«Հայոց աշխարհի» զրուցակիցը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ փորձեց լղոզել քաղաքապետի «իմքայլական» թեկնածուի հայտարարությունը, թե այսօր պայքարը սեւ-սպիտակի միջեւ է՝ իրենք սպիտակ են, իսկ ով իրենց հետ չէ, սեւ է, եւ այդ պայքարում իրենց դեմ խաղ չկա։ Սակայն հետո կտրուկ շրջադարձ արեց այդ դիրքերից՝ սուր ճոճելով «կեղծ հեղափոխականների» վրա, որոնք «քուչեքում» ու ռեստորաններում համագործակցում են հանրապետականների հետ։ Եվ վերահաստատեց Կարգին Հայկոյի «հայեցակարգը»՝ ասելով. մարդը մի բան գիտեր, որ ասում էր։
-Դրա գնահատականը, կարծում եմ, ժողովուրդը կտա. եթե ոչ այսօր, ապա վաղը։ Մի բան կարող եմ ասել. հասարակությունը սեւ-սպիտակի բաժանելը ուժեղ քաղաքական գործչի քայլ չէ։ Չեմ կարծում, թե պարոն Մարությանն ուժեղ քաղաքական գործիչ է՝ նրանից դեռ կարելի էր նման բան սպասել, չնայած իր մեծ հավակնություններին։
Անհասկանալի է, երբ քաղաքական փորձառություն ունեցող գործիչն է պաշտպանում այդ տեսակետը։ Դա կարող է լինել մի դեպքում՝ եթե քաղաքական գործընթացների վերաբերյալ նրա մոտեցումները վերջին մի քանի ամիսներին տրամագծորեն փոխվել են։
Հասարակությունը, քաղաքական ուժերը չեն կարող սեւ-սպիտակ լինել. քաղաքական ներկապնակը կազմված է բազմաթիվ կուսակցություններից, որոնց մի մասը կառավարության մեջ է, մյուսները կառավարության ձեւավորմանը չեն մասնակցել, բայց ունեն անցած ճանապարհ։
Բոլորին «սեւ» դիտարկելը լուրջ մարտահրավեր է՝ ուղղված բոլոր կուսակցություններին, հասարակության այն հատվածին, որը ձայն չի տալու ՔՊԿ թեկնածուին։ Ի վերջո, Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Հասարակությունը, քաղաքական ուժերին սեւ-սպիտակի բաժանելը, եւ դա՝ այն դեպքում, երբ միակ «սպիտակն» իր ղեկավարած կուսակցությունն է՝ իր համակիրներով, անընդունելի եւ կանխավ դատապարտված ճանապարհ է։
Իշխանությունները պետք է հասկանան, որ աշխատելու են եւ խնդիրներ են լուծելու նաեւ հասարակության այն հատվածի համար, որին իրենք «սեւ» են համարում։ Դժվար է հավատալ, որ այդ հայտարարությունները հնչում են մի մարդու շուրթերից, որ անընդհատ խոսում էր սիրո եւ համերաշխության հաղթանակի մասին։
Ի՞նչ սեր եւ ի՞նչ համերաշխություն, եթե պետության առաջին դեմքն իր կուսակիցներին եւ իր կուսակցության թեկնածուին ձայն տվողներին սպիտակ է համարում, մյուսներին՝ սեւ։ Ժողովրդավարական որեւէ երկրի առաջնորդ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերին եւ հասարակությանը սեւ-սպիտակի չի բաժանում։ Դա դիկտատուրայի բնութագրիչ է։
-Ինչո՞ւ են այդքան ագրեսիվ տրամադրված մրցակիցների նկատմամբ, եթե վստահ են իրենց ուժերին։
-Կան քաղաքական ուժեր, որոնք գործում են «ի նպաստ», այսինքն՝ «հանուն» ինչ-որ բանի, եւ կան քաղաքական ուժեր, որոնք առաջնորդվում են «ընդդեմ» սկզբունքով։ Այն, ինչ տեւական ժամանակ իրականացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, այդ թվում՝ այս ընտրարշավի շրջանակներում, ակնհայտ ցույց է տալիս, որ այդ կուսակցությունը գործում է «ընդդեմ»։
Իսկ դա նշանակում է, որ իրենք կա՛մ չունեն «հանունի» ծրագիր, կամ չունեն այդ ծրագիրն իրականացնելու հնարավորություն։ Սա վտանգավոր է հատկապես իշխող կուսակցության համար։ Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված այն գործելաոճը, որ որդեգրել է ՔՊԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում