Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եք չանհանգստանալ. Սաշիկ Սարգսյանի կապիտալը չի կարող Հայաստանից դուրս գալ». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 12,2018 20:30

«Հարցս վերաբերվում է ներդրումային եւ տնտեսական քաղաքականությանը, եթե դա ընդհանրապես գոյություն ունի: Ես հասկանում եմ, որ դուք հանրահավաքների, կոռուպցիայի դեմ պայքարի, ֆրանսերենի դասերի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես ձեզ պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին»,- այսօր-ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեգնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Իսկ շատ մտահոգիչ փաստը`միջազգային վերլուծաբանների հրապարակած թիվն էր, ըստ որի, այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում ներդրումների ծավալը նվազել է 40 տոկոսով: Կարինե Աճեմյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը 3,5 ժամանոց հանդիպում է ունեցել Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ, որից հետո թե մամուլում են հրապարակումներ եղել, թե որոշ գործարարներ են հայտարարել, որ կարող են իրենց ակտիվները հանել ՀՀ-ից:

Պատգամավորը նաեւ նկատեց, որ վարչապետն, ընդհանրապես հայտարարություններ է անում, որոնք վտանգում են ներդրումային դաշտը. «Արդյոք ձեր այդ հայտարարություններով եւ սպառնալիքներով չե՞ք վտանգում մեր տնտեսությունը, որովհետեւ մարդիկ, ովքեր ձեզ ցանկացել են տեսնել վարչապետի աթոռին, հույսերը հիմնականում կապված են եղել սոցիալական վիճակի հետ»:

Վարչապետը հակադարձեց`բոլոր միջազգային կառույցները, բոլոր ժամանակներում արձանագրել են, որ կոռուպցիան, մենաշնորհները-օլիգարխիան եւ կոռումպացված դատական համակարգը խոչընդոտում են տնտեսության զարգացմանը: Ինքը կարծում է, որ կոռուպցիայի դեմ իր կառավարության պայքարը հենց ներդրումային միջավայր ստեղծելու համար է:

«Ըստ էության, կարող ենք ասել, որ կոռուպցիան ՀՀ-ում ջախջախված է, մենաշնորհներ չկան ՀՀ-ում եւ անկախ դատական համակարգի ձեւավորումը ընթացքի մեջ է»,- ասաց վարչապետը` պատգամավորի մտահոգությունները փարատելով`հունիս ամսին ունեցել ենք 9,6 տոկոս, իսկ հուլիս ամսին`11,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Նիկոլ Փաշինյանը սրանք շատ լուրջ ցուցանիշներ է համարում: Նաև հավելում`մեր բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են, քան երբեւէ, բանկային համակարգի ակտիվները վերջին ամիսներին աճել են շուրջ 100 միլիոն դոլարով, վարկային պորտֆելը նույնպես լրջագույն աճ է ունեցել: Պատգամավորի նշած ժամանակահատվածում, ըստ վարչապետի, տնտեսական ակտիվություն չի եղել, քանի որ ապրիլ ամսին նաեւ ՀՀԿ խմբակցության հետ կապ ունեցող մարդիկ որոշել էին իրենց փողերը ՀՀ-ից հանել, դրա համար էլ այդպիսի ցուցանիշներ են եղել:

«Բայց ես հավաստիացնում եմ ձեզ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն եւ ետ կբերվեն ՀՀ եւ դրանով ձեր բոլոր մտահոգությունները կփարարտվեն»,- ասաց վարչապետը` հավելելով, որ ի գիտություն է ընդունելու բոլոր մտահոգությունները, լսելու է քննադատությունները եւ դրանցից հետեւություններ է անելու: Նաև ասաց, որ պատգամավորի նշած մի քանի բաներից տեղյակ չէ, անպայման կտեղեկանա, հետո եզրակացություն կանի:

Պատգամավորը հակադարձեց`բանկային գաղտնիքների հրապարակումը ներդրումների աճին չի նպաստում: Նա պնդեց, որ վարչապետը անդրադառնա Մոսկվայում գործարարների հետ իր հանդիպմանը եւ Ռուբեն Վարդանյանի որակումներին, որ վարչապետը խոսում է լոզունգներով: Կարինե Աճեմյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի բերած տնտեսական ցուցանիշները, իր տեղեկություններով, կապված են ֆուտբոլային խաղադրույքների հետ:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում անշարժ գույքի առք ու վաճառքը մոտ 35 տոկոսով աճ է արձանագրել, նաեւ Երեւանում անշարժ գույքի գներն էական աճել են, սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար: «Բանկային գաղտնիքի վերաբերյալ. եթե դուք նկատի ունեք Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի բանկային միայն մեկ հաշվին`30 մլն դոլար, էն մյուսների գաղտնիքը դեռ պահում եմ, չեմ ասում: Կարող եք չանհանգստանալ, այդ կապիտալը Հայաստանից չի կարող դուրս գալ, որովհետեւ դրա վրա կալանք է դրված»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Մոսկվայի գործարարների հետ հանդիպումը շատ լավ մթնոլորտում է անցել, ինքն էլ շատ լավ է վերաբերվում իր կառավարության հասցեին ուղղված քննադատությանը`թե Ռուբեն Վարդանյանի, թե Կարինե Աճեմյանի կողմից հնչեցված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930