Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար. Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում

Սեպտեմբեր 13,2018 15:46

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

Շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց գերագույն հանձնակատարին և հույս հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում կունենա մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման հարցում:

Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր երկրորդ զեկույցի ներկայացումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ժողովրդի օժտած մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջև հավասարության, անկողմնակալ և արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Միշել Բաչելետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում և գոհունակություն հայտնեց դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Հայաստանի ունեցած զգալի ներդրումը:

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ավարտին են հասցվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի հիման վրա ազգային զեկույցի մշակման աշխատանքները:

Նախարար Մնացականյանը գերագույն հանձնակատար Բաչելետին ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Երևանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման ևս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նա շեշտեց, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և իրականացնում է դրանք: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետևողականորեն ապացուցել են դրանց իրենց հավատարմությունը:

 

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930