Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հովերը» հոգեւոր խմբերգային երաժշտության փառատոնից պլատինե մեդալ է բերել

Սեպտեմբեր 13,2018 12:30

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) ռուսաստանյան հյուրախաղերից տպավորված է վերադարձել, նաեւ Չելյաբինսկի քաղաքապետի հանձնած պլատինե մեդալով ու դիպլոմով, որը շնորհեց Խմբերգային ասամբլեայի անունից:

Սեպտեմբերի 5-10-ը անցկացված համերգային շրջագայության ընթացքում «Հովերը» Կիշտիմ, Սատկա եւ Չելյաբինսկ քաղաքներում ունեցել է 3 համերգ: «Հովերը» մասնակցել է հոգեւոր խմբերգային երաժշտության միջազգային փառատոնի: «Առավոտը» «Հովերի» հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանին խնդրեց որեւէ տպավորիչ դրվագ պատմել հյուրախաղերից:

«Ամենաշատ տպավորված եմ ունկնդրով, ուղղակի անշլագ էր, դահլիճում, որ հատուկ ավելացված տեղեր կային, նաեւ կանգնած էին ունկնդրում մեր համերգները: Շատ բարդ ծրագիր էր, ժամանակակից երաժշտություն էինք տարել՝ եւ հոգեւոր, եւ երեւմտաեվրոպական: Ինձ ապշեցնում էր դահլիճի արձագանքը, պատրաստվածությունը: Կազմակերպիչներն ասում էին, որ իրենք են ունկնդրին այդպես դաստիարակել: Փաստորեն, այնքան հետեւողականորեն ստեղծել են այդ լսարանը, ձեւավորել հանդիսատեսին, որ հատկապես հետաքրքրված է խմբերգային երաժշտությամբ»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ «Հովերն» ամեն տարի գարնանը լինում է Ռուսաստանում, Գերգիեւի Զատկի փառատոնին, ասում է՝ այնտեղ հեռավոր քաղաքները նույնպես հավասարաչափ տեղյակ են մշակութային անցուդարձից, եւ Մացուեւի, եւ Բաշմետի փառատոնը հասնում է մինչեւ ՌԴ խորքերը: «Այնպես են կազմակերպում, որ մարդիկ հեռավոր քաղաքներում էլ կարողանան ակադեմիական դասական երաժշտություն լսել: Այս ամենն ինձ համար շատ տպավորիչ էր: Եվ այն, որ նահանգները սերտ աշխատում են խմբավարի հետ, գիտեն, թե որ ամսին ինչ է նախատեսված… Շատ հոգնեցուցիչ էր շրջագայությունը, անընդհատ ավտոբուսներով էինք, բայց հաճելի էր, որ ունկնդիրը հետաքրքրված էր»,- հավելեց Սոնա Հովհաննիսյանը:
Նրանից տեղեկացանք, որ տարբեր փառատոների մասնակցելու հրավերներ են ստացել: «Մեր աղջիկներից մեկը, որ մասնագիտությամբ խմբավար է, կմեկնի Լեհաստան, կաշխատի Կրակովի երգչախմբի հետ, այնուհետեւ այնտեղից դիրիժորը կգա Հայաստան, կաշխատի «Հովերի» հետ: Այ, այսպիսի փոխհամագործակցության պահեր եղան»,- նշեց «Հովերի» գեղարվեստական ղեկավարը:

Սոնա Հովհաննիսյանից տեղեկացանք նաեւ, որ «Հովերը» մասնակցելու է Ֆրանկոֆոնիական միջոցառումներին, նաեւ Կրակովի նվագախմբի հետ պետք է կատարի լեհ կոմպոզիտոր ու դիրիժոր Քշիշտոֆ Պենդերցկու Te Deum-ումը, մասնակցելու է Կոմիտաս փառատոնին` «Հովերի» կատարմամբ դեռեւս չհնչած կոմիտասյան շարաններով, ապա հոկտեմբերի 7-ին արական կազմով Կոմիտասի պատարագը հնչեցնելու է Հառիճավանքում:

«Այս տարի մինչեւ տարեվերջ ծանրաբեռնված ենք, օրինակ, նոյեմբերի 16-ին Բեռլիոզի Ռեքվիեմ պետք է կատարենք Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)»,- հայտնեց խմբավարը:

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ ռուսաստանյան համերգներին «Հովերը» միայն մեկ դեմքով չէր ներկայացված, եւ արական կազմն էր, եւ իգական կազմը, հետո բոլորը միասին. «Հովերը» տարբեր գույներով է ներկայացել, ինչը հետաքրքիր էր դարձնում համերգը: Աղջիկների կազմը ղեկավարում է Նարինե Ոսկանյանը, որը աղջիկների ԼԵ խմբի խմբավարն է ու Զատկի փառատոնին փայլուն համերգներով է հանդես եկել «Հովերի» իգական կազմով: Տարբերությունը, որ համերգի ժամանակ լսում է ունկնդիրը, համերգը շատ ավելի հետաքրքիր է դարձնում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Սոնա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»

12.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930