Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց «Լրատուն» մեդիա թանգարանի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» մուլտիմեդիա ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են 7 աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմություններ:
«Լրատուն» նախագիծը կոչված է ներկայացնելու հայաստանյան մեդիայի պատմությունը: Բայց առանձին երեւույթների եւ իրադարձությունների լուսաբանման կտրվածքով: Մեր ցանկացած ցուցահանդեսի հիմքում հետազոտություն է, որին պետք է վիզուալ տեսք տալ: Սա այն նյութերից է, որը լրագրողներին եւ լրագրական դաշտին ուղղորդելու իմաստով շատ կարեւոր է: Նաեւ այցելուներին նախապատրաստել, որպեսզի իրենք իմանան, թե ինչ պահանջեն մեդիայից, որ դեպքում հավատան, որ դեպքում՝ ոչ,- ասում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը:
Ցուցահանդեսի կայացման վրա նախաձեռնողներն աշխատել են ավելի քան 2 տարի: Իսկ ցուցահանդեսի բացման հետ կապված, սկզբնական շրջանում առաջացել են խնդիրներ. «Երբ որ սկսեցինք, մենք բախվեցինք մի այնպիսի խնդրի, որ չէինք պատկերացնում: Մենք չէինք կարողանում ցուցասրահ գտնել: Երբ իմանում էին վերնագիրը՝ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի», այդ կոռուպցիա բառից վախենում էին, անկախ նրանից մասնավոր, թե պետական ցուցասրահ էր: Վախի մթնոլորտը իշխանության չարաշահման կոռուպցիոն ձեւ է: Ի վերջո «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում տեղի ունեցավ առաջին ցուցադրությունը»,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը:
Ցուցահանդեսին ներկայացված են 7 ոլորտներում՝ արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր, տիրող կոռուպցիայի մասին պատմությունները՝ լրագրողների ու փորձագետների հետ հարցազրույցների, երգիծապաստառների, հեռուստահաղորդումների ու ֆիլմերի ու հոդվածների միջոցով:
– Այս ցուցահանդեսն իր ձեւով եւ բնույթով նորույթ է եւ բնորոշ չեն այն ավանդական ցուցահանդես կոչվածին, որոնք որ մենք տեսնում ենք: Ուզում եմ, որ այս միջոցառումների միջոցով մեր քաղաքն ավելի ակտիվ լինի: Այսպիսի ցուցադրությունները շատ կարեւոր են,- ասում է ցուցահանդեսին ներկա արձակագիր Նարինե Կռոյանը:
Բացի բուն ցուցադրությունը, թանգարանն այցելուին հնարավորություն է տալիս ստուգել մեդիագրագիտությունը՝ «Մեդիամարտ», «Ցանցառ», «Լիտերատուսի արկածները» խաղերի միջոցով: Ինչպես նաեւ ձեւօրինակման սենյակում հանդես գալ լրագրողի դերում։
«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագիրը կրող ցուցահանդեսից հետո «Լրատուն» թանգարանի երկրորդ նախագիծն է:
Այն շրջել է՝ Երեւան, Գյումրի, Գորիս քաղաքներում: Վերջին կանգառը Վանաձորն է, որտեղ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 20-ը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ