Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսանյութի տողատակերում կասկածելի շատ են ռուսաբանությունները, այնքան շատ, որ նույնիսկ անգրագետ մարդը կենթադրի, որ դա արել են ռուսները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2018 12:48

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները դարձել են փորձաքար հայ-ռուսական հարաբերությունների համար։ Մոսկվան ակնհայտորեն իր նեգատիվ վերաբերմունքն է արտահայտում այդ զարգացումների նկատմամբ։ Ռուսաստանը նախագահի մակարդակով հասկացնում է, որ պաշտոնաթող նախագահի հետ խնդիրն ուղղակի նշանակում է խնդիր անձամբ Պուտինի հետ։ Մյուս կողմից՝ Հայաստանում չի հանդարտվել հեղափոխական էյֆորիան, որը սպառնում է հասարակությանը տանել խորը դեգրադացման՝ սթափության կորստի տեսքով։ Կա նաեւ հասարակության որոշակի շերտի բացասական վերաբերմունքը նախկին նախագահ Քոչարյանի հանդեպ։ Բացի այդ, Արեւմուտքը, իսկ ավելի կոնկրետ՝ անգլոսաքսոնական աշխարհը, խիստ դժգոհ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, եւ իշխանափոխության սկզբում հնչեցված հիացական արտահայտություններին վերջակետ դրվեց այն ժամանակ, երբ WT-ում ամենից հեղինակավոր ամերիկացի արտաքին քաղաքական մեկնաբան Էլ Վուդը հոդված հրապարակեց, որը, ցավոք, Հայաստանում ընկալվեց որպես պատվեր հակահեղափոխական ուժերի կողմից։ Սակայն Էլ Վուդը սովորական մեկնաբան չէ, այլ հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնաթող սպա։ Ըստ ամենայնի, լիովին պարարտ հող կա, որպեսզի արտաքին միջամտության պայմաններում այս հակասական հանրային տրամադրությունների վրա խաղալով՝ մի կողմից հասարակությունը պառակտվի, եւ ներքին անկայունություն առաջանա, մյուս կողմից՝ հերթական անգամ փորձության ենթարկվեն հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ ահա, Արթուր Վանեցյանի շվեյցարական այցի ժամանակ կատարված ձայնագրությունը, որը տա Աստված՝ միակը լինի, նետվում է ասպարեզ։

Զուգահեռաբար էլ քողարկված կերպով սլաքն ուղղվում է դեպի հակառուսականություն, այն տրամաբանությամբ, որ, այսպես ասած, «շահառուները»՝ նախկին նախագահ Քոչարյանն ու ռուսներն են սա արել։ Մանավանդ տեսանյութի տողատակերում կասկածելի շատ են ռուսաբանությունները, այնքան շատ, որ նույնիսկ անգրագետ մարդը կենթադրի, որ դա արել են ռուսները։ Այս ամենն ի նկատի ունենալով՝ ամենեւին չպետք է բացառել, որ սրա հետեւում կանգնած են հենց անգլոսաքսոնական աշխարհը ներկայացնող հատուկ ծառայությունները, եւ այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, ընդամենը գլոբալ մակարդակի, մեծ քաղաքականության մի փոքրիկ տեղային մարտն է։ Այսինքն, Հայաստանը կամա կամ ակամա հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում, ինչը չափազանց վտանգավոր է, քանի որ եթե այն ծավալվի, կարող է հանգեցնել հայ ժողովրդի պետականության կորստին։ Ենթադրում ենք, որ ՀՀ վարչապետը սա հասկանում է եւ փորձում է գոնե առայժմ ներքին լսարանի սպառման համար նախատեսված պոպուլիստական տեքստերով իրավիճակը պահել վերահսկելիության սահմաններում, գոնե հանրային կոնսոլիդացիան չկորցնել։ «Սերժից ավելի ռուսամետությամբ» խախտել է Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական ստատուս-քվոն Հայաստանում՝ հօգուտ Ռուսաստանի, եւ Արեւմուտքը, ի դեմս անգլոսաքսոնական աշխարհի, հակաքայլեր է ձեռնարկում։ Հիշենք թեկուզ այն, որ ամերիկացիների փողերով կառուցված կենսաբանական լաբորատորիաներում Հայաստանի վարչապետը մուտք ու ելքի «քարտ բլանշ» է տվել Ռուսաստանին, կամ էլ արեւմտյան կապիտալ ներկայացնող Ամուլսարի նախագծի գրեթե ձախողման դատապարտված վիճակը։ Այս ամենից հետո մնում է հուսալ, որ Հայաստանում գործող աշխարհաքաղաքական ստատուս քվոն եւ հավասարակշռությունը հաջորդիվ կվերականգնվեն։


Տիգրան ՎԱՀԱՆԵ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930