Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին անդամը պարզաբանում է ՀՔԾ պետի հայտարարությունը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 13,2018 12:17

Գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց։

Նա մասնավորապես հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչեւ մարտի 8-ը նախկին պաշտոնյաները, օլիգարխները զինծառայողներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար։ ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները եւս կհրապարակվեն։ Սասուն Խաչատրյանը նաեւ ցույց տվեց մի մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարները ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։ «Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»,- մասնավորապես հայտարարեց ՀՔԾ պետը։ Վերջինիս խոսքով սա արդեն իսկ քրեական զործով հիմնավորվել է։ Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին։

Երեկ մամուլն արդեն իսկ ներկայացրել է հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները եւ զինվորական կոչումները; Նրանք ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ստորաբաժանման զինծառայողներն են։ Նրանցից մեկն, ըստ այդ «մատյանի»,Վասակ Ավետիսյանն է. նա 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ, ապա գնդապետ, նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար։ Տեղեկացանք, որ նա սույն թվականի մարտի 1-ին ուղարկվել է կադրերի ռեզերվ։

Երեկ հաջողվեց գտնել Վասակ Ավետիսյանին եւ մի քանի հարց ուղղել նրան։

– 2008-ի փետրվարից մինչեւ մարտի 8-ը ի՞նչ ծառայություն եք իրականացրել, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել։

– Փետրվարի դեպքերից սկսած ճիշտն ասած չեմ հիշում որ օրվանից եղել ենք զորանոցային վիճակում եւ ինչքան հիշում եմ՝ մարտի 2-ին կամ 3-ին են մեզ առաջադրանք տվել, որպեսզի պահպանենք պետական օբյեկտները, մենք ընդամենը պահպանել ենք քաղաքապետարաններ, կրկեսներ, ճանապարհն ենք փակել Հաղթանակ կամրջից դեպի էս կողմ, որպեսզի հոսք չլինի՝ մինչեւ ներքին զորքերը գան եւ այլն։

– Երեկ ՀՔԾ պետը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կողմից գումարներ են տվել՝ իրենց ունեցվածքը պահպանելու համար։ Ցուցակում նաեւ ձեր անունը կա նշված։ Ո՞վ է ձեզ գումար փոխանցել, ումի՞ց եք ստացել։

– Ճիշտն ասած, ես այդ գումարի մասին չէի էլ հիշում, որ մենք գումար ենք ստացել, բայց ես էլի եմ ասում, երբ որ պահում են զորանոցային վիճակում, կամ քեզ ուղարկում են դիրքեր, կամ արտաժամյա ծառայություն ես իրականացնում, դրա համար պետությունը պարտավոր է քեզ վճարելու, եթե ասում են դա օլիգարխներ են վճարել, ես օլիգարխ չեմ տեսել, որ ինչ-որ մի օլիգարխ բերի ինձ տրամադրի։ Էդ գումարը զորամասի ֆինանսական ծառայության պետն է գնացել բերել, ես նույնիսկ չէի էլ հիշում, որ գումար եմ ստացել, նայել եմ իմ անունը, ստորագրությունը, նոր հիշել եմ, արդեն 10 տարի է անցել, չեմ հիշում։ Եթե քաղաքապետարանը, կրկեսը ու իր հարակից տարածքը ինչ-որ մի օլիգարխի սեփականությունն է, դա արդեն չգիտեմ՝ ով է էդ հոդվածը տպել:

– ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարով զինծառայողներին վարձել են։

– Ինձ ոչ մեկը չի կարող վարձել, ինձ, կոնկրետ ինձ։

– Որպես բանակի սպա՝ պատասխանատու զգո՞ւմ եք Մարտի 1-ի համար։

– Ոչ մի հարցում ես մեղավոր չեմ, որպես բանակի սպա ինձ պատասխանատու չեմ զգում մարտի 1-ի ցանկացած գործողության համար, որովհետեւ ես մարտի 1-ի գործողության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել։ Իմ ստորաբաժանումը պահպանել է քաղաքապետարանը, որպեսզի չմտնեն, չգողանան, չթալանեն, դա ընդհանրապես կապ չունի մնացած իրադարձությունների հետ, ես խնդրում եմ՝ դա հանկարծ ուրիշ ձեւ չմեկնաբանեք։ Ես հայ ազգի վրա կյանքում զենք չեմ բարձրացնի։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930