Թերեւս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձեւակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում։
Պետք է նշել, իմ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձեւերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետեւանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձեւակերպումները։ Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ եւս: Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում եւ փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։ Դրանցից շատ ունեք։
Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար