Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սիմոնյանը՝ Արարատի հետ տեսողական կապի եւ անճոռնի շինությունները բացառելու մասին

Սեպտեմբեր 13,2018 15:50

«Հայք» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Երևանում կառուցումն ու նախագծումն այնպես պետք է լինի, որ հնարավորինս երևա Արարատ լեռը եւ կարևոր տեղ հատկացվի պատմամշակութային արժեքներին:

«Մարդկության մի ստվար զանգվածը՝ 3-4 մլրդ մարդ, ընդունում է, որ մարդկության փրկության հանգրվանն Արարատ լեռն է, դա արտացոլված է եւ Աստվածաշնչում եւ հին շումերական արձանագրություններում: Արարատն այն լեռն է, որ ամեն հայի սրտում է: Արարատի դիմաց գտնվում է Երեւանյան գոգավորությունը, որը հսկայական բնական ամֆիթատրոն է, որը մեղմաթեք իջնում է դեպի լեռը:

Փաստորեն բնության, թե Աստծո կողմից ստեղծվել է կառուցապատման բացառիկ միջավայր: Ընդունենք, որ ամֆիթատրոնն ունի հանդիսական, որը հայ ժողովուրդն է, իսկ իր դիմաց կապույտի մեջ ընդգրկված Արարատները հիմնական դերակատարներն են: Սա ստեղծում է բացառիկ մի հնարավորություն՝ ունենալու քաղաք, որը եզակի է ամբողջ աշխարհում, եւ իր բնական լանդշաֆտի աղճատումն ու չօգտագործումը պարզապես նման է մարդու, որն իր ամբողջ հարստությունը ջուրն է գցում՝ առանց հասկանալու»,-ասում է «Հայքի» թեկնածուն:

Հակոբ Սիմոնյան

Հակոբ Սիմոնյանի խոսքերով. «Անհրաժեշտ է կոնցեպցիա, իսկ մնացածը կա: Փայլուն ճարտարապետներ ունեցել ենք եւ դեռ կունենանք: Եթե համապատասխան կոնցեպցիա դրվի ճարտարապետների առջեւ, Երեւանի կառուցապատումն այնքան գեղեցիկ կտանեն՝ պահպանելով տեսողական կապը Արարատի հետ,
օգտագործելով ամֆիթատրոնի հնարավորությունը, որ ամեն մի դարավանդի, տերասայի վրա կառույցների առջեւ անիմաստ ու անճոռնի որեւէ բարձրահարկ չլինի…Դա հնարավորություն կտա բոլորին ընկալել Երեւանը՝ բոլոր կետերից»:

Մեր զրուցակիցն ասում է, որ այս ամենի արդյունքում մեր մայրաքաղաքը զբոսաշրջային առումով առավել գրավիչ կդառնա. «Ամեն մեկն ուզում է գալ Երեւան եւ Արարատը տեսնել այն տնից կամ այն հյուրանոցից, որտեղ բնակվում է: Նույնն էլ երեւանցին է»:

Հակոբ Սիմոնյանը կարծում է, որ վերը նշվածի արդյունքում նախ կունենանք անզուգական քաղաք՝ իր կառուցապատումով, սակայն կառուցապատման պարագայում էլ պետք է հաշվի առնել բոլոր պատմամշակութային արժեքները: «Երբ մի նիստի ժամանակ քննարկում էինք, խոսք գնաց, թե ամենահին կառույցը 19-րդ դարի է:Դրանց մեջ իհարկե շատ արժեքավոր ճարտարապետական շինություններ կան, բայց չէ՞ որ մենք ապրում ենք հավերժական քաղաք Հռոմից ավելի հին քաղաքում: Այսինքն` ամեն ոք, ով գալիս է Երեւան, տեսնում է ժամանակակից Երեւանը, լավագույն դեպքում՝ խորհրդային շրջանում կառուցված շինություններ, մեկ էլ Էրեբունին:

Մինչդեռ մենք Երեւանում ունենք 300-ից ավելի հին եւ միջնադարյան կառույցներ ու դրանց ավերակները: Այդպիսի հարուստ պատմամշակութային ժառանգություն քիչ քաղաքներ ունեն: Ցավոք, միշտ այդ հարցն այնպես է դրվել, որ Երեւանում դրանք ստորադասվել են: Նկատի ունեմ՝ քարե դարից մինչեւ պարսկական շրջանի կառույցները:

Փաստորեն Երեւանում կան կառույցներ, որոնց մասին նույնիսկ շատ զարգացած մարդիկ գաղափար չունեն: Դրանք կան, հոշոտված են ու դեռ շնչում են: Իսկ եթե ուզում ենք, որ մեր քաղաքն անընդմեջ զարգացում ապրի, ապա այդ բոլորը պետք է պահենք եւ ըստ արժանվույն ներկայացնենք:

Օրինակ Սալոնիկում տեսա մի պատ, որ եթե Երեւանում լիներ, կասեին՝ սա ի՞նչ է որ: Սալոնիկում առասպել կա, որ այդտեղ ելույթ է ունեցել Պողոս Առաքյալը, ու ամբողջ տարածքն այնպես են կազմակերպել, որ պատը լինի դոմինանտ, զբոսաշրջիկների մեծ հոսք լինի: Մարդիկ կարողանում են չեղած տեղից օգուտ քաղել, իսկ մենք ունենալով այնպիսի վիթխարի հուշարձաններ, ինչպիսին ասենք Շենգավիթն է, որ 6000-ամյա քաղաք է, Երեւանյան լճի ափին գտնվող քարեդարյան կացարանները, ոչինչ չենք ձեռնարկում…»:

Մեր զրուցակիցը Թբիլիսիի օրինակն է բերում. «Երբ նայում եք երեկոյան Թբիլիսիին, տեսնում եք, որ Թիֆլիսի բերդն է զարդարում քաղաքը: Իսկ մենք ունենք Ծիծեռնակաբերդ, որը Թիֆլիսի բերդից հին է առնվազնը 2000 տարի, կիկպոպյան հսկայական ամրոց, Աստղիկ դիցուհու հետ կապված առասպել եւ այլն…Շշմեցնող բան է: Եթե դա վերականգնենք, ինչպես արել են մեր վրացի հարեւանները ու նույն լուսարձակների լույսով ցույց տանք, հոյատեսիլ տեսարան կլինի»:

Հակոբ Սիմոնյանը կարծում է, որ նման նախագծեր իրականացնելու արդյունքում երեւանցին ավելի լավը եւ արժանապատիվ կդառնա, զբոսաշրջիկների մեծ հոսք կունենանք, քաղաքի բյուջեն էլ կհամալրվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Երեւանի լուսանկարը SkyballArmenia-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930