Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հիմք ունի կարծելու, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի պաշտոնավարման ժամկետը կպահպանվի

Սեպտեմբեր 12,2018 21:21

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին` ինչո՞ւ չկալանավորվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Հարցը բարձրացրել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը`մեջբերելով ԱԱԾ պետի եւ ՀՔԾ ղեկավարի խոսակցության հայտնի ձայնագրության հատվածը, որում ԱԱԾ ղեկավարը ՀՔԾ պետին ասում է, թե «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք»:

Պատգամավորը նկատեց, որ ի տարբերություն ՀՔԾ պետի, ԱԱԾ պետը հասկանում եւ պատկերացնում է միջազգային մակարդակում եւ կոնկրետ ռազմավարական գործընկերների հետ խնդիր է առաջանում եւ հետաքրքրվեց` համացանցում հայտնված ձայնագրությունը նոր իրավական եւ քաղաքական խնդիրներ առաջացնո՞ւմ է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ:

Վարչապետը հայտարարեց՝ այդ պատճառով են այդ խոսակցությունները եղել, քանի որ որոշում կայացնելուց հետո Խաչատուրովի շրջապատից ազդակներ են գնացել տարբեր ուղղություններով, ԱԱԾ տնօրենին նաեւ խնդրել են, որ միջամտի եւ փորձի հարցը լուծել: «Այդ ժամանակ ինքը Շվեյցարիայում է եղել: Դրսից, մեր գործընկերներից, նրան զանգել են եւ անհանգստություն են փոխանցել: Քանի որ նա եղել է Շվեյցարիայում եւ տեղյակ չի եղել, զանգել է ՀՔԾ պետին, որ հասկանա թե ինչի մասին է խոսքը»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ միայն դանից հետո, ինքը ՀՔԾ պետից է իմացել, որ այդպիսի իրավիճակ է ծագել: Ինքն էլ այդ ժամանակ եղել է Սանկտ Պետերբուրգում: Ինքը զանգել է ՀՔԾ պետին` հասկանալու համար` արդյոք գործը օրինական է, հիմնավոր է, որից հետո ի գիտություն է ընդունել ՀՔԾ պետի ասածները եւ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին է փոխանցել տեղեկատվությունը, որ ՀՀ-ում այսպիսի գործընթացներ են կատարվում: «Այսօրվա դրությամբ, ես կարող եմ ասել`ոչ, այդպիսի խնդիրներ չի առաջացնում: Որովհետեւ, եթե խնդիրները ծագել են, համենայնդեպս, մենք ժամանակին նրանց տեղյակ ենք պահել: Այսօր արդեն այդ խնդիրները ես համարում եմ հարթված»:

Միհրան Հակոբյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակումը բավական բարդ գործընթացով է եղել եւ հավաստիքներ ուզեց վարչապետից, որ Խաչատուրովի ետ կանչման սկսված գործընթացից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը, մնալու է Հայաստանին:

Պատգամավորը նաեւ նկատեց, որ համացանցում հայտնված ձայնագրության մեջ վարչապետի նշանակած ՀՔԾ պետը «ոչ կոռեկտ» արտահայտություններով է խոսում մի գեներալի մասին, որին  իր պաշտոնում ընտրել են ՀԱՊԿ երկրների ղեկավարները: Նիկոլ Փաշինյանը նախ նկատեց`պատգամավորի մեջբերած հատվածում ոչ մի ոչ կոռեկտ բան չի լսել, ապա հեգնեց` եթե գաղտնալսվեն պատգամավորի ամենօրյա, աշխատանքային խոսակցությունները բազմաթիվ ոչ կոռեկտ բաներ կլինեն, նաեւ իր խմբակցության անդամների մասին: Բայց դրանք չպետք է քաղաքական իրողություն ընդունել: Պատգամավորը տեղից արձագանքեց`նման բան չի լինի:

«ՀՀ ներկայացուցիչը նշանակվել է ժամկետով: Անձը չի նշանակվել: Ես ունեմ հիմք կարծելու, որ այդ ժամկետը կպահպանենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930