Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի շենքը 1988թ. երկրաշարժից վնասվել է: Դրանից հետո դպրոցի շենքը կառուցապատվել է, սակայն մարզադահլիճը եւ հանդիսությունների սրահը չեն վերականգնել:
Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացած ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Էրիկա Սեւանյանը կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ասաց, որ դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են դպրոցի միջանցքում, սալիկապատ հատակի վրա, ինչի պատճառով աշակերտները կարող են մարմնական վնասվածքներ ստանալ, տուժել:
Դպրոցի տնօրենն ասաց, որ դպրոցի մարզադահլիճը վերականգնելու համար ծրագիր են ներկայացրել, 25 միլիոն դրամ է պահանջվում այն հիմնանորոգելու համար: Նախարար Հարությունյանը կասկած հայտնեց, որ 25 միլիոն դրամով հնարավոր է այդ աշխատանքներն իրականացնել:
Նախարարը խորհրդակցության մասնակից Տավուշի մարզի դպրոցների տնօրեններին ասաց՝ թող ձեռք բարձրացնեն այն դպրոցների տնօրենները, որոնց ղեկավարած դպրոցների մարզադահլիճը վատ վիճակում է: Ավելի քան երկու տասնյակ դպրոցների տնօրեններ բարձրացրին ձեռքերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ