Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում «Միասին հանուն Երեւանի» կարգախոսով հանդես եկող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու երիտասարդ թեկնածուներն այսօր քարոզարշավը շարունակեցին «Փեթակ» առեւտրի կենտրոնում՝ նախընտրական թերթոններ բաժանելով գնորդներին եւ վաճառականներին: «Թիրախավորեցինք այս առեւտրի կենտրոնը, որովհետեւ այն հայտնի է հանրության շրջանում, իսկ ապրանքատեսականին՝ պահանջված: Կարծում ենք, որ «Փեթակ»-ը եւս պետք է համապատասխանեցվի քաղաքակիրթ առեւտրի կենտրոնների չափանիշներին»,-լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՅԴ ավագանու թեկնածու Ազատուհի Սիմոնյանը:
Նրա բնորոշմամբ՝ խոսքը ոչ թե «խիստ էլիտար», այլ միջին պայմաններով առեւտրի կենտրոնի մասին է. «Այն առնվազն պետք է լինի մաքուր ու բարեկարգ՝ թե վաճառողների, եւ թե գնորդների համար: Բարեկարգ զուգարան պետք է լինի, օդափոխման համակարգ, եւ այլն»: Ազատուհի Սիմոնյանը կարծում է, որ «Փեթակի» պես առեւտրային կենտրոնները բարեկարգելու համար անհրաժեշտ է սեփականատեր-քաղաքային իշխանություն արդյունավետ գործակցություն. «Մեր գնահատմամբ՝ այս առեւտրի կենտրոնում պայմանները միջինից ցածր են»:
Ավագանու թեկնածուների հետ զրույցում վաճառականները մեծամասամբ չէին դժգոհում. ասում էին, որ գոհ են առեւտրի կենտրոնի ղեկավարությունից: Հիշեցնենք, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն է Միքայել Մանուկյանը:
https://www.youtube.com/watch?v=KdwIrGWRcwc
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ