Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ լիֆտը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ». Պետրոս Ղազարյան

Սեպտեմբեր 13,2018 16:01

ԲՀԿ-ն Երեւանի բյուջեն ավելացնելու լեգիտիմ ճանապարհ է առաջարկում. Երեւանում է կենտրոնացած մանրածախ առեւտրի 65-70 տոկոսը, նաեւ` ձեռնարկությունների, առեւտրային համակարգի 70-80 տոկոսը եւ ինչպես բոլոր մեգապոլիսներում է, դրանք իրենց եկամտահարկի եւ շահութահարկի 10 տոկոսը մասնահանեն Երեւանի բյուջե:

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը Երեւանը հանրապետության մակարդակով «գիգանտ» քաղաք է համարում, քանի որ Երեւանում է արտադրվում հանրապետության ՀՆԱ-ի 60 տոկոսը: Բյուջեից`Երեւանին եւ մարզերին տրվող միացյալ բյուջեով մայրաքաղաքին ՀՆԱ-ի հինգ տոկոսն է տրվում: Դա, ըստ նրա, արդարացի չէ, քանի որ այն շատ քիչ է: Ի դեպ, այն մայրաքաղաքին է տրամադրվում տարբեր պատվիրակված լիազորությունների տեսքով: Պետրոս Ղազարյանը դեմ չէ, որ մարզերը զարգանան, բայց չի կարծում, թե դա Երեւանի հաշվին պետք է լինի: Նա հեգնում է`ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն այնպիսի ծրագրեր են ներկայացրել, որ ԱՄՆ-ի բյուջեն չի բավականացնի`ի~նչ գործարաններ են կառուցելու, ի~նչ աշխատատեղեր են ստեղծելու: Եթե իմանա, որ դրանք կիրականանան, դուրս կգա ընտրարշավից: Իսկ առհասարակ, ասում է. «Սա լուրջ վերաբերմունք չի Երեւանի նկատմամբ»:

«Էս լիֆտերը փոխելու եմ էս լիֆտերով»,- Պետրոս Ղազարյանը ցուցադրեց «Իմ քայլը» թեկնածուի քարոզարշավի ժամանակ հնչող խոստումն ու նկարները եւ քանի որ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը բանավեճերի չի համաձայնվում`հորդորեց. «Մի հատ հարցրեք`ո՞նց է երկու անգամ մեծ լիֆտը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ: Գուցե Կոպերֆիլդի տեղակա՞լ է աշխատելու: Հուսանք, սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի»:

https://www.facebook.com/hayk.marutyan/videos/1879125035533902/?__xts__[0]=68.ARBwZUx9ZGVBh-ckDqRbjH3nlo5RW3W7MGXP1-FfOKcbP7KM4UznIloy_-GiJ47U2dQ0du5u2lEz1lHpyn2Kuznc0_J47Nco2wUvWVsMjGZ2A-lyrK0yKvmpXh9-hSJQJExd-g_OOU_6VVkK4uR49JPsPJl7AWvHJd8_PsC3w6ehD–ZVaDf&__tn__=K-R

Հարցին`ինչպե՞ս եք կառավարությանը համոզելու, որ այդ տասը տոկոսը տրամադրի մայրաքաղաքին, քանի որ մինչեւ այսօր չի հաջողվել: Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Մինչեւ այսօր որեւէ քաղաքական ուժ նման խնդիր չի դրել, որովհետեւ Տարոն Մարգարյանը չի եղել Երեւան համայնքի քաղաքապետ, եղել է ՀՀԿ-ին, կառավարությանը, Սերժ Սարգսյանին կից վարչության պետ: Նա Երեւանը չի ղեկավարել`ելնելով համայնքային կառավարման տրամաբանությունից: Մենք նաեւ սրա համար ենք կարեւորում, որ Երեւանի քաղաքապետը, կառավարությունը, խորհրդարանը կառավարվեն տարբեր քաղաքական ուժերի կողմից»:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ այս հեղափոխությունը տեղի ունեցավ, որպեսզի որեւէ քաղաքական ուժ դոմինանտ ղեկավարում չունենա, բայց այսօր շատ արագ յուրացվում են «պոլի փետ լինի`ՀՀՇ-ից լինի» եւ համանման կարգախոսները: Նա երեւանցիներին հորդորեց. «Թույլ մի տվեք, որ ձեր ազատ կամքի վրա բռնանան, հեղափոխական էյֆորիաները շատ արագ անցնելու են, դուք մնալու եք ձեր խնդիրների հետ: Եվ ստիպված եք լինելու կրկին դիմել այն ուժերին, որոնք ծրագրեր են ներկայացնում-իրականացնում»:

Նա անդրադարձավ նաեւ քաղաքական ուժերի ծրագրերում առկա մետրոպոլիտենի համակարգը վերականգնելու խոստում-հայտարարություններին: Ասաց`այս պահին միայն Աջափնյակի կանգառի կիսատ մնացած շինարարությունը վերականգնելու հնարավորություն կա: Դրա համար չորս տարբեր ծրագրեր կան: 100 միլիոն դոլար արդեն ծախսվել է, առկա նախագծերով տարբեր հաշվարկներով, դեռ 75, 95, 125 միլիոն դոլար էլ պետք է, իսկ նախնական աշխատանքները սկսելու համար 12 միլիոն դոլար է պետք: «Այն ծրագրերում, որտեղ կկարդաք` մետրոպոլիտենն ամբողջությամբ վերականգնելու մասին, բլեֆ են: Նույնն է, որ մենք գրենք, որ Երեւան-մարզեր արագընթաց գնացք ենք անցկացնելու»:

Պետրոս Ղազարյանը հորդորեց ընտրողներին, քաղաքական ուժերից ներդրումային փաթեթներ պահանջել եւ համեմատել դրանք`մինչ ընտրություն կատարելը:

Նաիրա Զոհրաբյանը կրկնում է`պատրաստ է առաջինը թակել հաղթող թեկնածուի դուռը եւ շնորհավորել, եթե արդար ընտրությունների արդյունքում երեւանցին իր վստահության քվեն կտա որեւէ այլ քաղաքական ուժի, եթե վստահ լինի, որ որեւէ վարչական ռեսուրս չի կիրառվելու, եթե հանրահավաքների ժամանակ չի բղավելու`«կգնաք`կընտրեք այս թեկնածուին, որովհետեւ ես այդպես եմ ուզում», եթե վստահ լինի, որ հետհեղափոխական էյֆորիան չի օգտագործվելու եւ ճնշում չի գործադրվելու ընտրողների վրա:

Իբրեւ ԵԽԽՎ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ մեր եվրոպացի գործընկերները մտահոգված են մեր երկրում խոսքի ազատության, ընդհանրապես, խղճի եւ մտքի ազատության հանդեպ շատ անառողջ դրսեւորումներով, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում: Բայց ԲՀԿ-ն իր գործընկերներին հորդորելու է`չդադարեցնել ներդրումները, որոնք նախատեսված են իրենց ծրագրով, եթե իրենց չտրվի վստահության առավելագույն քվե: Բայց որոշողը լինելու են ներդրողները:

Պետրոս Ղազարյանն այս առումով մի փոքր տարակուսեց`«Եթե մենք չհաղթենք, ո՞նց անենք, հաղթող ուժը պետք է իր ծրագրերն իրականացնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930