ԱԺ արտահերթ նիստում ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների հարցն էր քննարկվում: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն պատգամավորների ստորագրությամբ քննիչ հանձնաժողով էր ստեղծել ու ԱԺ-ում քվեարկությամբ որոշվեց անդամների հարցը:
«Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ գրքային ճշմարտություն է ու կանոնակարգ օրենքը արգելում է նման հանձնաժողով ստեղծել, եթե քրգործ է հարուցված ու նախաքննություն է ընթանում: Նա առաջարկեց, որ կրկին փորձեն նման հանձնաժողով ստեղծել, բայց այնպես, որ այն համապատասխանի օրենքին, այդ դեպքում միայն կմիանան նախաձեռնությանը. «Մենք օրենք չենք խախտի»:
Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ հանձնաժողովն արդեն ստեղծվել է, պետք է որոշեն, թե քանի հոգի լինի հանձնաժողովում, բայց ստորագրահավաքի տեքստում ԱԺ կանոնակարգ օրենքին հակասող բան կա, գրված է, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետին գաղտնալսումների փաստով են ստեղծում այդ հանձնաժողովը: Եթե ընդհանրական են քննարկելու գաղտնալսումների հարցը, թե մարդը ինչո՞վ կարող է ազդել՝ վայբերով, թե այլ բանով, ուրեմն թող վերնագիրը դա դնեին, ոչ թե կոնկրետ գործով. «Մենք դեմ չենք ճշմարտության պարզաբանմանը, դեմ ենք օրենքի խախտմանը, ուրիշ թեմայով լիներ՝ խնդիր չկա»:
ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց, որ երբ դատախազությունը երեկ 309 հոդվածով նոր գործ հարուցեց՝ մարդիկ ասում էին՝ սա այն Հայաստանն է, որի մասին երազել ենք, մինչդեռ պարզ է, թե ինչի համար են հարուցել այդ քրգործը, որ խոչընդոտեն ԱԺ-ին իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացմանը. «Ինչի՞ց եք վախենում, պարոնա՛յք, ինչի՞ց եք վախենում, երբ ափալ-թափալ նիստից մի օր շուտ գիշերը գործ եք հարուցում, հերիք չի՞ էդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, այս հանձնաժողովի աշխատանքը չպիտի լինի քաղաքական, այս հանձնաժողովի աշխատանքը պետք է ունենա մի քանի սկզբունք: Սկզբունք առաջին՝ մաքսիմալ թափանցիկություն, առաջարկում եմ բոլոր նիստերը օնլայն հեռարձակել, սկզբունք երկրորդ՝ չվախենալ անուններից ու կանչել բոլորին, ում ուզում եք հարցաքննել՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած Յուրի Խաչատուրովով, սկզբունք երրորդ՝ պետք է գտնեք ճշմարտությունը, որքան էլ ծանր լինի այն անհատների, քաղաքական ուժերի, հասարակության համար, իսկ քարոզչական հնարքները, շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան, խորհրդարանի պատգամավորները գտել են ձեւը՝ ինչպես շրջանցել ձեր կողմից դրված արգելքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ