Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանի ուշագրավ պատասխանը, երբ հիշեցրինք, որ Օսկանյանին գաղտնալսելիս լուռ էր, մարդու իրավունք էլ չէր հիշում

Սեպտեմբեր 13,2018 16:07

Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հետ կապված:

ՀՀԿ պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում սկսեց բացատրել, որ շատ անհանգստացած են, այդ ձայնագրությունները առիթ է հանդիսացել, որ քննարկեն երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ առնվազն հեռախոսային խոսակցությունների եւ նամակագրության գաղտնիության պաշտպանության տեսակետից. «Եթե կա նման ձայնագրություն, այդ ձայնագրության առկայությունը կարող է ցանկացածի մոտ հարց առաջացնել՝ գուցե ինչ-որ մեկն էլ ինձ է ապօրինի լսում, ցանկացած քաղաքացի պետք է որ իմ կարծիքով իր առաջ հարց բարձրացնի՝ կարող է ինձ էլ է ինչ-որ մեկը լսում, հետեւաբար մեր խնդիրն է, որ պարզենք՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության երաշխավորության աստիճանը, գործիքակազմը բավարա՞ր է, որ դուք երաշխավորված լինեք՝ արդյոք որեւէ մեկը ձեր հեռախոսն ապօրինի չի՞ լսում»:

Aravot.am-ը Կոստանյանին հարցրեց՝ տարիներ առաջ Վարդան Օսկանյանին էլ էին գաղտնալսել, ձայնագրել՝ սրճարաններից մեկում, բա այդ ժամանակ ինչո՞ւ չհիշեց մարդու իրավունքների մասին: Հիշեցնենք, որ այն ժամանակ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանին ու Վարդան Օսկանյանին գաղտնալսել եւ հրապարակել էին նրանց՝ «Ռիչ» սրճարանում ունեցած խոսակցությունը, որից հետո ԱԺ-ում բազմաթիվ հայտարարություններ եղան, գործ հարուցվեց ու ապօրինի ձայնագրման գործն էլ կասեցվեց: 

Հարցը հնչեցնելուց հետո Կոստանյանը պատասխանեց. «Երբ որ ձեր հարցադրումը լիներ բովանդակային առումով ճիշտ, ես հարցադրումներին կպատասխանեի»: Մեր հարցին՝ ինչո՞ւ, մեր հարցադրումը բովանդակային առումով ինչո՞ւ էր սխալ՝ Կոստանյանը պատասխանեց. «Ես ասեմ…ես քեզ ասում եմ ա՛յ Հռիփսիմե, դու ասում ես՝ բա…հիմա նկարահանում ես, որ ես քեզ պատասխանե՞մ՝ չե՛մ պատասխանում»: Մեր զարմանքին, որ լրագրողն ինչի՞ համար է, եթե չի հրապարակելու, բա հարցը տալիս ենք՝ առանց հրապարակմա՞ն՝ նա պատասխանեց. «Ես քեզ հրապարակման ենթակա հանգամանքներն արդեն ասեցի»,- ասաց նա ու մտավ աշխատասենյակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930