«Շատ զարմացա, երբ իմ կրտսեր դստեր ընկերուհին Արտակ Զեյնալյանի մասին խոսելիս հետեւություն արեց, որ Արտակը մի ոտքով է ծնվել…Երեխաներ ջան, ոչ, այդպես չէ: Գաղտնիք բացեմ. Արտակն այսօր էլ երազում իրեն երկու ոտքով է տեսնում: Ձմռանն առաջինը չեղած ոտքն է մրսում…Արտակ ջան, ինձ էլ գաղտնիք չասես, հրապարակելու եմ»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա այն դրվագն էր մատնանշում, որ Արտակ Զեյնալյանը հաշմանդամություն ունի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:
Արամ Սարգսյանը գովասանքի խոսքեր ասեց Արտակ Զեյնալյանի մասին՝ ընդգծելով, որ նա բավականին կազմակերպված եւ ճշմարտախոս մարդ է, ապա մի դրվագ պատմեց. «Երբ նա Արցախյան պատերազմում կորցրել է ոտքը, մի քայլ է արել, որի մասին չեմ ասի: Երկրորդ քայլը կասեմ. նա իր ձեռքով ռեզինե «ժգուտով» կապել է ոտքը, որից հետո, չզարմանաք, բայց հանել է գրպանում պահած կպչուն թուղթ, որի վրա գրառումներ են անում: Այդ տարիներին դա նույնն էր, թե «այֆոն» հեռախոս ունենայիր: Նա այդ թուղթը կպցնում է «ժգուտի» վրա, վրան գրում ժամը, թե երբ «թռավ» (նկատի ունի՝ կորցրեց) ոտքը, հետո՝ ուշագնաց լինում…Այ այդքան կազմակերպված մարդ է նա»:
Ապա` Արամ Սարգսյանն ընտրողներին վստահեցրեց, որ «Լույս» դաշինքը հակահեղափոխությունը կանգնեցնող ամենաուժեղ թիմն է. «Արտակ Զեյնալյանին ընտրելով՝ դուք կանգնեցնում եք հակահեղափոխությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ