Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական այգի, խորքային ջրերից լճակներ, Երևանի՝ դեպի դուրս աճ, էլեկտրաէներգիայի սպառման աճ. Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը՝ ավագանու թեկնածուների աչքերով

Սեպտեմբեր 13,2018 16:27

«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Իրինա Հարությունյանը վստահեցրեց՝ նախընտրական ծրագիր գրելիս առաջնորդվել են թամանյանական նախագծով, որպեսզի Երևանի թամանյանական դիմագիծը պահպանվի. «Մեր ծրագրում ներառել ենք նաև եվրոպական քաղաքների փորձը, բայց թամանյանական դիմագիծը պետք է պահպանվի. Թամանյանը նախատեսել էր, որ Երևանը պետք է լինի քաղաք-պարտեզ»: Իրինա Հարությունյանը շեշտեց՝ Երևանի ոռոգման խնդիրն առաջնային է իրենց համար:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը տարբեր քաղաքական ուժերի թեկնածուներ ներկայացրին, թե ինչպես են պատկերացնում Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Գայանե Մելքոմյանը շեշտեց՝ Երևանի էկոլոգիական խնդիրները պետք է դիտարկվեն ամբողջության մեջ: Նա այս առիթով մանրամասնեց. «Ունենք օդի բարձր աղտոտվածության մակարդակ, փոշու բարձր կոնցենտրացիաներ, հողի աղտոտվածություն, թափոնների կառավարման խնդիրներ: Պետք է փոխվի շրջակա միջավայրի նկատմամբ երևանցիների հոգատարության մոտեցումը: Մենք Երևանը դիտում ենք որպես կենսամիջավայր, էկոհամակարգ, մենք էլ դրա բաղադրիչն ենք»:

Գայանե Մելքոմյանը նշեց, որ առաջնային պետք է մաքրեն Երևանյան լիճը, որն ավելի մեծ աղտոտվածություն ունի, Նորքի անտառներում ծառատունկ է կազմակերպվելու:

ՀՅԴ կուսակցության ավագանու թեկնածու Ազատուհի Սիմոնյանն առանձնացրեց աղբավայրերի խնդիրը. «Եթե Նուբարաշենի աղբավայրը դիտարկենք, որը 1960-ականներից գործում է, ապա կտեսնենք, որ այն ոչ թե աղբավայր է, այլ աղբաթափման կետ: Աղբավայրը միջազգային չափորոշիչներով հիդրոմեկուսիչ շերտով պետք է պատված լինի, որ ջրի թափանցումը հողին կանխվի, և հողը վնասներ չկրի: Եթե Նուբարաշենի տարածքով անցնենք, կտեսնենք աղբի ինքնաայրում, ինչի պատճառով թունավոր արտանետումներն ուղղվում են շրջակա միջավայր: Այդ պատճառով Նուբարաշենի հատվածի բնակչության մոտ կան ալերգիկ երևույթներ»:

ՀՅԴ ավագանու թեկնածու Ազատուհի Սիմոնյանը նշեց, որ Երևանի թոքերը՝ Նորքի անտառները, վնասված են, ուստի մտածում են համահայկական այգի հիմնելու գաղափարի մասին:

«Ռեֆորմիստներ» կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ Երևանում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի ցուցանիշը զիջում է միջազգային չափորոշիչներին. «Յուրաքանչյուր քաղաքի մակարդակի 74 տոկոսը պետք է կազմի կանաչ տարածք, իսկ մեր իրականության մեջ 43 տոկոսից ցածր է: Յուրաքանչյուր շնչին 16 քմ կանաչ տարածք է հասնում, իսկ հիմա 4-5 քմ: Վերջապես Երևանը պետք է սկսի դեպի դուրս աճել, հիմա միայն դեպի ներս է աճում»:

«Երևանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Սիլվա Ադամյանը փաստեց՝ նախորդ իշխանությունները Երևանի հանդեպ սպառողական քաղաքականություն են վարել. «Երևանի լանդշաֆտային դիրքն այնպիսին է, որ շատ զգույշ պիտի վերաբերվենք և՛ ջրային, և՛ կանաչ տարածքների հանդեպ, քանի որ Երևանը կառուցվել է կիսատափաստանային գոտում: 60-ականներին Երևանում այնքան քիչ ծառեր են եղել, որ մարդիկ իրենց ձեռքով տնկել են Մասիվի լանջերի ծառերը: Երևանն ունի խորքային ջրեր, մեր մոտեցումն է, որ այդ խորքային ջրերից արհեստական լճակներ գոյանան, դրանց ջրային գոյացությունների մի մասը վերածենք ջրավազանի, որի վրա կարող ենք ՀԷԿ-եր կառուցել»:

«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Սոնա Մալխասյանը նկատեց՝ Երևանում հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսավարողի բիզնես շահին և արդյունքում կորցրել ենք կանաչ տարածքներ, այգիներ. «Մենք առաջարկում ենք՝ բարձրահարկերի դիմացի ավտոտնակների փոխարեն կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղիներ, որ շենքերի բակերում կարողանանք կանաչ գոտիներ հիմնել»:

Լույս դաշինքի ավագանու թեկնածու Ստեփան Ավագյանը հավաստիացրեց՝ իրենց ծրագրում ներառված դրույթները հիմնականում ունեն բիզնես նախագծեր. «Օրինակ՝ տրանսպորտի հարցը: Երբ խոսում ենք էլեկտրականությամբ աշխատող տրանսպորտի մասին, պետք է ներկայացվի այնպես, որ ոչ թե էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք, այլ շրջակա միջավայրը քիչ աղտոտենք: Այս հարցում մյուսը գլոբալ բաղադրիչն է: Ինչպես իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. դա հնարավոր է, եթե մեծացնենք սպառումը: Այս պահին մեզ մոտ կա էլեկտրաէներգիայի ավելցուկ»:

ՕԵԿ ավագանու թեկնածու Լիլիթ Սարգսյանն էլ, դիմելով գործընկերներին, ասաց. «Խոսեցինք Դալմայի այգիների, Նորքի անտառների մասին, բայց Ծիծեռնակաբերդը խնդրում եմ չմոռանանք: Դա պարզապես թոքերից տարանջատել պետք չէ: Մենք անցնում ենք գազոնային համակարգի, թվերը լավն են, կանաչ տարածքներ, բայց օգգ-ն բացարձակ զրո է, գումարած ալերգիկ հիվանդությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930