Էլիստայում անցկացված ուսանող բռնցքամարտիկների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը եւ աղջիկների պայքարում բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը հյուրընկալվել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին:
ՀԲՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի նախագահը խոստացել է, որ մեդալ նվաճած մարզիկները եւ նրանց անձնական մարզիչները կարժանանան դրամական խոշոր պարգեւների:
Արթուր Գեւորգյանը Aravot.am-ին մանրամասնեց, որ արծաթե մեդալակիրները կպարգեւատրվեն $ 2000-ական, բրոնզե մրցանակակիրը՝ $1000, նրանց մարզիչները՝ նշված պարգեւագումարների 30 տոկոսի չափով: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը տարեվերջին կպարգեւատրվի առանձին՝ տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքի համապատասխան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ