Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Ձայնագրությունն ընդամենը ապացուցում էր, որ նոր իշխանությունները ստել են՝ պնդելով, թե իրենք չեն պատվիրել ՀՔԾ-ի կողմից իրականացվող դատական հետապնդումները. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 13,2018 12:36

Ի վերջո, մինչ օրս ոչ ոք չգիտի, թե ո՞վ է հրապարակել ձայնագրությունը եւ ի՞նչ նպատակով։ Միգուցե մեր արտաքին թշնամինե՞րն են որսացել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցությունը եւ անմիջապես հրապարակ են նետել երկրում ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու եւ սեփական ագրեսիայի դուռը բացելու համար։

Նման պայմաններում տարրական համարժեքություն ունեցող պետական գործիչը նախ պարտավոր էր պարզել տեղեկատվության հրապարակման աղբյուրն ու մոտիվը, հետո նոր միայն կատարել քաղաքական քայլեր։ Իսկ այդ քայլերից առաջինը պետք է լիներ հրապարակված ձայնագրության իսկությունը հերքելը։ Եթե դա տեղի չի ունեցել, ընդհակառակը, հաստատվել է դրա բովանդակությունը, ապա ի՞նչ իմաստ ունեին Դավիթաշենում վարչապետի հնչեցրած խռպոտ գոռգոռոցներն ու սպառնալիքները։

Չէ՞ որ ձայնագրությունն ընդամենը ապացուցում էր, որ նոր իշխանությունները ստել են՝ պնդելով, թե իրենք չեն պատվիրել ՀՔԾ-ի կողմից իրականացվող դատական հետապնդումները։ Հիմա, երբ պարզվել է, որ նոր իշխանությունը խաբել է հանրությանը, նրա կողմից արտանետվող տեղեկությունները 2008-ի «Մարտի 1»-ի առանձին դրվագների մասին կամ «Սաշիկի 30 միլիոնի» պատմությունը պարզապես հիշեցնում են ռուսական հայտնի «Я про Ивана – ты про болвана» տրամաբանությունը։ Փողոցը դատարան չէ, ուր պարտադիր ներկա է լինում նաեւ մեղադրվող կողմը։

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Դավիթաշենում վարչապետի հնչեցրած տարօրինակ հայտարարությունների որոշ դրույթներ երեկ հերքվել են անգամ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի կողմից, որը 2008-ի մարտի 1-ին լինելով գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետը՝ այժմ խիզախություն ունի հայտարարելու, որ այդ օրերին առաջնագիծը նոսրացված չի եղել, եւ սահմանի պաշտպանությունը չի թուլացել։

Սա արդեն, ինչպես ասում են, վերջն է։ Երկրի անվտանգության համար պատասխանատու գլխավոր կառույցի իրական ղեկավարը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, փաստորեն հերքում է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության համար պատասխանատու թիվ մեկ պաշտոնյայի խոսքը։ Բայց ինչու չպետք է հերքի, երբ այդ նույն թիվ մեկ պաշտոնյան երկրորդելով Կարգին Հայկոյի նման կատակերգակներին՝ սեւ ու սպիտակի է բաժանում մի ժողովրդի, որն այսօր կանգնած է պատերազմի վերսկսման լրջագույն վտանգի առաջ, իսկ նրան ռազմի դաշտ է առաջնորդելու նույն գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930