Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. «Ակնհայտ է, որ Երեւանը չի ստանա Հարությունյանին: Ինձ թվում է՝ բավականին ակնհայտ է նաեւ այն, որ Երեւանը Խաչատուրովին էլ չի ստանա». «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2018 11:44

Սեպտեմբերի 8-ին Կրեմլում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, որից հետո ՀՀ վարչապետն իր էջում գրեց, թե «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»: Արդյոք իսկապե՞ս փայլուն են, թե՞ սա հայտարարություն էր «ներքին սպառման» համար․ զրուցեցինք «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ:

– Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական գործիչների զգալի մասը, այդ թվում՝ Պուտինի մոտ ընկեր Ռոբերտ Քոչարյանը, կարծում են, թե չի կարելի այդպես խոսել Ռուսաստանի հետ: Քոչարյանը հայտարարեց, թե ինքը սարսափում է Փաշինյանի այն արտահայտությունից, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանի իրավիճակին: Հայաստանում կա ընկալում, որ «ահեղ Պուտինի» հետ չի կարելի այդպես խոսել: Ձեր կարծիքով՝ Փաշինյանի այդ խոսքն ունեցե՞լ է ինչ-որ հետեւանք:

-Ինձ թվում է՝ դա շատ օգտակար կլիներ Հայաստանում ընթացող ներքաղաքական պայքարի ոճն ուսումնասիրելու առումով: Քոչարյանը բացահայտեց իր գլխավոր հաղթաթուղթը, իր հարձակման գլխավոր ուղղությունը՝ հայ-ռուսական հարաբերությունները: Բայց իմ կարծիքով՝ այս թեման երկրորդական է: Եթե Փաշինյանը կարողանա ապացուցել իր ունակությունն այլ հարցերում, ապա հայ-ռուսական հարաբերությունների, «ահեղ Ռուսաստանի» եւ Քոչարյանի հետ ընկերություն անող «ահեղ Պուտինի» թեման այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրի, որովհետեւ Ռուսաստանի հետ հարաբերություններն իրականում ոչ թե արժեքային, այլ գործիքային մի բան են, թեեւ Քոչարյանը փորձում է այդ հարաբերությունները ներկայացնել որպես արժեքային: Դրա շուրջ էլ կլինի վեճը, եւ ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչով կավարտվի այն: Ինձ թվում է՝ Քոչարյանի համար հիմա ավելի կարեւոր է լուծել ներքաղաքական բնույթի ռազմավարական հարցերը:

– Փաշինյանը տեղեկացրել է, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Միքայել Հարությունյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարցը: Մ. Հարությունյանին Ռուսաստանում պահելն ինչ-որ լծա՞կ էր Պուտինի ձեռքում՝ ուժեղացնելու իր բանակցային դիրքերը Փաշինյանի հետ հանդիպումից առաջ:

-Չեմ կարծում, թե Մոսկվային պետք է ինչ-որ լծակ Փաշինյանի դեմ: Կարծում եմ՝ դա Փաշինյանի համար Մոսկվայի կողմից գծված «կարմիր գծի» մի մասն է: Ակնհայտ է, որ Երեւանը չի ստանա Հարությունյանին: Ինձ թվում է՝ բավականին ակնհայտ է նաեւ այն, որ Երեւանը Խաչատուրովին էլ չի ստանա, եւ քանի որ այս երկու գործիչները շատ կարեւոր են 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության տեսանկյունից, ապա ինձ թվում է՝ Մոսկվան հասկացնում է, որ հետաքրքրված չէ Մարտի 1-ի գործի հետաքննությամբ եւ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդմամբ: Հավանաբար, Փաշինյանն ու Պուտինը քննարկել են այս հարցի հետ կապված որոշ ուրվագծեր եւ փոխզիջումներ: Չէին կարող չքննարկել, որովհետեւ այս հարցը երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացնող գլխավոր խնդիրն է, եւ ինձ թվում է, որ երկու կողմերն էլ փնտրում են ինչ-որ բանաձեւ, որը ձեռնտու կլինի երկուսին էլ: Գուցե ես սխալվում եմ, բայց ես լուրջ կասկածներ ունեմ, որ Քոչարյանը բանտ չի նստելու: Գուցե հետաքննությունը կշարունակվի, բայց կոնկրետ մարդիկ չեն դատապարտվի ազատազրկման, եւ եթե ինչ-որ մեկին պատժեն, ապա դա Քոչարյանը չի լինի:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930