Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարաշցիներն էլ բուկլետները գրկած «սելֆի» արեցին Հայկ Մարությանի հետ

Սեպտեմբեր 13,2018 17:36

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Հայկ Մարությանն այս պահին նախընտրական քարոզարշավ է անցկացնում Նորք Մարաշ համայնքում: Հայկ Մարությանն ու նրա համակիրները անցնում են վարչական շրջանի փողոցներով, բուկլետներ բաժանում ու զրուցում մարաշցիների հետ` հրավիրելով հանրահավաքի: Այսօր Հայկ Մարությանը ժամը 19:00-ին Նորք Մարաշ համայնքում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում կանցկացնի հանրահավաք, որտեղ քաղաքապետի թեկնածուն եւ ավագանու թեկնածուները կներկայացնեն դաշինքի նախընտրական ծրագիրը: Այս հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի՝ Փարիզ մեկնելու պատճառով:

Քայլերթի ժամանակ այս համայնքում էլ, բնակիչներին անհանգստացնող հարցերից մեկը աղբահանության խնդիրն էր, ինչի ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ այն լուծելու կարգավորելու համար պատրաստվում են կառուցել աղբավերամշակման գործարան: Լուծելու են նաեւ տրանսպորտի խնդիրը եւ ներդրումների միջոցով վերացնելու են «գազելները»:
Հայկ Մարությանի քայլարշավը բազմամարդ չէ: Նրան ուղեկցում են դաշինքով առաջադրված ավագանու թեկնածու Իզաբելլա Աբգարյանը, ավագանու թեկնածու հաղորդավար Լուսինե Բադալյանը, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Հարցին, թե 4 օր է քայլում է Երեւանի փողոցներով, ծանոթանում խնդիրներին, արդյոք ծրագրում ամրագրված կետերը համապատասխանում են այդ խնդիրներին, պարոն Մարությանն ասաց, որ մինչ այդ էլ ուսումնասիրել էին, սակայն այս քայլարշավը մայրաքաղաքի փողոցներով մեծ մասշտաբներով սոցհարցում է. «Այո, այն կետերը, որոնք մենք նշել ենք մեր ծրագրում, հենց այդ կետերն են ամենաշատը հետաքրքրում մարդկանց: Եվ քանի որ, մենք էլ այս քաղաքի բնակիչներ ենք, մենք էլ լավ գիտենք խնդիրները: Հիմնական խնդիրները՝ տրանսպորտ, աղբահանություն, բնապահպանական, դրանք ամեն բակում, թաղամասում կրկնվում են: Աշխատանքների վեկտորն արդեն գիտենք, եթե, իհարկե, ժողովուրդն իր քվեն տա մեզ, պատկերացնում ենք, որտեղից սկսենք, ուր գնանք»:

Հարցին, թե ինչու պետք է վստահեն հենց այս դաշինքի ծրագրերին, քանի որ մնացած թեկնածուների ծրագրերում էլ նույն խնդիրների լուծումներն արտացոլվում են, Հայկ Մարությանն ասաց, որ այո նրանց ծրագրերում էլ լավ լուծումներ են առաջարկվում, ինչպես որ նախորդ իշխանություններն էլ ունեցել են փայլուն ծրագրեր. «Հենց բանալին էլ այն է, որ մեր թիմն ունի այն քաղաքական կամքը, որ կիրականացնի բոլոր այդ ծրագրերը: Մենք դա վստահաբար անելու ենք»:
Հարցին, ունե՞ք առաջարկություններ, հավաստումներ, որ ներդրումներ կանեն, խոսքը մասնավորապես տրանսպորտը բարեփոխելուն է վերաբերում, Հայկ Մարությանն ասաց, որ կան բանակցություններ, սակայն դա չեն խորացնում, մինչեւ ընտրությունների արդյունքները պարզ լինի: Ըստ նրա, հետաքրքրվածություն էլ կա եւ այդ հարցում երկու մոդել կա՝ մեկը, որ օպերատորը շարժական գույքն ինքն է գնում եւ քաղաքապետարանի հետ միասին սկսում են շահագործել, եւ երկրորդ տարբերակը, որ շարժական գույքը պատկանում է քաղաքապետարանին եւ օպերատորը սկսում է շահագործել:

Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ կա նաեւ երրորդ տարբերակ՝ հիսուն-հիսուն:

Ասաց նաեւ, որ պատրաստ է բանավեճի մյուս թեկնածուների հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930