Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն տարբերվում է մյուս 12 թեկնածուներից: «Արտակ Ավետյանը երբեւիցե քաղաքականությամբ չզբաղված մարդ է, պաշտոններ չի զբաղեցրել, չի անդամագրվել որեւէ կուսակցության, ինքը քաղաքականության հետ կապ չունեցող մարդ է, որն այսօր ընդունելի է ժողովրդի կողմից:
Երկրորդ` 12 թեկնածուներից որեւէ մեկը շինարարության ղեկավարման փորձ չունի, իսկ մեր թեկնածուն այս պահին շինարարական նախագծի մենեջեր է, կինոռեժիսոր է, ինչը բավականին մեծ մենեջերական հմտություններ է պահանջում: Նա նաեւ բիզնեսներ չունի: Այս ամենով, կարծում եմ` մենք ուժեղանում ենք»,-ընդգծեց նա:
Դառնալով ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնազերծմանը, Ռեֆորմիստների կուսակցության նախագահը նշեց. «Ձայնագրության բովանդակության մասին չեմ ուզում խոսել, դա արդեն բոլորին պարզ է, սակայն փաստն ինքնին մտահոգիչ է եւ շատ վտանգավոր: Պատկերացնո՞ւմ եք մի երկրի անվտանգության ծառայության ղեկավարին կարող են ձայնագրել…Ես մինչ օրս չեմ պատկերացրել նման բան եւ այսօր էլ չեմ պատկերացնում: Այդ երեւույթը մտահոգիչ է եւ շատ վտանգավոր: Ընդհանրապես պետք է հասկանալ, որ նման բաները հարվածում են մեր պետությանը եւ պետականությանը»:
Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նա նաեւ նշել է, որ երկրում առկա լարված մթնոլորտը թուլացնելու համար պետք է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, հնչեցրել էր կարծիք, որ մեր երկրում բաժանարար գծեր չպետք է քաշվեն, ուժերը չդիտարկվեն որպես սեւեր եւ սպիտակներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից: