Այսօր ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը, լրագրողների հարցին՝ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հետ, որ ՀՀ-ում նոր բռնապետ է եկել՝ պատասխանեց, որ չի կարդացել տեքստը, երբ կարդա, կմեկնաբանի: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին բռնապետ համարո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չեմ կողմնորոշվում, որովհետեւ ըստ էության ամբողջ դաշտում իբրեւ թե կառավարություն ունենք, բայց մենակ Նիկոլ Փաշինյանն է, համ խոսում է, համ կատարում է, համ ոչնչացնում է»:
Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀԿ-ի ժամանակ հրահանգները միայն Սերժ Սարգսյա՞նը չէր տալիս՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը, իհարկե, տալիս էր հրահանգներ, ըստ իր քաղաքական կարողության եւ ըստ իր պաշտոնի: Այսինքն, յուրաքանչյուր անձնավորություն, ըստ Սահմանադրության, իրավունք ունի միջամտի ընդհանուր գործերին»: Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը որոշումները միանձնյա չէ՞ր ընդունում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը երկրի նախագահն էր եւ նա իրավունք ուներ իր կարծիքը ասել, հայտնել, քննարկել, մինչդեռ Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումը որեւէ հարց լուծելու, բավականին մեծ քննարկումներ էր տեղի ունենում»:
Հարցին՝ ԵԽԽՎ-ն պետք է մոնիտորինգ անի, թե ՀՀ-ում բռնաճնշումներ կա՞ն, թե՞ ոչ, ըստ ձեզ կա՞ն՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան…Այսօր որեւէ գործողություն կատարվում է, անպայման նշվում է Հանրապետական կուսակցություն: Ես չեմ հասկանում՝ Հայաստանը հիմա որ ուղով է ընթանում, գնո՞ւմ ենք դեպի հզոր Հայաստան, թե՞ ինչ-որ մարդիկ են եկել, բացի Նիկոլ Փաշինյանից, որոնց չեմ ճանաչում ու չգիտեմ՝ այդքան ներուժ ունե՞ն, որ Հայաստանի կառավարությունը տանեն այնպիսի ճանապարհով, որպեսզի մեր ժողովուրդն ավելի լավ ապրի»:
Հարցին՝ ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ բռնաճնշումներ կան, ձեր նկատմամբ, ձեր ընտանիքի նկատմամբ կա՞՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իմ նկատմամբ էլ պիտի ճնշում լինի, որովհետեւ նույնիսկ եթե ճնշում լինի, էլի չեմ համարի որպես ճնշում»:
Մեր հարցին՝ ո՞րն եք համարում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ամենամեծ սխալը՝ նա պատասխանեց՝ «Ես չեմ տեսնում երկրի մեջ տնտեսական զարգացում, չկա այդ գաղափարախոսությունը, կա մարդիկ բռնել, որոնք կոռուպցիայով են զբաղվել եւ ամբողջ ապարատը զբաղված է դրանով, այլ գործողություններ դեռեւս չկան»: Հարցրեցինք՝ 10 տարում դուք տնտեսությունն ինչքա՞ն եք զարգացրել ու հիմա այս 3 ամսում ինչքա՞ն զարգացում եք սպասում Նիկոլ Փաշինյանից՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «10 տարի առաջ դուք ոչ ապարատ ունեիք, ոչ էլ քայլելու խնդիր ունեիք, այնպես որ, այս տասը տարվա ընթացքում բոլոր ճյուղերով զարգացում է եղել, մեծ աշխատանք է կատարել ՀՀԿ-ն, մի փոքր էլ կմեծանաք եւ կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ