Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական թատրոնի շենքը կառուցում է Վրաստանի նախկին վարչապետը

Սեպտեմբեր 13,2018 13:00

Հաճախ է արծարծվում այն միտքը, թե Սփյուռքում մշակույթը պետք է սնվի հայրենիքից: Բայց ունենք ընդամենը մեկ փաստ թատերարվեստում, երբ Հայաստանն է սնվել Սփյուռքից, այս դեպքում՝ Վրաստանից: 96 տարի առաջ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բացումը ըստ էության իրականացրեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական պետական թատրոնը՝ Իսահակ Ալիխանյանի ռեժիսուրայով եւ գլխավոր դերակատարմամբ, ներկայացնելով Սունդուկյանի «Պեպոն»: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ընդգծեց մշակութաբան Սերգեյ Առաքելյանը: Դիտարկմանը՝ տեղեկատուներում Թիֆլիսի հայկական թատրոնի հիմնումը թվագրվում է տարբեր՝ 1863թ. եւ 1856թ., պարոն Առաքելյանը պատասխանեց. «Այն փաստը, որ Թիֆլիսի հայկական թատրոնը առաջինն է պետական կարգավիճակ ունեցել, դա անհերքելի է: Սակայն մինչ դա, դարձյալ Թիֆլիսում, գործել են Առաջին, Երկրորդ անվամբ դերասանախմբեր: Ի դեպ, նույն ժամանակահատվածում դերասանախմբեր էին գործում Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Մոսկվայում: Օրինակ, Մոսկվայի հայկական դերասանախմբի հիմնադիրներից էր մեր թատերարվեստի ականավոր գործիչ Արշակ Բուրջալյանի մեծ եղբայրը: Եղել են ժամանակներ, երբ հայկական թատերախումբ է գործել նույնիսկ Ալմա-Աթայում…»: Անդրադառնալով Թբիլիսիի հայկական դրամատիկական պետական թատրոնին, նշեց, որ ժամանակին այդտեղ են ստեղծագործել Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Օլգա Մանսուրյանը, Իսահակ Ալիխանյանը, Հովհաննես Զարիֆյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Ավետիսյանը…

Մեր զրույցին ներկա անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանն էլ հայտնեց, որ Թբիլիսիի թատրոնի վերջին «նվերը» մեզ Բաբկեն Ներսիսյանն էր: Իսկ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն էլ նշեց, որ օրերս Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի 65-ամյակն է, որը որպես դերասան սկսել է այդ թատրոնից ու մարմնավորել շուրջ 50 կերպար: Նրա լավագույն ռեժիսորական աշխատանքներից են Շեքսպիրի «Օթելլոն», Սունդուկյանի «Խաթաբալան», Շիրվանզադեի «Նամուսը», Պարոնյանի «Պաղտասար աղբարը» եւ այլն: Հայր Ղազանչյանն էլ հավելեց. «Մոտ 25 տարի այդ թատրոնը կառավարելուց հետո, 2013թ. Վրաստանի կառավարության որոշմամբ, դարձյալ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը հանձնարարվեց Արմեն Բայանդուրյանին: Պետք է ասեմ, որ մինչ Բայանդուրյանի նշանակումը, մենք՝ հայաստանցի թատերարվեստի գործիչներս, դիմել էինք Վրաստանի մշակույթի նախարարին՝ Արմեն Բայանդուրյանին Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար-կառավարիչ նշանակելու խնդրանքով… 1994-ին էլ, թատրոնի կյանքում ծանր ու ճգնաժամային շրջանում, Բայանդուրյանը ստանձնեց այդ պաշտոնը ու նրան հաջողվեց գրեթե կազմաքանդված թատրոնը ոտքի կանգնեցնել, ստեղծել կայուն խաղացանկ, համալրել դերասանախումբը»: Հակոբ Ղազանչյանը լրացնելով հորը, ասաց. «Հենց Արմենի ջանքերով առավել համախմբվեց վիրահայ մտավորականությունը՝ թատրոնը դարձնելով մեր երկու ժողովուրդների իսկապես մերձեցման ու համագործակցության կայուն հանգրվան»: Հետաքրքրությանը, թե Հակոբ Ղազանչյանը հրավիրված է Թբիլիսի՝ հերթական նոր բեմադրությունն իրականացնելու համար, մեր զրուցակիցը պարզաբանեց, թե այս անգամ Ռուսթավելու անվան թատրոնի հրավերով է մեկնում, բեմադրելու է Լաշա Բուրաձի «Որս Ստալինի ետեւից» պիեսը: Իսկ հայկական թատրոնում 1988թ. իրականացրել է Ժորա Հարությունյանի «Բախտավոր մարդիկ» եւ 2014-ին՝ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսները: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունն էլ զերծ չի մնացել հատկապես թատերական օջախներում հաճախ պատահող ինտրիգներից. 2013թ. Արմեն Բայանդուրյանի վերանշանակումը, ասում են, կանխեց հակահայ ու դավաճանական մի ակցիա, որը նախաձեռնել էին այդ թատրոնում 1980-ականների վերջերից մինչեւ 1994թ. որպես գեղարվեստական ղեկավար աշխատած Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, Թբիլիսիի հեռուստատեսության հայկական ժամի վարող Գեորգի Էլիբեկովը ու հայ համայնքի որոշ գործիչներ: Ժամանակին գրվել է նաեւ, որ այդ դավաճանական գործողության հիմքում, փաստորեն, 1858թ. հիմնադրված առաջին հայկական խաղացանկային թատրոնի լուծարումն էր:

Այսօր Թբիլիսիում հիմնովին քանդվել եւ տեղում կառուցվում է հայկական թատրոնի նոր շենք: Այդ առիթով Երվանդ Ղազանչյանը նշեց, որ շինարարությունն իրականացնում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հետո էլ հույս հայտնեց, թե ցանկալի է, որ Հայաստանի մշակույթի նախարարը աջակցի թատրոնին՝ հյուրախաղերի հրավիրելով ոչ միայն Երեւան, այլեւ մարզեր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արմեն Բայանդուրյանն ու Հակոբ Ղազանչյանը նկարիչ
Մայիս Մխիթարյանի (կենտրոնում) արվեստանոցում:

«Առավոտ»

12.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930