Վանաձորում՝ հանրային վայրերում տեղադրված նստարանները վերջին շրջանում կարծես թե որոշ մարդկանց անհարմարություն են պատճառում: Բանն այն է, որ անհայտ քաղաքացիներ որոշակի ժամանակ է՝ սկսել են վնասել քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված նստարանները:
-Ես չեմ ուզում որեւէ միտում տեսնել: Երեւի չարագործ երիտասարդներ են արել, ում համար ըստ էության նույնն է՝ այդ գույքն այդտեղ տեղադրված է, թե ոչ,- ասում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ժամանակի ընթացքում վնասվել են 45 նստարաններ: Դրանցից մի մասն ունի մասնակի, մյուս մասն էլ հիմնանորոգման կարիք: Շատ դեպքերում էլ նստարանները փչացնելուց հետո, տվյալ անձինք իրենց հետ տարել են նստարանի վրա փակցված «Վանաձոր» գրությունը:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ նստարանները վերականգնելու համար բյուջեից միջոցներ են հատկացրել. «Բացի այդ, առաջիկայում նաեւ նոր նստարաններ ձեռք բերելու ծրագրեր ունենք: Մարդկանց մեջ պետք է այդ մշակույթը ձեւավորվի, որ համայնքային գույքին վերաբերվեն սեփական գույքի նման, այլապես որեւէ մեկս չենք կարողանա հաջողության հասել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ