Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի նոր քաղաքապետին պետք չի ունենալ հին աշխատանքի մեթոդների մասին որեւէ փորձ, դա մենակ վնաս կտա». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 12,2018 20:40

«Որոշ մարդիկ մտածում են, որ կարող են հաղթանակը ժողովրդի ձեռքից խլել: Ուրեմն մեր բոլորի տեղը ես իրանց ասում եմ՝ չե՛ք կարող, չի՛ լինի»,- այսօր քարոզարշավի շրջանակներում հրավիրած հանրահավաքին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ վերջապես ժողովուրդն է որոշելու, թե ովքեր են լինելու Երեւանի իշխանությունները, լինելու են իսկապես ազատ, թափանցիկ ընտրություններ. Նա ներկայացրեց նախընտրական ծրագիրը՝ քայլերով:

Հանրահավաքին միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ իրենց քաղաքական թիմի մեծագույն առաքելությունն է այնպես անել, որ մարդկանց աչքերի փայլը չխամրի, ամեն տարվա հետ ավելի ուժեղանա. «Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն, որպես ուժեղ եւ ինքնիշխան պետություն, Երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավիտյան»:

Նիկոլ Փաշինյանը բացատրեց նորից, թե ինչու է ինքը պաշտպանել Հայկ Մարությանի թեկնածությունը. «Մեր քաղաքական թիմի այլ անդամներ կարող էին լինել քաղաքապետի թեկնածու, բայց այս ժամանակաշրջանում քաղաքապետի թեկնածուի անձի մեջ մենք շատ կարեւոր համարեցինք, թե ինչ ուղերձ է դրված լինելու այդ ընտրության մեջ: Հայկ Մարությանը մի մարդ է, ով ինքը չարչարանքով, քրտինքով, գիշեր-ցերեկ աշխատելով՝ ստեղծել է իր անունը: Իր անունը իր հորեղբայրը, իր քեռին չի ստեղծել, կաշառքը, ծանոթը չի ստեղծել, ստեղծել է իր անունը քրտնաջան ամենօրյա իր աշխատանքը»: Վարչապետն ասաց, որ եթե Հայկ Մարությանը, օրինակ, սպասեր, թե երբ է որեւէ նախարար, որեւէ վարչապետ, որեւէ քաղաքապետ, որեւէ տնօրեն իրեն ձեռք մեկնելու, օգնելու, որ ինքը ոտքի կանգնի,ինքը հնարավոր է մինչեւ հիմա սպասեր. «Ինձ համար ամենակարեւորը էդ սիմվոլն է, նոր Հայաստանում պետք է ամենաշատը խրախուսվի աշխատանքը, անձի տաղանդը, անձի ինքնավստահությունը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենածանր բանը, որ զգում է վարչապետի պաշտոնում, այդ կարգավիճակում, այն է, որ տեսնում է՝ հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր սպասում են, որ կառավարությունը իրենց բոլոր հարցերը կլուծի. «Պետական համակարգը այնքան դանդաղաշարժ համակարգ է, մենք պետք է մտածենք համակարգի ճկունությունն ապահովել»: Ըստ Փաշինյանի, աշխարհի բոլոր երկրներում, երբ տեղի է ունենում հեղափոխություն, տնտեսական անկում ու ցնցումներ են լինում, բայց Հայաստանում նման բան տեղի չի ունեցել. «Այն տնտեսական աճը, որ ՀՀ-ում արձանագրել ենք, դա մեզ չի գոհացնում, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ տնտեսական աճ է արձանագրվել՝ անկման փոխարեն: Կառավարությունը գործում է 7 չափիր, 1 կտրիր սկզբունքով, որովհետեւ եթե կտրես, էլ չի կպնի, կարկատանով է լինելու: Կառավարությունը չի լուծում մարդկանց խնդիրները այն արագությամբ, ինչ իրենք կուզեին: Բայց կառավարությունը պայմաններ է ստեղծել՝ բոլոր մարդիկ հավասար են հարկայինի, մաքսայինի առաջ, ես ուզում եմ, որ հանրապետությունում Հայկ Մարությանի օրինակը շատերին ոգեւորի, որ չսպասեն,որ նույնիսկ ամենալավ կառավարությունն իրենց խնդիրները կլուծի, որ մեջքներն ուղղեն, գնան, հարստանան, ով լավ բիզնեսմեն է՝ բիզնես անի, պարտադիր չի բոլորը խանութ բացեն ու ինչ-որ բան վաճառեն»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Մարությանի հասցեին քննադատություններին. «Շատ է խոսվում՝ կառավարման փորձ չունեն, էն կառավարման փորձը, որ Հայաստանում սովորաբար եղել է, էդ կառավարման փորձը ոչ մեկին պետք չէ: Երեւանի նոր քաղաքապետին պետք չի ունենալ հին աշխատանքի մեթոդների մասին որեւէ փորձ, դա մենակ վնաս կտա: Մենք բոլորս հաղթական քաղաքացի լինելու այսպիսի փորձ չունենք, բայց դա մեզ չի խանգարել կերտել նոր Հայաստան, եթե մենք մնայինք խեղճացած, ընտրակաշառքի համար ձեռք պարզած քաղաքացու, տնօրենից վախեցողի փորձի մեջ, քուչում պպզածից վախեցող քաղաքացու փորձի մեջ, մենք այսօր կունենայինք այստեղ բոլորովին ուրիշ պատկեր, ամեն օր մեր բախտը կանիծեինք, կասեինք՝ երկիրը երկիր չի, իսկ այսօր մենք ասում ենք՝ աշխարհի ամենաբախտավոր ժողովուրդն ենք, ովքեր ապրում են աշխարհի ամենաչքնաղ երկրում, որտեղ ապրում են աշխարհի ամենահզոր քաղաքացիները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930