Քիմիկոս, էկոլոգ, փորձագետ Հրաչիկ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ Ամուլսարում ուսումնասիրություններ կատարելու համար ժամանակը բավարար չէ, քանի որ կան Կարմիր գրքում գրանցված բույսեր, որոնք մի քանի օրվա կյանք են ունենում եւ պետք է տվյալ օրերին այցելել, որպեսզի տեսնել՝ այդ բույսը կա՞ թե՝ ոչ կամ առնվազն մեկ վեգետացիոն շրջան է հարկավոր այլ արժեքավոր բույսերի մասին տեղեկություններ հավաքելու համար:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե փաստորեն՝ կառավարության ստեղծած փորձագիտական խումբն էլ չի տա լիարժեք պատկեր՝ ով է ճիշտ Լիդիանը, թե բնապահպանները, պարոն Միրզոյանն ի պատասխան ասաց, որ ուսումնասիրությունների ժամանակը բավարար չի եղել համոզիչ եզրակացություն անելու համար. «Փորձագիտական խմբում պետք է լինեն լրագրողներ, հասարակական գործիչներ, այն մարդիկ, որոնք որ կասկածանքներ ունեն»: Մեր ճշտող հարցին, այդպես էլ լիարժեք տեղեկատվություն չե՞նք ստանալու, որ այս բույսն Ամուլսարում կա կամ չկա, քանի որ ժամանակի առումով շտապում ենք, պարոն Միրզոյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ստանալու ենք, հասարակությունը կանգնել է այս խնդրի համար եւ հեղափոխության համար այս խնդիրը փորձաքարի պես մի բան է: Այնքան պետք է ձգվի այս շրջանը մինչեւ որ Լիդիանը եւ բնապահպանության նախարարությունը կկարողանան համոզել հասարակությանը, որ, իրոք, տարածաշրջանը լիարժեք ուսումնասիրված է եւ այդ հանքի շահագործումը չի առաջացնելու ազդեցություն մակերեւութային ջրերի վրա, թթվային դրենաժ չի լինելու, կենսաբազմազանությունը չի տուժելու, Ջերմուկ քաղաքի սոցիալական պատկերը չի փոխվելու, վնասներ չեն լինելու»:
Այսօր «Տեսակետ» ակումբում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վարչապետի հորդորից հետո դադարեցրած պայքարը ակտիվ վերսկսում են, որի համար բարեգործական համերգ է տեղի ունենալու եւ հասույթն ուղղվելու է հանքում հերթապահող բնապահպաններին, քաղաքացիների՝ Ամուլսարի տարածք տեղափոխվելուն, փորձագիտական ուսումնասիրություններ պատվիրելուն:
Պարոն Միրզոյանը նաեւ ասաց, որ լիարժեք ուսումնասիրված չէ տարածաշրջանի կենսաբազմազանությունը. «Խոսքը չի գնում քանդված խոռոչ կամ այն տարածքի, որը քանդում են: Կարմիր Գրքի հետազոտությունը ցույց է տալիս, որ այնտեղ կան առնվազն երկու ողնաշարավոր կենդանի եւ Կարմիր գրքի 13 բույս»:
Ըստ պարոն Միրզոյանի Լիդիանի պատասխանատուները մանիպուլիացիա են անում բնադրավայր եւ կենսամիջավայր հասկացողությունների շուրջը եւ, ասում են, հատկացված տարածքում բնադրավայր չկա:
Մանրամասները՝ տեսանյութում
Ինչ վերաբերում է Լիդիանի՝ որպես ներդրող լինելուն եւ կառավարության այն հայտարարություններին, թե պետք է հաշվի առնել նաեւ ընկերության՝ ներդրող լինելը, պարոն Միրզոյանն ասաց, որ ընկերությունը տեխնիկայի մեջ է ներդրումներ արել, որպեսզի շահույթ ստանա եւ 700 աշխատատեղ ստեղծելով չի կարող փոխհատուցել այն վնասը, որը հասցվելու է բնությանը, Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք լինելուն եւ զբոսաշրջիկների հոսքի նվազմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ