ԱԺ արտահերթ նիստում ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների հարցն էր քննարկվում: Գեւորգ Կոստանյանը, զեկուցելով ՀՀԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված հարցը, ասաց, որ գաղտնալսումների հանգամանքը կարող է հիմնավոր կասկածներ ստեղծել առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, դա նշանակում է, որ Սահմանադրությամբ եւ եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սկզբունքը վտանգված է: Դա պետք է լինի օրենքով, դատարանի որոշմամբ ու հիմա այս փաստը, որ գաղտնալսել են, վտանգի տակ է դնում մեր երկրի իրավական անվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքային սպասարկման հանգամանքները կասկածի տակ է դրվում:
Ինչ վերաբերում է գաղտնալսման բովանդակությանը, Կոստանյանն ասաց, որ տեսնում են ներգրավվածություն, միջամտություն, որը չպետք է տեղի ունենա արդարադատության իրականացման գործընթացում ու հարցականի տակ է դրվում՝ արդյոք արդար դատաքննության իրավունքները ՀՀ-ում երաշխավորվա՞ծ են:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԱԺ-ն չի կարող ստեղծել նման հանձնաժողով. «ԱԺ կանոնակարգ օրենքում սահմանափակում կա քննիչ հանձնաժողով ստեղծելու ու զարմացած եմ, որ այդ սահմանափակումը վրիպել է ձեր աչքից ու այդքան պատգամավորներով սա նախաձեռնել եք: «ԱԺ կանոնակարգ օրենքն» ասում է, որ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում: Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում՝ եւ գաղտնալսման, եւ քրգործի վարույթին միջամտության հանգամանքով, հետեւաբար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով, բայց գումարել է նիստ»:
Կոստանյանը պատասխանեց, որ իհարկե, դա չէր կարող իրենց աչքից վրիպել. «Կոնկրետ հանգամանքների մասին չի խոսքը, կոնկրետ քրգործերի մասին չի խոսքը, ես ընդհանրացրեցի, հարց է առաջանում՝ արդյո՞ք մյուսների հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը պաշտպանված է»:
Մարուքյանն արձագանքեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշման նախագծում կոնկրետ դեպք է նշված, որի վերաբերյալ քրգործ է հարուցված եւ կոնկրետ դեպքով էլ քննիչ հանձնաժողով են ուզում ստեղծել, որը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով արգելված է:
Կոստանյանը պատասխանեց, որ իհարկե, այդ փաստերով հարուցված է քրգործ, բայց արդարադատությանը խոչընդոտելու փաստի առիթով քրգործ հարուցված չի. «Ձայնագրությունները հիմք են հանդիսանում, որ մենք քննարկենք հեռախոսային խոսակցությունների գաղտնիության երաշխավորման եւ արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հարցը»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարոն Կոստանյան, դուք իրավաբանական ֆակուլտետում դաս եք տալիս, որ ձեր ուսանողը ձեզ այսպես պատասխաներ, պիտի 2 նշանակեիք, ուղարկեիք տուն: Փաստացի, նախ, ձայնագրություններ չի, մեկ ձայնագրություն է, եթե այլ ձայնագրության մասին տեղեկություն ունեք՝ հայտնեք: Հետո անունը ուզում եք դրեք տանձ, ուզում եք դրեք խնձոր, նույն բանն է քննարկվելու, որի հետ կապված երկու քրգործ է հարուցված, իսկ կանոնակարգ օրենքն արգելում է, ժողովուրդ, օրենք գոյություն ունի, ըտենց լավ իրավաբաններ էիք, պիտի իմանայիք, որ օրենք եք ուզում խախտել, անհնար է»:Կոստանյանը պատասխանեց. «Իմ դասախոսական գործունեության վերաբերյալ դուք գնահատականներ չեք կարող տալ, որովհետեւ ես ձեզ դժբախտաբար դաս չեմ տվել, եթե դաս տված լինեի, դուք նման ձեւով չէիք վերաբերի Քրօրի եւ ԱԺ կանոնակարգի մեկնաբանություններին»:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ «եթե դուք ինձ դասավանդեիք, ես դասի չէի գա, մեխանիկորեն կստանայի»: Կոստանյանի խոսքով՝ «ձեր ինքնավստահությունը ձեր իրավաբանական գիտելիքների վերաբերյալ ողջունելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ