Ծագումով թուրք, քյաբաբանոցի սեփականատեր Էնգին Արսլանը, որը Գերմանիայի ֆուտբոլային ամենաստորին դիվիզիոններից մեկում հանդես եկող «1920 Մյուլ» ակումբի տիտղոսային հովանավորն էր, գովազդի համար յոթ ֆուտբոլիստի հետ միասին լուսանկարվել է ֆաշիստական բարեւի ժեստով ու այն տեղադրել ֆեյսբուքում, ինչի համար ակումբի ղեկավարությունը արտահերթ ժողով է հրավիրել, թիմից հեռացրել է այդ ֆուտբոլիստներին, հրաժարվել Արսլանի հովանավորությունից ու նրա գովազդային լոգոտիպը հեռացրել է մարզաշապիկի վրայից:
Ավելի ուշ յոթ ֆուտբոլիստները ներողություն են խնդրել, նկարվել մեկ այլ պաստառով, որտեղ ներողություն են խնդրել չմտածված արարքի համար, սակայն արդեն ուշ է եղել: Ինքը՝ քյաբաբանոցի սեփականատերը, իր հերթին նկարը ջնջել է ֆեյսբուքից, մի քանի արցունքախառը հարցազրույց է տվել՝ փորձելով արդարանալ, իբր դա արվել է զվարճանալու համար: Սակայն այս պատմությունը կարող է շարունակություն ունենալ, քանի որ դրանով սկսել են զբաղվել երկրի իշխանությունները:
Գերմանիայում արգելված է նացիստական սիմվոլիկայի եւ ժեստերի հրապարակային ցուցադրումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ