Երեւանի ավագանու ընտրություններում, ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ քարոզարշավը հավասար մրցակցային պայմաններով չի ընթանում: «Հոդված 3» ակումբում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ամփոփելով քարոզարշավի ընթացքը, տիկին Զոհրաբյանը հայտարարեց`թեեւ այս քարոզարշավի նպատակն է երեւանցիներին ներկայացնել իրենց խնդիրների լուծումները եւ հետագա տեսլականները`Երեւանն ապրելու համար ավելի լավ քաղաք դարձնելու, ֆավորիտ ուժերից մեկը Երեւանի խնդիրները թողած, քաղաքական դիսկուրսի դաշտ է տեղափոխում հարցը: «Ես հասկանում եմ, մեծ է գայթակղությունը քաղաքական դիսկուրսի`հաշվի առնելով հետհեղափոխական էյֆորիան`քաղաքական քվեներ, քաղաքական բոնուսներ շահելու, բայց մենք հարգում ենք երեւանցուն: Դեռ հարց է, թե քաղաքական հարթակ տեղափոխելուց, ո՞ր քաղաքական ուժը ավելի հեղափոխական, ավելի դուխով կլինի»,- ասաց բանախոսը` նկատելով`թե հեղափոխականները, թե «հակահեղափոխականները», թե «սեւերը», թե «սպիտակները» ունեն նույն խնդիրները, թեեւ այս տարբերակումները ԲՀԿ-ի համար անընդունելի են:
Նաիրա Զոհրաբյանը բացատրում է, թե ո՞րն է ԲՀԿ-ի տարբերությունը մնացյալ քաղաքական ուժերից եւ ինչո՞ւ պետք է ընտրողն իր քվեն տա ԲՀԿ-ին. «ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ ներկայացնում է արդեն քննարկված, ներդրումային ծրագրերով լուծումներ: Մնում է`ստորագրությունը դրվի»: Նա օրինակ է բերում միջազգային հայտնի տրանսպորտային ընկերության հետ քննարկումները`Երեւանում էլեկտրատրանսպորտ ունենալու մասին: Նաեւ`տարբեր քննարկում-պայմանավորվածությունների արդյունքները`Երեւանում աղբի վերամշակման գործարան կառուցելու, Երեւանի պատմամշակութային կենտրոնը վերականգնելու, Էրեբունի բերդը վերականգնելու, Երեւանը ճոպանուղիների քաղաք դարձնելու, Բուսաբանական այգին վերականգնելու եւ այլ ծրագրեր: «Մենք չենք ասում`ընտրեք մեզ եւ ամեն ինչ լավ կլինի, մենք ասում ենք`ահա մեր ներդրումային փաթեթները»,- ասաց բանախոսը:
Քանի որ թվարկված հարցերը մեծ ներդրումների հետ են կապված, Նաիրա Զոհրաբյանը մանրամասնում է`միջազգային ներդրողները ԲՀԿ-ի «սիրուն աչքերի» համար չեն ներդրումներ անելու Երեւանում: Ներդրողները հետապնդելու են նաեւ բիզնես-շահեր ու որպես դրանց ապահովության երաշխիք, ներդրումներին մասնակցելու է նաեւ Գագիկ Ծառուկյանը. «Բիզնեսի համար պետք է վստահություն, երկրում կայունություն, ոչ թե հակահեղափոխական որսեր`«Անորսալի Ջո»-երի, սեւերի, սպիտակների, հակահեղափոխականների: Մեզ համար կա մեկ ջրբաժան`Երեւանի չլուծված խնդիրների»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ