Այսօր «Շանթ-2018» զորավարժությունների տեղեկատվական կենտրոնում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ զորավարժությունների արդյունքներին, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում զորավարժությունների ընթացքը, թերացումներ նկատե՞լ է, ասաց, որ զորավարժությունների առանցքային նպատակը՝ խաղաղից ռազմական, պատերազմական իրավիճակի անցնելու պայմաններում պետական համակարգի աշխատանքը հղկելն է, եւ, երբ խոսում ենք հղկման մասին, կատարելության հասնելու համար միշտ էլ անելիք կա. «Եվ մենք վերլուծում ենք բոլոր շղթաների աշխատանքը՝ այդ թվում օրենսդրության բովանդակությունը թե ինչ խնդիրներ կան, որոնք կարող են գործնական խնդիրներ առաջացնել, արդյունքում զորավարժության ընթացքը, արդյունքները կվերլուծվեն, կքննարկվեն եւ եզրակացություններ կլինեն»:
Վարչապետն ասաց, որ սա հրամանատարաշտաբային զորավարժություններ են եւ կառավարությունն այս զորավարժությունների հիմքում դրել է վատթարագույն սցենարը, որպեսզի առավել բարձր պատրաստվածության բերենք Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ խաղաղից պատերազմականի անցնելու շրջանում:
Հարցին, թե տպավորություն է, որ ամեն ինչ հապճեպ է արվում՝ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ պատերազմն էլ տեղի է ունենում բոլորի համար անսպասելի եւ սցենարի մեջ ամեն ինչ տեղի է ունենում բոլորի համար անսպասելի. «Հետեւաբար նաեւ այդ սցենարը պետք է մշակվի եւ մենք ուզում ենք, որ զորավարժությունների արդյունքում այնպես կարգաբերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ նա, նույնիսկ ամենաանսպասելի եւ ամենածանր սցենարներում կարողանա աշխատունակությունը պահպանել եւ անհրաժեշտ ռեակցիաները ցուցաբերել եւ պահպանել պետության մարտունակությունը եւ պետության բնականոն գործունեությունը»:
Հարցին, թե հնարավո՞ր է ապրիլյան պատերազմի սցենար, վարչապետը պատասխանեց. «Ես կարծում եմ, ապրիլյան պատերազմի սցենար այլեւս չի լինի»:
Վարչապետը պարզաբանեց նաեւ պայմանական պատերազմ հայտարարելու հետ կապված արտահայտությունն, ասելով. «Ասում եք՝ պայմանական պատերազմ եք հայտարարել, միայն նրանից հետո, երբ մեզ էին պայմանական պատերազմ հայտարարել, սա կարեւոր ճշտում է: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է եւ պատերազմական իրավիճակը կապված է հիմնականում, ակնհայտորեն Ղարաբաղի խնդրի հետ եւ, բնականաբար, Արցախի Հանրապետությունը նույնպես լիարժեք մասնակցում է այդ գործընթացին եւ սցենարի մեջ Արցախի Հանրապետության գործողությունները եւ զինված ուժերի գործողությունները նույնպես դրանով են պայմանավորված»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետի խոսքին լրացում արեց՝ պարզաբանելով, որ երկու փուլից էր բաղկացած՝ մինչ պատերազմ հայտարարելը եւ պատերազմ հայտարարելուց հետո. «Վարչապետը ստանձնել է գերագույն հրամանատարի պաշտոնավարումը երեկ երեկոյան եւ երկու փուլերում էլ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ որպես Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատար, վարչապետը երկու ներմուծական է արել, որը որ կառավարման ամբողջ համակարգը դրել է սթրեսի մեջ՝ փոփոխելով մեր կողմից նախատեսված քայլերը եւ սցենարը»:
Հարցին, թե կարողացա՞ք դուրս գալ դրա տակից, Դավիթ Տոնոյանն ի պատասխան ասաց՝ պաշտպանության նախարարությունն այո: Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց՝ մնացածն էլ այո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ