Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության՝ Երեւանի ավագանու թեկնածու Արթուր Եղիազարյանն այսօր «Հոդված 3» ակումբում ներկայացրեց նախընտրական իրենց ծրագրից որոշ դրույթներ՝ տրանսպորտի եւ երթեւեկության խնդիրների առնչությամբ: Նա ասաց՝ քանի որ կենտրոնը գերծանրաբեռնված է, եւ բոլոր ճանապարհները դեպի կենտրոն են գալիս, եւ խցանում է առաջանում, մեքենաները կենտրոնացած են կենտրոնում, անհրաժեշտ է Երեւանը շրջանցող ճանապարհ: Ըստ Եղիազարյանի, մայրաքաղաքը շրջանցող ճանապարհ մի հատվածում կա, բայց պետք է մյուս հատվածներում էլ լինեն:
Ավագանու՝ ՀՅԴ-ի թեկնածուի ներկայացմամբ՝ մյուս կարեւոր խնդիրը միասնական տրանսպորտային համակարգի ձեւավորումն է: Բացի այս, Եղիազարյանը նաեւ նշեց, թեեւ մետրոպոլիտենը ամենալավ տրանսպորտային միջոցն է, սակայն պետք է հաշվի առնել, որ նաեւ ամենաթանկն է. «Եվ խոստումներ տալ, թե 5 տարվա ընթացքում բազմաթիվ կայաններ կստեղծվեն, սուտ կլինի: Մենք մեր ծրագրում հաշվարկել ենք, որ կարող ենք Աջափնյակի կիսատ կայանը կառուցել, գործարկել: Մենք նաեւ 2-րդ կայանն էլ ենք նախատեսում, բայց ծրագրում չենք ներառել: Ինչպես ասում են՝ քիչ խոստանանք, շատ անենք: 2-րդ կայանը հաշվարկված է, որ վերգետնյա ճանապարհով անցնի, հնարավոր է Չարբախից մինչեւ Հարավ-Արեւմտյան թաղամաս հասցնել»:
Եղիազարյանի խոսքերով՝ ամենակարեւոր խնդիրը՝ տրանսպորտը պետք է հարմար լինի, բայց երբ խոսում ենք հարմարավետությունից, հարց է առաջանում, թե ինչ միջոցներով, եթե լուծումները տանք, ուրեմն պետք է սակագինը բարձրացնել. «Արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր է սակագինը չբարձրացնել եւ միեւնույն ժամանակ տրանսպորտային նոր միջոցներ գտնել՝ լրացուցիչ ծառայություններ մատուցող: Օրինակ՝ կարող է լինի սովորական տրանսպորտ, եւ հետը զուգահեռ գործի մեկ այլը, Երեւանը բնակլիմայական պայմաններով շոգ տեղ է, կոնդիցիոներներով տրանսպորտ լինի, որն, ասենք կարող է 150 դրամ լինի: Տարբեր առաջարկներ լինեն, մարդը ընտրության հնարավորություն ունենա: Շատ դեպքերում մարդը չի կարողանում օգտվել տրանսպորտից, տաքսի է վերցնում, ավելի լավ է ալտերնատիվ հնարավորություն տրվի, ասենք 200 դրամով տրանսպորտ լինի եւ սա արդեն գրաֆիկով: Սրանք լուծելի խնդիրներ են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ