ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումների հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով արտահերթ նիստ է հրավիրվելու: Քանի որ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողները ՀՀԿ պատգամավորներն են, «Ելք» խմբակցությունը մի քիչ վերապահումով է մոտենում այս հարցին: «Ելք» խմբակցության անդամներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն ասացին, որ չեն քննարկել ու չեն կարող դիրքորոշում հայտնել՝ պե՞տք է նման հանձնաժողով թե՞ ոչ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը գտնում է, որ դրա կարիքը չկա, քանի որ դատախազությունում արդեն գործ է հարուցվել. «Բայց քանի որ մենք միշտ բաց ենք եղել, որ որեւէ հարց մեկի համար մութ չմնա, հաշվի առնելով, որ իրոք ձայնագրության մեջ այնպիսի բան չկա, որից ես հիմա կամաչեմ կանգնել այստեղ, թող ստեղծվի, ինչ է եղել: Եթե նորմալ ձեւակերպումներով լինի, թող ստեղծվի, տեսնենք մեր ՀՀԿ-ական գործընկերները ինչ են ուզում ասած լինել: Արփինե Հովհաննիսյանը երեկ չսպասելով փաստաթղթին, ասել է, որ դա իրականությանը համապատասխանող ձայնագրություն է, արդեն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ նման բան կա, ես ակամայից հիշեցի այն օրինակը, երբ Զարուհի Հովհաննիսյանը քննադատությամբ հանդես եկավ ՀՀԿ-ի հանդեպ ու ինչ հոխորտանքներ հնչեցին Զարուհի Փոստանջյանի նկատմամբ: Ակամայից դա հիշեցի»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովի վերնագիրը, որը դրվել է շրջանառության մեջ, արդեն իսկ որակումներ է պարունակում: Հարցին՝ ձեր կարծիքով, ՀՀԿ-ն ուզում է իրականությունը պարզե՞լ, թե՞ այլ նպատակներ ունի՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, ՀՀԿ-ն փորձում է այս իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն, բայց մի մեծ խնդիր ունեն՝ ժողովրդի սատարում չունեն, ինչքան էլ փորձեն»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Նման ճանապարհով փորձում են ազդել մեր ներվերի վրա, փորձում են մեզ հունից հանել: Հարգելիներս, մենք ընդդիմություն ենք եղել, ոչ վախեցել ենք, ոչ էլ ներվայնացել ենք, այդ բոլոր հնարքները մեր դեմ աշխատել են, մեզ գաղտնալսել են, մեզ բանտ են նետել: Հիմա չենք վախենում, մեզ ՀՀ ժողովուրդը տվել է այդ մանդատը, որ իրականացվի արդարադատություն եւ այն գումարները, որ գողացվել են, հետ բերվեն: Մարդիկ, ովքեր կրակել են մարդկանց վրա, պատժվեն: Հիմա իրենք փորձում են ապացուցել, որ այն մարդիկ, որոնք կրակել են, անմե՞ղ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Ալեն Սիմոնյանի այս դիտարկումներին. «Ի գիտություն պարոն Ալեն Սիմոնյանի՝ ԵԽԽՎ-ում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։ Փարիզի ժամանակով հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ժամը 10-ից 18-ը. (Երեւանի ժամանակով 12։00-20.00)։
ԵԽԽՎ եւ նրա մարմինների գործունեության անգամ մակերեսային իմացությունը ՀՀ ԱԺ պատգամավորին պետք է հուշեր, որ Հայաստանը գտնվում է մոնիթորինգի ենթակա երկրների շարքում, ուստի հենց մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է ուսումնասիրել Հայաստանում կատարվող իրադարձությունները։ Հանձնաժողովը իր պարտականությունների շրջանակում մշտական ռեժիմով ուսումնասիրում եւ ստանում է մոնիթորինգի ենթակա երկրների, այս դեպքում՝Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն եւ իր զեկույցների մեջ արտահայտում է զեկուցողների եւ ԵԽԽՎ տեսակետը։ Ընդհանուր պրակտիկան այն է, որ բոլոր ժամանակներում նշված զեկույցները պատրաստելիս միշտ էլ լսելի էին եղել երկրում տիրող իրադարձությունների վերաբերյալ թե՛ քաղաքական իշխանության, եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը։ Ինչ վերաբերում է հարցի՝ արտահերթ քննարկմանը առաջիկա հանձնաժողովի նիստում, ապա դա կատարվում է այն պատճառով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում ԵԽԽՎ-ում և նրա կառույցներում:
Հ.Գ.Զարուհի Փոստանջյանի դեպքը աննախադեպ է այն տեսանկյունից, որ ԵԽԽՎ պատմության մեջ գրեթե չկա դեպք, երբ երկրի ղեկավարը գտնվում է նիստերի դահլիճում եւ տվյալ երկրի պատվիրակության անդամը հարց է ուղղում նրան»: