեւէ չե՞ք գայթակղվել դրսի, ձեր խոսքերով՝ լավ պայմաններից:

– Ի դեպ, թատրոնում աշխատածս տարիներին նույնպես ստացել եմ առաջարկներ, բայց գիտակցել եմ, որ իմ գնալով կփլուզվի թատրոնը պարզ պատճառով՝ այն տարիներին զբաղված էի խաղացանկային բոլոր ներկայացումներում: Իսկ հիմա հույսս չեմ կորցրել, որ ի վերջո դաշտը կմաքրվի, ես էլ կսկսեմ ինտենսիվ ստեղծագործել:

– Մինչեւ «դաշտի մաքրվելը», ախր, մնջախաղացի բեմական կյանքը, բալետի արտիստի նման, կարճատեւ է:

– Մարսել Մարսոն մինչեւ խոր ծերություն բեմում էր, դասավանդում էր՝ փորձը փոխանցելով երիտասարդներին: Երկարատեւ բեմական կյանքը կախված է ստեղծագործողի պոտենցիալից, տեսակից: Ես նաեւ վարպետության դասեր եմ անցկացնում Լիբանանում, Իրանում, Նորվեգիայում… Գուցե հարցնեք՝ ինչո՞ւ ոչ Հայաստանում… Որովհետեւ դրա համար նախեւառաջ առաջարկ է պետք ստանալ նախարարությունից կամ ինստիտուտից…

– Չե՞ք մտահոգվում, որ Երեւանում հաճախ բեմ չբարձրանալով հնարավոր է հանդիսատեսը մոռանա ձեզ:

– Մտահոգություն չէի ասի, բայց նման բան կա: Պետք է նշեմ, որ դրսում ինձ ավելի շատ են ճանաչում, գնահատում, քան իմ երկրում… Չէ, չեմ մտածում, որ ինձ ընդհանրապես մոռացել են, օրինակ՝ մի քանի օրից՝ սեպտեմբերի 15-ին համեցեք ՆՓԱԿ-ում կայանալիք «Վարպետաց ոգին» մոնոներկայացմանս՝ նվիրված մնջախաղի բոլոր ժամանակների վարպետներին, որի առաջնախաղը կայացել է Նորվեգիայում: Մի բան էլ նշեմ. արտասահմանում հաճախ եմ հանդես գալիս բարեգործական համերգներով՝ ծերանոցներում, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

– Ասում են՝ արտասահմանում, բացի ներկայացումներից, մասնակցել եք նաեւ տարբեր ձեւաչափերով միջոցառումների:

– Ճիշտ են ասում: Հոկտեմբերին մեկնում եմ Բելգիա՝ մասնակցելու Բրյուսելի «Հայ տանը» կայանալիք ցուցահանդես-համերգ -ներկայացմանը, որտեղ հրավիրված են մեր հայրենակիցները՝ Ֆրանսիայից նկարչուհի Ամալի Գալստյանը, բելգիաբնակ ջութակահար Անուշ Տերտերյանը, Հայաստանից հեղինակ կատարող Արեգ Նազարյանը:

– Կուզեինք լսել ձեր խոսքը կամ կարծիքը այսօրվա հայաստանյան մնջախաղի արվեստի մասին:

– Առանց մեկնաբանության:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

13.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930