«Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել Վայոց ձորի մարզի խոշորացված Շատին համայնքում: 2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Ու չհաշտվելով իր պարտության հետ` տեւական ժամանակ է՝ նրա կողմնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում: Հիմա էլ ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել է համայնքապետարանը՝ պարալիզացնելով համայնքի աշխատանքները:
Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում: Մեր թերթի երկու աշխատակիցներն իրավիճակին ծանոթանալու համար այցելել էին Շատինի համայնքապետարան: Արձանագրեցինք, թե ինչպես են բնակիչները բեռնատար մեքենայով փակել համայնքապետարանի բակը, համայնքապետարանի աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա դռանը: Այստեղ էլ տեղի է ունեցել ողջ միջադեպը. բնակիչներից մի քանիսը հարձակվել են մեր թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել: Նրանց անունները հայտնի է՝ Շիրակ Հարունյան, Նվեր Հովհաննիսյան, Զվարթ Սմբատյան, Ժաննա Խուդոյան, Գեղանուշ Եղոյան: Թե ով այդ միջադեպին ինչ մասնակցություն է ունեցել, մանրամասն ներկայացված է 4-րդ էջի հրապարակման մեջ:
Մինչ այդ, արձանագրենք` Շատինում ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն իշխանություններն են՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Արագած Սաղաթելյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը: Եւ նրանք, ըստ էության, պարտավոր են լուծել իրավիճակը: Նաեւ իրավապահները պետք է մեր այս հրապարակումն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատժեն «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: