Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտարարել է, որ Հալեպ կմեկնեն հումանիտար ականազերծողներ, բժիշկներ և նրանց աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովող անձնակազմ: Այս որոշումը Հայաստանում մեծ ուշադրության չի արժանացել միայն այն պատճառով, որ բավական թեժացել է ներքաղաքական իրավիճակը: Մինչդեռ Սիրիայի առնչությամբ որոշումը ունի իսկապես ահռելի նշանակություն:
Պետք է նշել, որ այս թեման ռուսական կողմի հետ օրակարգում հայտնվել է դեռևս 2017 թվականից, և այդ մասին բարձրաձայնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սիրիայում Ռուսաստանի հետ մարդասիրական առաքելության իրականացումը հայաստանյան որոշ շրջանակներում խնդրահարույց է դիտարկվում այն առումով, որ այնտեղ ՌԴ-ն Արևմուտքի հետ հակադիր քաղաքականության մեջ է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներգրավումը կարժանանա Արևմուտքի դժգոհությանը:
Նոմինալ այս տրամաբանությունը, սակայն, կարծես թե այնքան էլ համարժեք չէ իրավիճակին: Որովհետև այդկերպ, փաստորեն, մենք պետք է որպես պետություն ընդամենը զբաղվենք մի բանով՝ կողմնորոշվել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ու այդպես էլ չգալ որևէ եզրահանգման, որովհետև Ռուսաստանին ընտրելու դեպքում Արևմուտքը կպատժի, Արևմուտքին ընտրելու դեպքում՝ Ռուսաստանը: Սա պետականությանը համարժեք մոտեցում և մտածողություն լինել չի կարող: Պետությունն, ի վերջո, նաև այն բանի համար է, որ նախ՝ ունենա մի քանի գործընկերներ, և երկրորդ՝ ունենա իրարամերժ գործընկերներից որևէ մեկին մյուսի հետ իր աշխատանքը բացատրելու կարողություն և հմտություն, եթե այդ աշխատանքը, ըստ էության, մյուս գործընկերոջ շահերի արեալում չէ:
Այս տեսանկյունից, Հայաստանը պետք է կարողանա բացատրել Արևմուտքին, որ մենք չենք կարող անտեսել Հալեպի մեր տասնյակ հազար հայրենակիցներին, ըստ այդմ՝ մենք չենք խառնվում որևէ քաղաքական բախման, մենք ընդամենը որպես պետություն փորձում ենք եղած խողովակով ցուցաբերել մեր մարդասիրական աջակցությունը, քանի որ այլ խողովակ այս պահին պարզապես գոյություն չունի: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, կարող է լինել նաև այն, որ եթե որևէ խողովակ առաջարկի նաև Արևմուտքը, ապա հայկական կողմը պատրաստ է մարդասիրական՝ ոչ քաղաքական դիրքավորման տրամաբանությամբ ներգրավվել նաև այդ խողովակով: Այսինքն՝ այստեղ մասնակցությունը Հայաստանի շահերից է բխում այնքան, ինչքան Հայաստանի շահերից է բխել մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին Իրաքում, Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում: Եվ վտանգներն ու ռիսկերն էլ, ըստ էության, այդքան են:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում