Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հանձնարարությամբ աուդիտ էր իրականացվել «Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում, որի տնօրենը ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանն է։ Աուդիտի հաշվետվությունը, որտեղ եղել են ենթադրյալ տարաբնույթ չարաշահումներ պարունակող տվյալներ, մարզպետն ուղարկել էր Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին։
Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդված 1-ին մասի և 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահման ու պաշտոնական լիազորությունների անցման փաստերով։։
Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին կետով՝ այն է «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը», սահմանվում է․
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»
Առավել խիստ պատիժ սահմանում է 309 հոդվածի, այն է՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը» 3-րդ կետը ։
1.Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2.Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3.Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նման դեպքերը 1000000-ներով են: Դրա համար էլ ՀՅԴ-ն Քոչարյանի կողքին է: Ոչինչ: Սրանց հերթն էլ կգա: