Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոթ շրջանների վերադարձ», ամերիկյան բիոլաբորատորիաներ, «Ռուսական երկաթուղիներ»

Սեպտեմբեր 13,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

Փաշինյան-Պուտին հանդիպման ամփոփման ուշագրավ կողմերը

Հայաստան-Ռուսաստան «փայլուն» հարաբերությունների եւ դրանցում խնդիրներ չլինելու իր արձանագրումները վարչապետ Փաշինյանը ամփոփեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո՝ հարցազրույց տալով ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին, որը շատ հաճախ է հանդես է գալիս ադրբեջանամետ հոդվածներով ու ակնհայտ ուղղորդված նյութերով: Ի դեպ, նկատենք, որ «Կոմերսանտի» լրագրողի հարցերի տոնայնությունը, մեղմ ասած, բավական հանդուգն էր, նույնիսկ՝ ոչ հարգալից առհասարակ որեւէ երկրի պաշտոնյայի հետ խոսելու մակարդակի առումով:

Անդրադառնանք հարցազրույցում Փաշինյանի որոշ դիտարկումներին, որոնք իսկապես արժանի են ուշադրության: Այսպես, վերջերս Պուտին-Ալիեւ հանդիպմանը մի շարք համաձայնագրերի ստորագրմանը, իսկ Փաշինյան-Պուտին հանդիպումների ընթացքում պայմանագրեր չստորագրելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշում է. «Հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք փոխադարձ պաշտոնական այցեր, եւ այդ այցերի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, որոնք կվերաբերեն տարբեր ճյուղերի. տնտեսական համաձայնագրեր, ռազմատեխնիկական ուղղությամբ պայմանագրեր: Դուք բոլորդ գիտեք՝ ինչ հանգամանքներում են անցնում մեր վերջին հանդիպումները ՌԴ նախագահի հետ: Հայաստանում տեղի են ունեցել հսկայական քաղաքական փոփոխություններ, եւ ժամանակ է պետք, որպեսզի բոլոր գործող անձինք՝ ես, իմ գործընկերները Հայաստանում եւ ՌԴ-ում, հարմարվեն նոր իրողություններին: Այսօր մենք կարող ենք փաստել, որ այդ հարմարվելու գործընթացը բարեհաջող է անցել: Մեր հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, երբ մենք արդեն կունենանք հստակ արդյունքներ»:

Գալով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործերի թեմային եւ հարցին, թե հարթվե՞լ է այս խնդիրը ՌԴ ղեկավարության հետ, Փաշինյանը նշել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է. նա բարձր է գնահատում մարդկային կապերը, մարդկային հարաբերությունները: Պետք չէ դա մեկնաբանել եւ դրանից ինչ-որ հսկայական քաղաքական եզրակացություններ անել: Մենք, իհարկե, քննարկել ենք բազմաթիվ հարցեր, եւ ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործեր հարուցվում են ոչ թե կոնկրետ անձանց դեմ, այլ Քրեական օրենսգրքի խախտման առկայության դեպքում: Քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, եթե կա Քրեական օրենսգրքի խախտման փաստ, այդ գործերը հարուցվել են եւ կհարուցվեն»:

Հատկանշական է, որ վերջին շրջանում Մոսկվայից հնչող տարբեր հայտարարությունների, մեկնաբանությունների ֆոնին Փաշինյանն անընդհատ շարունակում է շեշտել «ժողովրդի իշխանության» գործոնը: Սա նշանակում է՝ որքան էլ նա հավատում է հայ-ռուսական հարաբերությունները բարձր ու վստահելի մակարդակի հասցնելու իր կարողությանը, այնուամենայնիվ, նա նույնպես ունի որոշակի մտահոգություններ:

Հարթվե՞լ է ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի հետ կապված խնդիրը: Հարցը առավել քան կոնկրետ է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է պահպանել կազմակերպությունում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ըստ ամենայնի, Պուտինի հետ այս հարցում վերջնական որոշում չկա, իսկ սա նշանակում է, որ ապագայում Հայաստանը կարող է ունենալ խնդիրներ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու հարցում:

Ո՞վ է փոխարինելու Խաչատուրովին՝ Հայաստանի՞ ներկայացուցիչը, թե՞ Բելառուսի, որը հաջորդ երկիրն է՝ ըստ այբբենական կարգի, հարցնում է լրագրողը: «ՀԱՊԿ-ը նաեւ մեր կազմակերպությունն է: Ինչո՞ւ են այնպես մեկնաբանում, որ ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի: Դա այդպես չէ: ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կազմակերպության մյուս անդամների համար: Գոյություն ունի Հայաստանի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքի ժամկետ: Այն չի լրացել: Մենք առնվազն մեկուկես տարի ունենք: Նշանակություն չունի՝ ինչ ազգանուն է կրում գլխավոր քարտուղարը: Նա պետք է, ինչպես որ նախատեսվում էր, լինի Հայաստանի ներկայացուցիչ հատկացված ժամկետի ամբողջ ընթացքում»: ՀԱՊԿ կանոնակարգում չի ասվում, որ եթե երկիրը ժամանակից շուտ հետ է կանչում գլխավոր քարտուղարին, ապա հաջորդ գլխավոր քարտուղարը պարտադիր պետք է լինի այդ հետ կանչող երկրի ներկայացուցիչը՝ նկատում է լրագրողը, ինչին ի պատասխան Փաշինյանը հակադարձում է. «Բայց եւ չի ասվում, որ եթե ինչ-որ մեկը հետ է կանչում, ապա ժամկետը լրանում է»:
Վաղուց արդեն շրջանառվում է թեման, թե Ադրբեջանը փորձում է գժտեցնել Հայաստանին ու Ռուսաստանին: Փաշինյանը բերել է իր հիմնավորումները, թե Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, որ ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, կարող են անցնել Ադրբեջան: Բայցեւ ակնհայտ է, որ Ադրբեջանում, գոնե իշխանական դաշտում, սկսել են քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունները:

Ի դեպ, այստեղ մեկ լրացում: Օրեր առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, նշել էր. «Թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում նման հարց ՀԱՊԿ-ում նույնիսկ խոսակցությունների մակարդակով չի եղել»: Նկատենք, որ նման խոսակցություններ եղել են նաեւ Սերժ Սարգսյանի օրոք, ընդ որում՝ Մոսկվայից, եւ բավական բարձր մակարդակով: Մասնավորապես հիշեցնենք՝ 2015թ. հունիսի 18-ին Մոսկվա-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, օրինակ, ասել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Ադրբեջանի անդամակցության հարցը, եթե Բաքվի կողմից համապատասխան դիմում լինի. «Եթե Ադրբեջանը նման հարց բարձրացնի, մենք կարող ենք, իհարկե, դա քննարկել կազմակերպության բոլոր անդամների մասնակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի»։ Իսկ ավելի վաղ՝ նույն թվականի ապրիլին, ՏԱՍՍ գործակալությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել էր. «ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հետաքրքրություն կա, բայց ավելի լուրջ համագործակցության մասին որոշում նրանք ինքները պետք է կայացնեն: ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ՝ լինի դա Պակիստանը, Իրանը Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը… Սակայն դա պետք է լինի ոչ միայն քաղաքական քայլ, որից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ հաշվարկված, կշռադատված որոշում»:

Ինչեւէ, անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ ԵԱՏՄ-ում եւ խոսում են ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրի պաշտոնի եւ գործընկեր-երկրի կարգավիճակ սահմանելու մասին, Փաշինյանը «Կոմերսանտին» ասել է. «Բոլորին, թերեւս, հասկանալի է, որ առանց Հայաստանի մասնակցության նման որոշումներ չեն կարող ընդունվել: Դուք բոլորդ գիտեք՝ ինչպիսին են այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Մենք ամեն օր Հայաստանի հասցեին սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանի կողմից: Ես կարծում եմ, որ դրանից է բխում այդ հարցում Հայաստանի ակնհայտ դիրքորոշումը»: Ապա` նա հավելել էր, որ եթե Ադրբեջանը ցանկանում է հասնել այդ նպատակին, նախ պետք է աշխատի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա Փաշինյանը փորձում է հանդես գալ ամուր դիրքերից. «Երբ մենք Ադրբեջանի կողմից լսում ենք ռազմական հռետորաբանություն, դա բարձրացնում է լարվածության մակարդակը մեր հարաբերություններում: Հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի իր վարքը: Մենք պետք է բոլորս աշխատենք, որպեսզի պայմաններ ստեղծենք հակամարտության իրական խաղաղ կարգավորման համար: Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով, բայց Ադրբեջանը պետք է իմանա, որ հնարավոր չէ Հայաստանի հետ խոսել սպառնալիքի օգնությամբ»:

Գալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը պետք է հավասար կերպով մասնակցի այդ գործընթացին, Փաշինյանը պատասխանել է. «Ինչո՞ւ է գործընթացը փակուղում: Որովհետեւ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանություն, սպառնում է պատերազմով: Այդ մթնոլորտում չեն կարող լինել կառուցողական բանակցություններ: Դրանք սկսելու համար անհրաժեշտ է մթնոլորտ ստեղծել բանակցությունների համար: Մենք պատրաստ ենք դրա վրա աշխատել: Ինչ վերաբերում է ձեւաչափին: Ես Հայաստանի վարչապետն եմ, եւ ես պատրաստ եմ այդ բանակցություններին մասնակցել ՀՀ անունից: Բայց ես չեմ կարող խոսել ԼՂ ժողովրդի անունից: ԼՂ-ի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացին: Նրանք ունեն իրենց իշխանությունը, իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ ներկայացուցիչ, որն ունի մանդատ՝ ներկայացնելու իր ժողովրդին: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք պատրաստ ենք դրանց ցանկացած պահի: Բայց ԼՂ ներկայացուցիչը պետք է լինի Ղարաբաղի ներկայացուցիչ: Ես ոչ մի սենսացիոն բան չեմ ասում: ԼՂ խնդրի շուրջ բոլոր 3 հայտարարություններում, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների կողմից, ասվում է, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ-ի ժողովրդի կամարտահայտման միջոցով: Դա նշանակում է, որ բոլորն ընդունում են, որ ԼՂ-ն հակամարտության մի կողմ է, եւ հնարավոր չէ պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է այդ խնդիրը լուծել առանց նրա մասնակցության: Եթե մենք իսկապես խոսում ենք հակամարտության լուծման մասին, ապա մենք պետք է փորձենք լուծել այդ խնդիրը ճիշտ ձեւաչափով: Միգուցե մեր բանակցային գործընթացը առկախվել է, որովհետեւ բանակցությունների մեր ձեւաչափն այնքա՞ն էլ ճիշտ չէ: Ես նկատի ունեմ ԼՂ-ի մասնակցությունը»: Երբ լրագրողը հիշեցնում է «յոթ շրջանների» եւ դրանց վերադարձի մասին, Փաշինյանը հավելում է. «Այժմ գոյություն ունի ԼՂ-ի Սահմանադրություն: Ըստ Սահմանադրության՝ այդ տարածքները ԼՂ-ի տարածքի մաս են կազմում»: Այդ դեպքում ինչի՞ մասին խոսել Ադրբեջանի հետ, Փաշինյանը հավելում է. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք քննարկել այդ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Հաճախ հարցնում են՝ պատրա՞ստ է Հայաստանը որեւէ զիջումների: Բայց ոչ մեկը չի հարցնում՝ պատրա՞ստ է դրան Ադրբեջանը: Բոլորը հարցնում են՝ պատրա՞ստ է Հայաստանը փոխզիջումների, բայց ոչ մեկը չի հարցնում՝ պատրա՞ստ է Ադրբեջանը փոխզիջումների: Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք էլ ենք պատրաստ: Եթե պատրաստ չէ, մենք էլ պատրաստ չենք: Հարցը հնարավոր չէ լուծել առանց փոխզիջումների: Բայց խնդիրն այն է, որ ամեն օր Ադրբեջանը սպառնում է, որ պատերազմ կսկսի, որ Երեւանը ադրբեջանական քաղաք է, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական տարածք է: Այս մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել փոխզիջումների մասին, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլություն: Մենք դա երբեք թույլ չենք տա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարելի է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա հնարավոր չէ: Ոչ մեկը մեզ հետ այդպես չի կարող խոսել»:

Ըստ Փաշինյանի հարցազրույցի՝ հայտնի է դառնում, որ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են, որ ռուսական սպառազինության մատակարարումը համաչափ կշարունակվի՝ վարկով: Սակայն երկու հարցերի շուրջ խոսակցությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջերս եղել են նաեւ խիստ ուշագրավ թեմաներով խոսակցություններ: Մեկը, պարզվում է, Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների առկայությունն է, որի առիթով Փաշինյանը հայտնում է. «Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ թույլատրվել է ռուս փորձագետների մուտքը այդ լաբորատորիաներ», ապա հավելում է. «Ընդհանրապես, նրանք ընդհանրապես մուտք գործելու խնդիր չեն ունեցել եւ չեն ունենա այն պահից սկսած, երբ ես դարձել եմ Հայաստանի վարչապետ: Այդ լաբորատորիաները լիարժեք կերպով գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ: Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ արդեն ռուս մասնագետներն այնտեղ եղել են եւ համոզվել, որ այնտեղ՝ այդ լաբորատորիաներում, ոչ մի սարսափելի բան չկա: Իհարկե, դրանք շատ լավ որակի լաբորատորիաներ են: Ես կարծում եմ՝ շատ լավ է, որ մենք ունենք որակյալ լաբորատորիաներ: Դա որեւէ կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին եւ պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք այնտեղ արդեն եղել են, եւ եթե նորից ցանկանան, սահմանափակումներ չեն լինի»:
Հաջորդ նուրբ հարցը «Ռուսական երկաթուղիներում», ըստ մամուլի հրապարակումների, տեղի ունեցած ստուգումների թեմային է առնչվում: Փաշինյանը հայտնում է, որ պատմել է Պուտինին, թե ինչ է տեղի ունեցել. «Կարող եմ ասել, որ այդ հարցում ես, ՀՀ կառավարությունը վայելում է ՌԴ նախագահի լիարժեք աջակցությունը: Քանի որ ակնհայտ է, որ ՌԴ նախագահը մեծապես շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք կհամագործակցենք նաեւ այդ ոլորտում եւ այլ ոլորտներում, որպեսզի Հայաստանում գործող ռուսական ընկերություններում չարաշահումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք, որ այն, ինչ վերաբերում է օրինականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործունեություն»: Ապա նա հայտնում է, որ ըստ իր նախնական տեղեկությունների՝ «կա մոտ 60 մլն դոլարի չարաշահում», եւ մոտ ապագայում կլինի պաշտոնական տեղեկատվություն. «Կլինի քննություն: Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում որեւէ տարաձայնություն չունենք Ռուսաստանի նախագահի հետ»:

Մի ուշագրավ հանգամանք եւս: Մինչեւ Փաշինյանի վարչապետի պաշտոնը ստանձնելը, որքան էլ ՀԱՊԿ-ը քննադատվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին Բաքվի սադրանքների առիթով ցուցաբերած անտարբերության համար, այնուամենայնիվ, մշտապես նշվել է, որ եթե պատերազմ բռնկվի՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի կարիքը չունի, մեր ուժերով կպայքարենք ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Խոսելով ՀԱՊԿ անդամների ու միմյանց նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին, ՀԱՊԿ-ի արդյունավետության մասին՝ Փաշինյանը հարցազրույցում մի ուշագրավ դիտարկում է արել: Լրագրողը հարցրել է՝ «որքանո՞վ են լղոզված պարտականությունները, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի, Դուք դրա մասին շատ եք խոսում, ՀԱՊԿ-ը այդ դեպքում օգնության գալի՞ս է Հայաստանին, թե՞ ոչ»: Փաշինյանը պատասխանում է. «Այո, ՀԱՊԿ-ը պետք է օգնության գա: Եվ մենք պետք է մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի դա իրականում տեղի ունենա: Պայմանագրի էությունը դա է: Բայց անհրաժեշտ է մեխանիզմներ զարգացնել եւ երաշխիքներ ստեղծել, որ իրականում տեղի ունենա այն, ինչ ստորագրված է պայմանագրում: Մեզ համար դա շատ կարեւոր հարց է»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 12.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930