Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասնագիտական վերլուծություն եւ առաջարկ

Սեպտեմբեր 13,2018 13:30

Խորհրդարանական կայուն մեծամասնության փլուզումը որպես իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակման հիմք

2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով չի բացառվում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ինքնալուծարման մասին որոշում կայացնել Ազգային ժողովին՝ առանց վարչապետի հրաժարականի նախապայմանի:

Հաշվի առնելով քննարկվող հարցի արդիականությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաեւ կարեւորությունը, անհրաժեշտ ենք համարում համալիր վերլուծության ենթարկել ՀՀ գործող իրավակարգավորումները՝ հանգելով հետեւության, որ եթե վերջնական որոշում կայացվի Ազգային ժողովի ինքնալուծարման նպատակով սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ապա տրամաբանական կլինի սահմանադրությամբ ամրագրել, որ Ազգային ժողովում կայուն քաղաքական մեծամասնության փլուզման դեպքում Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է:
Վերը նշված առաջարկության հիմքում դրված են հետեւյալ հիմնավորումները: Այսպես.
ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո: Այլ կերպ ասած, Ազգային ժողովի արտահերթ ընտրություն կարող է կայանալ բացառապես հետեւյալ դեպքերում:

1. ՀՀ վարչապետը ներկայացնում է հրաժարական, եւ Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրում:
2. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան դարձյալ չի ընտրում նոր վարչապետ:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դրույթը սահմանված է Սահմանադրության 92-րդ հոդվածով, իսկ վերջինս ամրագրված է Սահմանադրության 4-րդ գլխում: Սրանից հետեւում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածով սահմանված կարգով նշված հոդվածում փոփոխություն կարող է կատարել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Հատկանշական է, որ համապատասխան փոփոխության նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ Ազգային ժողովի կողմից սահմանադրության մեջ որեւէ փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է 70 պատգամավորի ձայն:

Իսկ եթե որեւէ դեպքում հնարավոր չլինի ապահովել 70 ձայն, ապա այն կարող է հաղթահարվել միայն այն դեպքում, եթե սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար շրջանառության մեջ դրված նախագիծը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ (63 պատգամավոր) դրվի հանրաքվեի: Այսպիսով, հարկ է արձանագրել, որ գործող իրավակարգավորումների շրջանակներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել միայն այն դեպքում, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի հրաժարական, իսկ հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ չընտրի վարչապետ, որից հետո նոր միայն Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով: Սահմանադրական փոփոխություններ կատարելու միտքն, ըստ ամենայնի, ծագել է այն մտահոգությունից, որ վարչապետի հնարավոր հրաժարականից հետո գործող Ազգային ժողովը կարող է ընտրել այլ վարչապետ, ըստ էության, փակելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը: Առհասարակ, այս հարցը շրջանցելու եւ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար ի սկզբանե կային հնարավոր հետեւյալ սցենարները.
1. Իր ընտրվելու օրը՝ ս.թ. մայիսի 8-ին, Ն. Փաշինյանը կոչ էր անում Ազգային ժողովին չընտրել իրեն վարչապետ, որից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում էր, եւ հունիս ամսին անցկացվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքների հիման վրա Ն. Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժն անկասկած շռնդալից հաղթանակ էր գրանցում՝ ձեւավորելով կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ իրավունք ստանալով ձեւավորելու կառավարություն:
2. Ս.թ. հունիս ամսին իր կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետ Ն. Փաշինյանը կոչ էր անում Ազգային ժողովին չհաստատել այն, որից հետո Ազգային ժողովի քաղաքական ուժերի հետ ձեռք բերելով քաղաքական համաձայնություն, որ Ազգային ժողովն իր հրաժարականից հետո այլ վարչապետ չի ընտրի (այդ ժամանակ որեւէ քաղաքական ուժ անգամ համարձակություն չէր ունենա այլ թեկնածուի անուն շրջանառության մեջ դնել), ինքը մնում էր որպես վարչապետի պաշտոնակատար, եւ արդեն հուլիս ամսին անցկացվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքների հիման վրա Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժը կրկին շռնդալից հաղթանակ էր գրանցում՝ ձեւավորելով կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ իրավունք ստանալով ձեւավորելու կառավարություն:
Ենթադրվում է, որ Ն. Փաշինյանն ունեցել է առավել քան ծանրակշիռ հաշվարկներ եւ հիմնավորումներ՝ այս հնարավորությունները չօգտագործելու համար, որպես առավելություն ունենալով այն հանգամանքը, որ սահմանադրության ուժով Ազգային ժողովը մինչեւ 2019թ. մայիսի 8-ը չի կարող որեւէ սպառնալիք ստեղծել իր համար: Այդուհանդերձ, մինչեւ սահմանադրական հնարավոր փոփոխությանն անդրադառնալը, հարկ է արձանագրել հետեւյալը. ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը:

Ընդսմին, սահմանադրության ուղղակի պահանջն է, որ Ազգային ժողովում լինի կայուն քաղաքական մեծամասնություն, որն այսօր փաստացի գոյություն չունի:
Ավելին, գործող իրավակարգավորումների շրջանակներում, որքան էլ որ անհեթեթ է հնչում, այդուհանդերձ, թե «ԵԼՔ» խմբակցությունը, թե ՀՅԴ-ն, եւ թե «Ծառուկյան» դաշինքը, ովքեր ձեւավորել են կառավարություն, չեն կարող համարվել կառավարող քաղաքական ուժեր, իսկ ՀՀԿ-ն, ֆորմալ առումով ունենալով մեծամասնություն, միաժամանակ չունենալով գործադիր իշխանություն, չի կարող համարվել ընդդիմադիր քաղաքական ուժ այն պարզ պատճառաբանությամբ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ կառավարության կազմավորման վերաբերյալ կուսակցությունները պետք է հուշագիր ստորագրեն:
Այն կուսակցությունները, որոնք ստորագրելու են այդ հուշագիրը, համարվելու են կառավարող, իսկ այն կուսակցությունները, որոնք չեն ստորագրելու, համարվելու են ընդդիմադիր: Այս դեպքում «ԵԼՔ»-ը, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը օրենքով սահմանված կարգով որեւէ հուշագիր չեն ստորագրել, բայց փաստացի կառավարում են, իսկ ՀՀԿ-ն, փաստորեն չունենալով գործադիր իշխանություն, միեւնույն ժամանակ ֆորմալ առումով ամենամեծ թվաքանակն ունեցող խորհրդարանական ուժն է: Վերը նշված հանգամանքների համակողմանի վերլուծությունից հետեւում է, որ այս պահին խախտված են վերը նշված սահմանադրական իրավանորմերը, եւ Հայաստանի Ազգային ժողովում փաստացի գոյություն չունի կայուն խորհրդարանական մեծամասնություն:
Վարչապետ Ն. Փաշինյանի կողմից Ազգային ժողովի ինքնալուծարման համար սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարը շրջանառության մեջ դնելուց հետո առանձին քաղաքական գործիչներ, իրավաբաններ եւ մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, որ խորհրդարանի ինքնալուծարումը չպետք է ինքնանպատակ լինի:
Ավելին, ընդգծվել է, որ եթե խորհրդարանն աշխատում է եւ չի ցուցաբերում անգործություն, ինչո՞ւ պետք է ինքնալուծարվի: Այս գաղափարի կողմնակիցները կարծում են, որ պառլամենտարիզմի պայմաններում խորհրդարանները գնում են ինքնալուծարման՝ բացառապես անգործունակության պատճառով։ Այո, արտաքուստ տրամաբանական հիմնավորում է: Իսկապես, եթե որեւէ խորհրդարան աշխատում է իր իրավասությունների շրջանակներում եւ չի ցուցաբերում անգործություն, դժվար է գտնել նրան արձակելու հիմքեր:
Իմ կարծիքով, խորհրդարանի ինքնալուծարման հարցը չպետք է պայմանավորել բացառապես անգործության հանգամանքով: Այս տեսանկյունից կամ այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ոչ մի խորհրդարան երբեք չի ինքնալուծարվի, քանի որ որեւէ պատգամավոր, թեկուզ միայն սեփական շահերից ելնելով, երբեք անգործություն չի դրսեւորի, ինչը հիմք կտա խորհրդարանի լուծարման համար:

Մեր դեպքում գործ ունենք առավել խորքային խնդրի հետ, իսկ դա կայուն խորհրդարանական մեծամասնության հարցն է: Գործող սահմանադրության տրամաբանության եւ փիլիսոփայության շրջանակներում, ՀՀ որեւէ կառավարության գործունեությունը բնականոն եւ արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ այդ կառավարությունը վայելում է խորհրդարանի աներկբա վստահությունը եւ հանդիսանում է նրա քաղաքական հենարանը: Եթե խորհրդարանում չկա կայուն մեծամասնություն, ապա ամեն տարի կարող են վարչապետին անվստահություն հայտնել եւ փոխել կառավարությունները, ինչը կնշանակի պետությանը մշտապես պահել քաղաքական անկայունության դաշտում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Գործող սահմանադրությամբ կայուն խորհրդարանական մեծամասնության գաղափարի ներդնումը սահմանադիրը, ըստ էության, պայմանավորել էր այն հանգամանքով, որ այն ապահովելու էր կառավարության բնականոն գործունեությունը:
Ավելին, այդ գաղափարի հիմքում դրված էր այն հայեցակարգը, որ ընտրողները, բացի պառլամենտ ձեւավորելու սահմանադրական իրավունքի իրացումից, հնարավորություն են ստանում որոշել, թե որ քաղաքական ուժն է ձեւավորելու կառավարությունը, այլ կերպ ասած, կայուն քաղաքական մեծամասնության կոնցեպտի պայմաններում կառավարությունը փաստացիորեն որոշվում է ընտրողների կողմից: Ուստի այս համատեքստում, գործող սահմանադրության եւ սահմանադրական օրենքների շրջանակներում պետությունը կարող է հայտնվել պերմանենտ քաղաքական կատակլիզմի հորձանուտում, եթե վարչապետը կամ կառավարությունը Ազգային ժողովում չունենան մեծամասնություն, կամ Ազգային ժողովում գոյություն չունենա կայուն խորհրդարանական մեծամասնություն:

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, եթե որեւէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը: Այլ կերպ ասած, կայուն խորհրդարանական մեծամասնությունը ենթադրում է պառլամենտի ընդհանուր թվի 54 տոկոսի առկայություն:

Անցած ամիսների իրադարձությունները լավագույնս ցույց տվեցին, որ որեւէ քաղաքական կատակլիզմի պայմաններում ոչ միայն հնարավոր է կազմալուծել կայուն խորհրդարանական մեծամասնությունը, այլեւ բացառել դրա հետագա կազմավորումը որեւէ այլ կոնֆիգուրացիայով: Այսինքն, գործող իրավակարգավորումների պայմաններում հնարավոր են այն դեպքերը, երբ Ազգային ժողովում անգամ այս կամ այն քաղաքական ուժերի միավորմամբ հնարավոր չլինի կազմավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն:
Քաղաքական համակարգի գոյություն ունեցող ներկապնակի, նոր-նոր սաղմնավորվող պառլամենտարիզմի, Հայաստանի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների, տարածաշրջանում աշխարհաքաղաքական տիրույթում խաղի կանոններ թելադրողների հակադիր հետաքրքրությունների, ներքին ժողովրդավարության պակասի պայմաններում միայն պատկերացնել կարելի է կայուն խորհրդարանական մեծամասնության բացակայության պայմաններում որեւէ կառավարության գործունեության վերջաբանը: Որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ որեւէ պարագայում վարչապետն ու կառավարությունը եւ Ազգային ժողովի մեծամասնությունը ոչ միայն նույն քաղաքական թիմից չլինեն, այլեւ գտնվեն հակադիր բեւեռներում:
Գիտեք, տեսականորեն եւ գործնականում այն կարող է լինել Դանիայում, Նորվեգիայում եւ այլ բարեկեցիկ ու կայացած ժողովրդավարական պետություններում:
Մեր դեպքում, երբ ցանկացած պահի կարող է բռնկվել պատերազմ, երբ քաղաքական ու կուսակցական համակարգը կայացված չէ, երբ հասարակությունը չունի ներքին իրավական կուլտուրա, եւ առկա է անկանոն արժեքային համակարգ, այսպիսի իրողությունը կարող է ուղղակի ստեղծել պայթունավտանգ իրավիճակ՝ ընդհուպ սպառնալով պետականության կորստի: Ուստի, այս պայմաններում, եթե խաթարված է կայուն խորհրդարանական մեծամասնության փիլիսոփայությունը, ավելին, այն փաստացի չի գործում, ավելին, պառլամենտում չկա կայուն խորհրդարանական մեծամասնություն, ուստի միայն այդ պատճառով Ազգային ժողովը պետք է արձակվի իրավունքի ուժով:

Վերլուծելով հիշատակված հանգամանքները՝ անկախ այսօրվա քաղաքական իրողություններից, գտնում եմ, որ Ազգային ժողովի լուծարման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար բավարար ու ծանրակշիռ հանգամանք է հանդիսանում կայուն խորհրդարանական մեծամասնության բացակայությունը: Ուստի, եթե վերջնական որոշում կայացվի Ազգային ժողովի ինքնալուծարման նպատակով սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ապա տրամաբանական կլինի սահմանադրությամբ ամրագրել, որ Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության փլուզման դեպքում Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է: Կարծում եմ, որ այս իրողությունների եւ Ազգային ժողովի ներկա խճապատկերի համատեքստում ներկայացված առաջարկը կարող է դիտարկվել որպես էական ու ծանրակշիռ փաստարկ՝ Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակելու համար:

ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ

Փաստաբան, «Նորիկյան
եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի ղեկավար

«Առավոտ»

12.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930