Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է սառնասրտություն

Սեպտեմբեր 13,2018 10:06

Նախորդ հոդվածում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը համեմատեցի մի շարք այլ հանցագործությունների, այդ թվում՝ «Հոկտեմբերի 27-ի» եւ «Մարտի 1-ի» հետ: Խոսքն այն մասին էր, որ խաղաղ ցուցարարների սպանդը հանցագործություն էր, որը կազմակերպվել է այստեղ՝ Հայաստանում, իսկ ահաբեկչությունը խորհրդարանում, իմ կարծիքով, չի կարող լինել միայն «ներսի ուժերի» գործ: Ըստ այդմ՝ «Հոկտեմբերի 27»-ը շատ ավելի դժվար է բացահայտել: Բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսումն իհարկե իր մասշտաբներով չի համեմատվի այս երկու հանցագործությունների հետ: Բայց դրանք նման են մի բանով՝ երեքն էլ բիրտ, լկտի հարձակում են մեր պետության վրա:

Այս պարագայում ամենակարեւոր հատկությունը, որը պետք է դրսեւորեն կառավարությունն ու հասարակությունը, սառնասրտությունն է: Օրինակ՝ ակնհայտ է, որ մեր օլիգարխներն ունեն իրենց սեփական «ոստիկանություններն» ու «ԱԱԾ»-ները, որոնք սերտ կապեր ունեն պետական կառույցների հետ: Այդ անօրինական կառույցները «հարցեր են լուծում» թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականության մեջ, այդ թվում կարող են նաեւ գաղտնալսումներ կատարել: Դա մի ամբողջ կծիկ է, որը սկսել է ձեւավորվել առնվազն 1995 թվականից եւ գոյություն ունի նաեւ այս պահին: Բայց ամբողջ ցավն այն է, որ մի «ռեյդով» եւ երկու ժամում այդ խնդիրը հնարավոր չէ լուծել: Ինչպես եւ հնարավոր չէ մի քանի ամսում հրաժարվել գործադիր իշխանության՝ դատարանների վրա ազդելու պրակտիկայից: Երբ պետության առաջին դեմքը հորդորում է իրավապահ մարմնի ղեկավարին ինչ-որ մեկին «փակել» (այսինքն՝ ազատազրկել), նույնիսկ եթե այդ «ինչ-որ մեկը» մոլագար-մարդասպան լինի, դա նախորդ տասնամյակների պրակտիկայի շարունակությունն է: Եվ երբ իրավապահը զանգում է դատավորին եւ հայտնում է իր ցանկությունների մասին, դա նույնպես նախահեղափոխական շրջանի ավանդույթ է:

Բայց ոչ մի բանից պետք չէ ողբերգություն սարքել: Առաջ գնալու համար հարկավոր է համբերություն, պետական եւ քաղաքական գործիչների սթափություն ու զսպվածություն, արդարացի կամ անգամ անարդար քննադատությունը լսելու բարձր մշակույթ: Մանավանդ որ բացասականի՝ բոլշեւիզմի եւ հեղափոխականության դրսեւորումների կողքին կա նաեւ դրականը: Իսկ դրականն այս պատմության մեջ հետեւյալն է: Սկանդալից հետո մի քանի ժամ անց ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը հանդիպեցին լրագրողների հետ: Նրանց բացատրությունները եւ մեկնաբանությունները բավարար էին, թե ոչ՝ տվյալ դեպքում երկրորդական հարց է: Կարեւոր է, որ նրանք չփախան եւ չթաքնվեցին:

Պատկերացնո՞մ եք, թե ինչ կլիներ հեղափոխությունից առաջ: Այդ պաշտոնյաները մի 2-3 ամսով կկորեին, իսկ հետո, եթե որեւէ լրագրող հանկարծ որեւէ միջանցքում հանդիպեր նրանց, այս պաշտոնյաները կասեին՝ «ես այդ հարցին արդեն պատասխանել եմ եւ ավելացնելու բան չունեմ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Չեկայի» սպայի հիմնական հատկանիշներն են «Սառը գլուխ, ջերմ սրտ եւ մաքուր ձեռքեր»:
    «Երկաթյա Ֆելիքս»

    1998-2008 թվականներին, Նախագահի հրաժարականից հետո կատարված քաղաքական, քրեական եւ կիսաքրեական աղմկահարույց սպանությունները: Այսպիսով «Привет Серож կամ LTP vendetta»՝

    Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով’ նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը եւ ինքնասպան եղել:

    Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Բացահայտման համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. Դատախազ Հենրիկ Խաչատրյանին եւ ինքնասպան եղել:

    Վահրամ Խորխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:

    Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով’ երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

    Վազգեն Սարգսյան. ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը՝ կազմակերպիչների մասով բացահայտված չէ:

    Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

    Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

    Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

    Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

    Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:

    Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

    Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

    ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում ԲաղրամյանևԿիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու:

    Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի արդյունքում: Սպանությունը բացահայտված չէ:

    Պողոս Պողոսյան. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում’ նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար: Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը’ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:

    Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:

    Աշոտ Մխիթարյան. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ եւ հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել եւ սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման եւ պայմանական ազատ արձակվեց:

    Տիգրան Պետրոսյան. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:

    Ռոլանդ Մկրտչյան. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել եւ սպանվել:

    Շահեն Հովասափյան. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան’ ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղեւորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:

    2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:

    2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը:

    1998-2008 քրեական եւ կիսաքրեական աղմկահարույց սպանություններ

    Վանուշ Թորոսյան. «Դվին» հյուրանոցի տնօրեն: Սպանվել է 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում հրազենային կրակոցից: Նրա հետ միասին սպանվել էին նաեւ ԱՎՄ /Ազատամարտի վետերանների միություն/ նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը եւ ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:

    2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ զոհվել է Մհեր Տեր-Հովհաննիսյանը:

    Ռաֆայել Շահմուրադյան. Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005 թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում’ Տոլյատի քաղաքի ճանապարհին: Դրանից մեկ տարի առաջ’ մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:

    Լեւոն Գուլյան. «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն’ 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաեւ’ Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ եւ մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն իբր նա ցանկացել է փախուստի դիմել եւ 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:

    Սեդրակ Զատիկյան. Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006 թ.հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաեւ անցորդ, 1969թ ծնված Կարինե Սարգսյանը:

    Ալեքսանդր Գիվոեւ. Սպանվել է 2006 թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա’ գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաեւ վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:

    2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը եւ Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետեւ հրազենից կրակել եւ սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930