Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում Խաչատուրովի կալանավորումից

Սեպտեմբեր 12,2018 23:13

«Այնուամենայնիվ`ինչպե՞ս եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում»,- հարցն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց, թե ինչպե՞ս են Շվեյցարիայում գտնվող ԱԱ պետը եւ Սանկտ-Պետերբուրգում գտնվող վարչապետը հայտնվել այս պատմության մեջ: Երբ Խաչատուրովի փաստաբաններից ազդակ է գնացել, որ իրեն մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից եկել են պատասխան ազդակներ. դրանք ուղղվել են ԱԱԾ պետին: ԱԱԾ պետը զանգել է Նիկոլ Փաշինյանին եւ ասել, որ նման գործընթաց կա ու ինքը ազդակներ է ստանում: Վարչապետն էլ զանգել է ՀՔԾ պետին` համոզվելու համար, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: ՀՔԾ պետն ասել է`այո, այդպես է: Վարչապետը հավաստիացնում է`ինքը հետաքրքրվել է միայն սկզբունքի մասին, որի շուրջ պայմանավորվել են ՀՔԾ պետի հետ, նրա նշանակման ժամանակ`օրենքի շրջանակում գործերը պետք է բացահայտվեն եւ որեւէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի:

Այն պահին, երբ ՀՔԾ ղեկավարը երաշխավորել է, որ ամեն ինչ օրինականության շրջանակում է եւ ինքը դա երաշխավորում է, վարչապետը ասել է. «Հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց մեր պայմանավորվածությունն ավելի կարեւոր է եւ ես իմ վրա կվերցնեմ այն քաղաքական ու աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե ՀՀ վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո առաջին իսկ հնարավորության կողմից ասել`չէ, էն որ մենք պայմանավորվել ենք, երաշխավորել ենք, էլ ուժի մեջ չի: Սա շատ սկզբունքային հարց է»:

Հետո, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ԱԱԾ տնօրենը նորից շարունակել է իրեն զանգել`թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, անկայուն վիճակ է, ի՞նչ է պետք անել ու հարցրել է` պիտի կալանավորե՞ն: «Ես ասել եմ, որ եթե ՀՔԾ-ն իր քննչական շահերից ելնելով որոշել է, որ պետք է կալանավորվեն, ուրեմն պետք է կալանավորվեն: Ոչ մի խոչընդոտներ չպիտի լինեն քրեական գործի առաջ: Այդ ընթացքում ԱԱԾ տնօրենը երևի մի տասը անգամ ինձ զանգել է այս թեմայով: Ասել ՝ այստեղից էլ սենց ազդակ կա, այնտեղից էլ: Ես, անկեղծ ասեմ, այդ ժամանակ ունեի ընտրություն՝ ասելու, որ՝ եթե այդպես է, եկեք այդպես չանենք… Բայց ես ասել եմ, որ իմ աշխատանքի հիմքում ընկած է սկզբունքը, եթե հիմնավորված է, որ պետք է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորել: Եթե ՀՔԾ պետը, մեր պայմանավորվածության համաձայն, իր վրա վերցնում է այդպիսի պատասխանատվություն, ուրեմն պետք է թույլ տալ, որ մարդիկ աշխատեն»:

Դրանից հետո, ըստ վարչապետի, ԱԱԾ տնօրենը նորից է իրեն զանգել. «Հիմա էլ դատական համակարգն է տրիվոգա դրել: Տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր է»: Նիկոլ Փաշինյանը նորից է զանգել ՀՔԾ պետին, ասել`ահազանգ կա, որ «պինդ չի գործը»: «Ինքն ասել է՝ մենք քննչական մարմին ենք եւ գիտենք ինչ ենք անում, մենք հո փողոցից եկած չենք, որ մարդկանց, էն էլ էդ մասշտաբի մարդկանց, ուղարկենք կալանավորման: Ես անկեղծ եմ ասում, ես հոգնել եմ այդ իրավիճակից, երբ տարբեր դատավորներ զանգում են, ուզում են իմանալ՝ հը՞, ես ինչ կարծիքի եմ դրա մասին: Արդեն ստեղս ա հասել ժողովուրդ ջան: Քանի անգամ ես ուղիղ եթերով ասել եմ՝ գործ չունեք ինձնից, գնացեք: Բայց էն դատավորը, որն ինձ զանգում ու ասում ա՝ էս գործը ջուր ա, օրինակ: Հասկանո՞ւմ եք ինչ ա անում, ամբողջ պատասխանատվությունը փորձում ա դնի ինձ վրա: Եթե ես ասեմ`դե ջուր ա`ջուր ա, կազատի, կասի`վարչապետը ասեց`ազատի: Կասեմ չէ, ջուր չի, պինդ ա`կասի`վարչապետն ասեց`բռնի: Ու ես էդ իրավիճակում տվել եմ ամենաչեզոք պատասխանը. ես ասել եմ՝ եթե պարզվի ջուր է եւ ՀՔԾ-ն բերել է այդ ջուր գործն ուզում է կապի ձեր վրա, ուրեմն ես պիտի միջոցներ ձեռնարկեմ, կոպիտ ասա, ՀՔԾ-ին չորացնելու համար: Եթե պարզվի, որ ձեր ասածն ա ջուր, ուրեմն պիտի միջոցներ ձեռնարկեմ էդ խաբեությունը`սուտ ասող մարմինը չորացնելու համար, իրավական միջոցները օգտագործելով: Եվ այս խոսակցությունները տեղի են ունենում ԵՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովի ժամանակ: Անընդհատ`զանգ, զանգ, զանգ, որից հետո ես խնդրել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներին շտապ կարգով տեղյակ պահեն, որ այսպիսի իրավիճակ է եւ ես ուղղակի սկզբունքային հարց եմ համարում, որ չպետք է միջամտեմ`ասեմ, որ փակեք այդ գործը: Սա արդեն չի դառել դատական գործ, սա արդեն դառել է մի մեծ պատմություն, որտեղ ամեն ինչը գալիս է ինձ վրա»:

Այս ամենից հետո, Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ երբ գործընթացը գնացել էր, ինքը պաշտոնական բանավոր միջնորդություն է ստացել ՀԱՊԿ ադամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է, Նիկոլ Փաշինյանը միջնորդի, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոցը կալանքը չընտրվի: «Դա, ըստ էության, դիվանագիտական պաշտոնական միջնորդություն էր, որը ժամանակի սղության պատճառով թղթի վրա ձեւակերպված չէր: Որից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին եւ ասել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից կա նման միջնորդություն, և եթե նրանք միջնորդել են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ միանալ այդ միջնորդությանը և խնդրել ձեզ, որ եթե հնարավոր է այդ տարբերակը քննարկել: Որից հետո ԱԱԾ տնօրենին տեղյակ եմ պահել, որ նման միջնորդություն կա: Սա է եղել ամբողջ պատմությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`վերահաստատելով` բոլոր դեպքերի քաղաքական պատասխանատվությունը վերցնում է իր վրա. «Երեկվա գաղտնալսման մեջ, որ ասում է`վարչապետն ասում է`կալանավորեք… այո, եթե հիմքեր ունեք`կալանավորեք: Ես այսօր էլ եմ ասում: Ինքս ինձ թույլ չեմ տվել, որ ասեմ որեւէ բան եւ երբ եղել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից միջնորդություն, ես լ եմ այդ միջնորդությանը եւ այն փոխանցել եմ ԱԱԾ պետին: Այդ ամեն ինչը տեղի է ունեցել հեռախոսով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930