Այսօր «Իմ քայլը» դաշինքով առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Նորք Մարաշ համայնքում կազմակերպված հանրահավաքում անդրադառնալով տրանսպորտի խնդիրներին, ասաց, որ իր համար պատվի հարց է, երբ «Գազելով» կռացած երթեւեկում է տարեց մարդը: Նրա խոսքով, գիտի, որ տրանսպորտի հարցը լուրջ է նաեւ այս համայնքում՝ ներկայացնելով բարեփոխումների ծրագիրը:
Տրանսպորտը կունենա միասնական տոմսային համակարգ, ցանցը կհամալրվի նոր ավտոբուսներով, հարմարեցված կլինի սոցիալական բոլոր խմբերի համար, ասաց Հայկ Մարությանը: Նաեւ ասաց, որ իրենց նախընտրական ծրագրում 50 կետ կա, բայց ինքը կթվարկի 9 կետը, որոնք առավել առնչվում են քաղաքացիների հարմարավետությանը: Հայկ Մարությանն անդրադարձավ աղբահանության խնդրին, ֆոտոռեպորտաժ ցուցադրեց քաղաքով մեկ տիրող աղբի վիճակի մասին՝ ասելով, որ աղբահավաք ընկերության վատ աշխատելու պատճառներից մեկնը մենաշնորհն է, ոլորտում մրցակից չունենալը: Ընդհանրապես՝ Հայկ Մարությանը մեծ էկրանին ցուցադրում էր, թե ներկայումս ինչպես է այս կամ այն խնդիրը, իրենց թիմի պաշտոնավարումից հետո ինչպես է լինելու:
Տուրիզմի ոլորտում փոփոխությունները տեղի կունենան՝ բարեկարգելով Կարմիր Բլուրի, Էրեբունիի եւ այլ հնավայրերը, որոնք, ըստ նրա, այլ երկրներ կերազեին ունենալ:
Հայկ Մարությանը նաեւ ասաց, որ առաջին անգամ այսքան տարիների ընթացքում ականատես ենք լինելու պատմական իրադարձության, ազատ անկախ ընտրությունների, որը տեղի է ունեցել ժողովրդի շնորհիվ:
«Կան մարդիկ, որոնք մտածում են իրենց մտքի ծայրով անցկացնում են խլել այդ հաղթանակը, մեր թիմի եւ ամբողջ ժողովրդի կողմից մենք ասում ենք թույլ չենք տալու, այս հաղթանակը մերն է, ամբողջ հայությանն է,մեր երեխաններին է»:
Հայկ Մարությանի խոսքով, իրենց ընտրելու դեպքում, բոլոր հանրային հնչեղություն ստացած կարեւոր հարցերի շուրջ միանձնյա որոշում չեն կայացնելու. «Այդ հարցերը լուծվելու են հանրաքվեների միջոցով: Միայն Երեւանի բնակիչներն են որոշելու ինչպես են լուծվելու այդ հարցերը»:
Հանրահավաքը տեղի ունեցավ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում եւ Հայկ Մարությանը պատահական չհամարեց, որ մարաշցիների հետ հանդիպումը եկեղեցու բակում է եւ Աստծուն խնդրեց պահապան լինել հայ ժողովրդին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը Նորք Մարաշի բնակիչ է, նույնպես ելույթ ունեցավ՝ ասելով, որ Հայկ Մարությանը ավելի լավ է պատկերացնում առողջապահական խնդիրները, քան շատ պոլիկլինիկաների տնօրեններ:
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ավագանին շատ կարեւոր կառույց է. «Նրանց շահերը պաշտպանելու դեպքում դուք հնարավորություն եք ստանում շատ լուրջ խնդիրներ լուծելու: Եթե այդ մարդիկ մեծամասնություն կազմեն Երեւանի ավագանիում հսկայական փոփոխություններ են բերելու Երեւան քաղաքային»:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ վարչական շրջաններում մարդկանց չեն ազատելու աշխատանքից՝ ինչպես որ ներկայացնում են այլ ուժեր: Ընդհակառակը լավ մասնագետները առաջ են գնալու:
Հայկ Մարությանը նշեց, որ առնվազն մետրոյի մեկ կայարան կկառուցվի Թումոյի մոտ՝ երեխաների, ուսանողների համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ