ԲՀԿ-ում մտահոգված չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի`օլիգարխների թիկնազորին «ասֆալտին փռելու», ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին տված հանձնարարականից: Այդ մասին այսօր «Հոդված 3» ակումբում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Աբովյանը: Մտահոգված չեն, քանի որ «Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ»: Ավելին, նա չի հասկանում, թե ի՞նչ կապ ունեն Երեւանի ընտրությունները «ինչ-որ թիկնազորների» հետ, որ քարոզարշավների ժամանակ վարչապետը նման հայտարարություններ է անում:
ԲՀԿ ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանի մոտ հակընդդեմ հարց առաջացավ. «Իսկ դուք հասկացա՞ք, թե դա ինչի համար էր: «Սիգարոնի» տե՞րն էր գաղտնալսել: Բայց իրենք չէին էլ փորձում գտնել: Իրենք ինչ-որ զենք ման եկան»: Նա նաեւ նկատեց, որ ոստիկանությունը կարող է իր բազայում ստուգել եւ տեսնել`տվյալ մարդը զենք ունի՞, չունի՞. «Ոչ թե գնան ավտոմատներով փռեն գետնին, այդ զենքը տանեն` ստուգեն օրինական է, բաց թողնեն: Բայց տպավորությունը մնա, որ բռնել էին»:
ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց`իրենք քանիցս են հայտարարել, որ «մարտի 1-ի» հետ կապված մտահոգություններ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը`չունեն: Ավելին, իրենց համարում ենք «մարտի 1-ի» բացահայտման առաջի շահառուներից մեկը եւ մշտապես «կողմ» են քվեարկել այդ իրադարձությունների բացահայտման բոլոր նախաձեռնություններին: «Այո, պետք է բացահայտվեն, բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն: Անընդհատ էժանագին տեխնոլոգիաների մեջ փորձ է արվում շրջանառել, որ ահա Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով, ԲՀԿ-ի միջոցով գալու է իշխանության: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ-ի միջոցով, կողքով, հարակից, կից որեւէ նախկին պաշտոնյա, նախկին քաղաքական ուժ չի գալու իշխանության: ԲՀԿ-ն մենք ենք, Գագիկ Ծառուկյանն է, մեր թիմն է եւ մեր ծրագրերը: 15 տարի է, հենց գալիս է ընտրարշավը ասում են՝ ժողովուրդ մի հատ նայեք ԲՀԿ-ի հետեւից ո՞ւմ ականջներն են երեւում եւ ամեն անգամ մենք տեսնում ենք, որ ԲՀԿ-ի հետեւում որեւէ մեկը չկա, բացի մեր թիմից»:
Անդրադառնալով ընտրակեղծիքների թեմային, Պետրոս Ղազարյանը հորդորեց`«բռնեք, բերեք, ցույց տվեք, դատապարտենք, պատժենք»: Նա համարում է, որ առաջիկա ընտրությունները առաջինն են, որտեղ ընտրակաշառք չկա եւ ճիշտ չի համարում, որ իշխող ուժը եւ վարչապետը սեւ PR-ի համար դրանք նսեմացնում են, առանց այդ էլ «ընտրությունները սարքում եք ավարայր. Քոչարյանին բռնելու համար ավագանու ընտրությունները նսեմացվում են`կամ կհաղթենք, կհավաքենք 80 տոկոս`կբռնենք նրան, կամ…»: Ինքը չի պատկերացնում`արդյոք առաջիկա ընտրություններում, որեւէ ուժի հաղթանակի դեպքում ՀՔԾ-ի աշխատանքը կլավանա: Եթե այո, ապա պատրաստ է անձամբ առաջակել, որ այդ ուժը հավաքի բաղձալի տոկոսը եւ մեր իրավապահների աշխատանքը լավանա:
Արման Աբովյանն էլ հայտարարեց` յուրաքանչյուր սադրանքի պատրաստ են դիմակայել: Այն մարդկանց, ովքեր փորձում են ոչ ազնիվ պայքար տանել`զգուշացնում է. «100 հոգով չի ստացվի: Նույնիսկ չփորձեք: Այն մարդիկ, ովքեր խաղում են մեր անունի հետ, գուցե`անմիտ, էմոցիայի տակ, տարածում են սուտ լուրեր, մենք հետամուտ ենք լինելու խստագույնս իրավական դաշտ բերելու եւ բոլոր իրավական մեթոդներով պատժելու այն մարդկանց, ովքեր փորձում են խաղալ մեր անվան հետ, որ բարձրացնեն իրենց վարկանիշը:
Նաիրա Զոհրաբյանն էլ իրավապահներին հորդորեց` «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ «կարգին ներկայացում» իրականացրած կնոջ հարցով զբաղվել, որը հայտարարեց ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին: Ինքը հետամուտ է լինելու, որ այդ տիկինը եւ ավագանու այն թեկնածուները, որոնք այդ տեսագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելով ապատեղեկատվություն տարածեցին, պատասխանատվության են ենթարկվելու: Նաիրա Զոհրաբյանը սկսում է իրավական գործընթաց եւ հասնելու է մինչեւ ՄԻԵԴ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ