Այսօր ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր թիմի հետ Քանաքեռ-Զեյթուն համայնքում էր: Նա շրջեց ներբակային տարածքներում, զրուցեց բնակիչների հետ ու խոստացավ՝ կաշառք չի վերցրել ու չի վերցնելու, ապօրինի որոշումների տակ չի ստորագրելու:
Նաիրա Զոհրաբյանը խոսում էր աղբահանության մասին ու բնակիչները սա լսելով՝ քաղաքապետի թեկնածուին ասացին՝ «մի հատ զիբիլի հոտը զգացեք» ու հրավիրեցին իրենց շենք՝ Ռուբինյանց 1 հասցեում: Շենքում առնետները վխտում էին: Նաիրա Զոհրաբյանը նաեւ բարձրացավ 12-րդ հարկ, որտեղ այս ամառ օրով խոնավություն ու ջուր էր հավաքվել՝ շենքը չուներ նորմալ տանիք, վերելակն էլ, ինչպես Նաիրա Զոհրաբյանն ասաց, «մահվան վերելակներից» մեկն էր՝ 45 տարվա, քանդված, ճոպանները մաշված ու քրքրված:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վատ վերելակներից օգտվում են ՛եւ հեղափոխականները, ե՛ւ հակահեղափոխականները, վատ օդը շնչում են բոլորը, իսկ Երեւանում էկոլոգիական աղետ է: Նա Հրազդանից փորձանմուշ է վերցրել, տարել փորձաքննության ու պարզել, որ ծանր մետաղները, քաղցկեղածին նյութերը թույլատրելիից շատ-շատ են:
Բնակիչների հետ զրուցելիս Զոհրաբյանն ասաց, որ նայելու է բոլորի աչքերի մեջ, չի խաբելու. «Իմ պատիվն ամենաբարձր բանն է իմ համար»:
Բազմաբնակարան շենքերից մեկի պատշգամբից մի կին, տեսնելով Նաիրա Զոհրաբյանին, սկսեց ձեռքերն այնպես թափահարել ու համբույրներ ուղարկել թեկնածուին, որ ավագանու թեկնածուներն արդեն սկսեցին անհանգստանալ, որ կինը բարձր հարկից կընկնի: Վարորդներից մեկն էլ, պատուհանից ոգեւորված ողջունելով Նաիրա Զոհրաբյանին՝ վստահեցրեց, որ «լիքը լայքեր» է դնում նրան, թեեւ ընտրություններին լայքի փոխարեն նախընտրելի է քվեն:
Նաիրա Զոհրաբյանը շրջայցի ընթացքում խոսեց Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն երեւույթների մասին՝ ասելով, որ չգիտի, թե ում գրպաններն են մտել գումարները, որ տարրական խնդիրներ չեն լուծվել Երեւանում. «Մենք ականատես ենք լինում, որ ամբողջ քաղաքային համակարգը վերեւից ներքեւ բրգաձեւ եղել է կաթվածահար տարիներ շարունակ եւ եղել է կոռուպցիայի մեջ»:
Ճանապարհներին հանդիպելով գարշահոտ տարածող աղբակույտերի՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ «սա է «Սանիտեք» ունեցող քաղաքային իշխանության պատկերը՝ ամենաբանուկ փողոցում: «Սանիտեքն» իր գործը չի կատարում, ասում է՝ ես ունեցել եմ Երեւանի քաղաքապետարանի հետ այլ պայմանավորվածություններ, այսինքն, եղել է կոռուպցիոն պայմանավորվածություն, դրա համար «Սանիտեքը» պիտի զրկվի լիցենզիայից, իսկ քաղաքապետարանի այն պաշտոնյաները՝ մեծ, փոքր, ովքեր ներգրաված են եղել կոռուպցիոն շղթաների մեջ, պիտի ենթարկվեն հստակ քրեական պատասխանատվության, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ