«Ես հասկանում եմ, որ հեղափոխական էյֆորիայի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքելը մեծ գայթակղություն է, բայց եկեք հավատարիմ մնանք երեւանցուն, հարգենք մեր ընտրողներին ու մեր ծրագիրը ներկայացնենք, թե ինչպիսի Երեւան ենք խոստանում մենք»,- այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտարարեց. «Չի՛ կարելի երեւանցուն բաժանել իմի եւ ուրիշի, չի՛ կարելի ասել, որ կան սեւեր եւ սպիտակներ, որովհետեւ մենք բոլորս մեկ ենք, մեր նպատակն է Երեւանը դարձնել ապրելու համար հարմար քաղաք, որտեղ սոցիալական բոլոր խմբերը կունենան ապրելու հարմարավետ պայմաններ: Շատ մեծ է գայթակղությունը Երեւանի խնդիրները թողած՝ սկսել քաղաքական դեբատներ եւ դիսկուրսներ եւ դեռ հայտնի չէ, թե քաղաքական դեբատներում ով կլինի հաղթող, բայց մենք հարգում ենք երեւանցուն, որովհետեւ երեւանցու համար կարեւոր է, որ իր ամենօրյա խնդիրները լուծեն: Իսկ այդ խնդիրները կարող է լուծել այն քաղաքական ուժը, որը այս տարիներին ապացուցել է, որ կայուն ուժ է, կարո է բերել ներդրումներ եւ որին վստահելով՝ միջազգային ներդրումային կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել լուրջ ներդրումեր բերել»:
Թե ինչով է տարբերվում ԲՀԿ ծրագիրը մրցակիցների ծրագրերից՝ Նաիրա Զոհրաբյանը քանաքեռցիներին բացատրեց, որ բացի իրենցից, ոչ ոք չի խոսում ու չունի սոցիալական բնակարանաշինության ծրագիր: Իրենք առաջարկում են ճկուն ծրագիր, որը հնարավորություն կտա սոցիալապես անգամ ամենաանապահով խավին ունենալ սեփական բնակարան՝ առանց կանխավճարի եւ ցածր տոկոսադրույքով 30 տարով տրվող վարկերի շնորհիվ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, 20- 22 հազար դոլարով հնարավոր կլինի ձեռք բերել 60-67 քմ տարածքով բնակարան: Հաշվարկները հստակ արված են, բնակարանաշինությունն իրականացնելու է քաղաքապետարանը:
Նաիրա Զոհրաբյանը քայլարշավի ընթացքում մի քանի անգամ խոսեց քաղաքական դեմագոգների ու քաղաքական մանիպուլյատորների մասին: Aravot.am-ը հարցրեց՝ ո՞ր ուժին նկատի ունեք, երբ ասում եք, որ քաղաքական դեմագոգիա են անում՝ հեղափոխության էյֆորիիայի տակ՝ նա պատասխանեց. «Որեւէ մեկին նկատի չունեմ բացարձակ: Ընդհանրապես խոսում եմ, որ երեւանցին իր վստահության քվեն պիտի տա այն քաղաքական ուժին, որը ներկայացնում է կոնկրետ լուծում երեւանյան հիմնախնդիրներին: Ես կարծում եմ, որ այդ ուժը ԲՀԿ-ն է, որովհետեւ մենք եկել ենք ոչ միայն պլպլան ծրագրով, այլ եկել ենք կոնկրետ լուծումներով եւ ամեն ոլորտի վերաբերյալ արդեն պատրաստված ներդրումային փաթեթով, որի տակ մնում է դնել ստորագրություն եւ սկսել իրագործելը»:
Մեր դիտարկմանը, որ ներդրումների հետ կապված քաղաքապետին մյուս թեկնածուներն էլ են ասում, որ մենք էլ գիտենք այդ ներդրումների տեղը, ֆոնդերի տեղը, ընդ որում՝ անգիր, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Եթե գիտեն, թող բերեն: Մենք բերել ենք, մոտ 2-3 ամիս է, արդեն բոլոր բանակցություններն ավարտված են, ներդրումային փաթեթները պատրաստ են: Ներդրողների մի մասը առաջիկայում կլինեն Երեւանում, ներդրումային փաթեթները կոնկրետ իմ ձեռքին են: Տեղերը գիտեն՝ թող բերեն, դա շատ մեծ օգնություն կլինի Երեւանին, մենք միայն կողջունենք, եթե մեզանից բացի այլ քաղաքական ուժեր եւս ներդրումների տեղը գիտեն ու կբերեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ