Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել օրենքով գող Արտյոմ Ղազարյանը։ Վերջինս օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի քրոջ որդին է, որը մեկ տարի է՝ կալանավորված է։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235 հոդված 1-ին մասով՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։
2017 թվականի հունիսի 25-ին Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Պոնչիկ Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչել էին կրակոցներ, որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը։ Քրեական հետախույզները պարզել էին, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել էին Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը եւ տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը: Արտյոմ Ղազարյանն ավելի ուշ հայտնաբերվել ու կալանավորվել էր։
Մեր տեղեկություններով, դատավոր Վարդան Գրիգորյանի այս որոշումը վրդովեցրել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Բանն այն է, որ մոտ մեկ ամիս առաջ նույն դատավորը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել հասարակական հնչեղություն ունեցող մեկ այլ քրգործի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձի՝ 29-ամյա Պ․Ն-ին՝ Պետուլին ։
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 1-ին մասով։ Վերջինս անցած տարվա հունիսի 20-ին «Ռելաքս» ակումբի դիմաց գտնվող գազալցակայանում ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 34-ամյա Ա․ Դ-ին, որի կյանքը մի կերպ փրկեցին բժիշկները։
Իրավապահ համակարգում վրոդվվել են, որ ոստիկանությունը, քննչական մարմիններն ու դատախազությունը օր ու գիշեր պայքարում են ծանր հանցագործությունների, նման վարքագիծ դրսևորած անձանց, գողական աշխարհի վարք ու բարքի դեմ, սակայն դատարանը փոխում է սպանության փորձի մեջ մեղադրվող անձանց խափանման միջոցը․ նրանց ազատ արձակելով՝ անվստահության մթնոլորտ է ստեղծում իրավապահ համակարգի նկատմամբ։